կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-05 16:22
Իրավական

Գոնե մի բան անեիք, սխալ անեիք, բայց բան չեք արել. մահացած երեխայի հայրը` բժիշկներին

Գոնե մի բան անեիք, սխալ անեիք, բայց բան չեք արել. մահացած երեխայի հայրը` բժիշկներին

«Էնպես է ստացվում, որ իմ էրեխեն կողքիս նստած է, ես եկել եմ կապիկություն եմ անում էստեղ»,- դատարանում վրդովված իր խոսքն ասաց Գեորգի Միսակյանը` մահացած երեխայի հայրը: Այնուհետև նա դիմեց մեղադրյալի աթոռին նստած երկու բժշկուհիներին. «Գոնե մի բան անեիք, սխալ անեիք, կասեինք` ոչինչ: Բան չեք արել»:

 

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Արաբկիր» ԲՀ-ի բժիշկներ Զարուհի Այվազյանի և Լիլիթ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը:

 

Արդեն երրորդ դատական նիստն է, ինչ հարցաքննվում է փորձագետ Գագիկ Հարությունյանը: Այսօրվա նիստի ընթացքում Զ. Այվազյանի փաստաբան Երեմ Սարգսյանը շարունակեց հարցաքննությունը: Նախ քննվում էր այն հարցը, թե, բժշկագիտության տեսանկյունից, մեկ րոպեում քանի շնչառական ակտն է համարվում հաճախաշնչություն:

 

Մասնավորապես` գրականության մեջ նշվում է, որ մեկ րոպեում 40-ից ավելի անգամ շնչելն է համարվում հաճախաշնչություն: Իսկ մահացած երեխայի պատմագրում նշվում է, որ նրա մոտ եղել է 30-32, հետևաբար, փաստաբանի դիրքորոշմամբ, սա նշան չէր այն բանի, որ «բժիշկը գործ ունի թոքաբորբի հետ»:

 

Փորձագետը դեռևս նախորդ նիստին նշել էր, որ կասկածում է, թե պատմագրի մեջ սխալ է նշված եղել, երեխան առնվազն 40-ից ավելի է շնչելիս եղել: Սակայն, բացի հաճախաշնչությունից, կան այլ ախտանիշեր ևս, որոնք հուշում են թոքաբորբի առկայության մասին: Մեղադրող դատախազը հայտարարություն արեց, թե կան ապացույցներ, մասնավորապես` ծնողի տեսաձայնագրումները, որոնցից ակնհայտ է, որ երեխան րոպեում ոչ թե 40, այլ 50 և ավելի անգամ է շնչում:

 

Փաստաբան Ե. Սարգսյանը հարց տվեց նաև այն մասին, թե արդյո՞ք այս փորձագետն իր կարիերայի ընթացքում սխալներ է թույլ է տվել: Փորձագետը նշեց, որ նման բան չի եղել. «26 տարի աշխատել եմ, որևիցե անգամ, Աստված մի արասցե, «բախտ չի վիճակվել» սխալվելու»:

 

Սակայն փաստաբանը հիշեց մեկ այլ քրեական գործ, երբ արամուսցի դպրոցահասակ աղջկա վերաբերյալ տրված փորձագիտական եզրակացությունը հետագայում հերքվել էր: Դատարանն առարկեց, որ մեկ այլ քրեական գործից մեջբերումներ արվեն, ինչին ի պատասխան, Ե. Սարգսյանը նշեց, որ իրավունք ունի փորձագետի ձեռնահասությունը պարզելու: Սակայն դատարանը` ի դեմս նախագահող դատավոր Լևոն Ավետիսյանի, նշեց, որ այդ հարցը քննվում է մինչև փորձագետի ընտրությունը:

 

Իսկ փորձագետ Գագիկ Հարությունյանն այլ` հիշյալ քրեական գործի վերաբերյալ ասաց, թե մարդիկ անսխալական չեն, թեև ինքը տեղյակ չի եղել, որ այդ գործով իր եզրակացությունը հերքվել է. «Դուք էլ եք քննիչ եղել, փաստաբան եք աշխատում, չստացված գործեր կունենաք…»:

 

Հարցաքննության ընթացքում քննվեցին նաև այն հարցերը, թե ինչ փորձաքննություններ են կատարվել, և թե որքանով են դրանք վստահելի: Մասնավորապես` փաստաբան Ե. Սարգսյանը նշեց, որ մանրէաբանական և վարակաբանական փորձաքննություններ չեն կատարվել` փորձագիտական եզրակացություն տալու համար: Սակայն փորձագետը նշեց, որ կատարվել է հյուսվածքաբանական փորձաքննություն, որի արդյունքները գրեթե 100 տոկոս ճշտությամբ են:

 

Այսօրվա նիստը նույնպես բավական լարված էր անցնում: Ընդմիջման գնալուց առաջ փորձագետն ասաց. «Տպավորություն է, որ ես նոր պետական քննություն եմ հանձնում»:

 

 Նշենք, որ երեխան 2012 թվականի դեկտեմբերի 31-ին տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 2013-ի հունվարի 2-ին` մահացել: Համաձայն մեղադրականի` «Արաբկիր» ԲՀ-ի բոքսային բաժանմունքի մանկաբույժներ Լիլիթ Վարդանյանը և Զարինե Այվազյանը ոչ պատշաճ են կատարել մասնագիտական պարտականությունները՝ անփույթ վերաբերմունքի հետևանքով անզգուշությամբ առաջացրել են բուժվող հիվանդի մահ: