Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր, նախկինում դատված` 59-ամյա Սուրեն Գաբրիելյանի` քաղաքացիական հիվանդանոցից փախուստի դիմելու դեպքի մասին:
Հիշեցնենք, որ կալանավորը փախուստի էր դիմել սեպտեմբերի 16-ին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից: Փաստի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն, ինչպես նաև հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածով:
Մեր տեղեկություններով` կալանավորը մայիսի 22-ից բուժվում էր հիվանդանոցի 2-րդ հարկում գտնվող լյարդաբանական բաժանմունքում: Փախուստի օրը նրա նկատմամբ հսկողություն է իրականացրել քրեակատարողական ծառայության 3 աշխատակից. երկուսը գիշերել են հարևան սենյակում, իսկ մեկը հերթապահել է կալանավորի հիվանդասենյակում: Տարօրինակ է այն հանգամանքը, որ կալանավորի բացակայությունը հիվանդանոցում նկատել են միայն առավոտյան:
Հիվանդանոցից նրա դուրս գալը չի նկատել նաեւ հիվանդանոցի պահակը: «Առավոտյան ժամը 7:30-ին ինձ զանգահարեց բաժանմունքի վարիչն ու հայտնեց կալանավորի փախուստի մասին, սակայն մենք նրա պահպանության հետ որևիցե առնչություն չունենք»,-yerkir.am-ի հետ զրույցում ասաց Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը:
Նա մեզ հետ զրույցում հայտնեց, որ կալանավորի փախուստի դեպք իրենց հիվանդանոցում առաջին անգամ է տեղի ունենում, թեեւ այս կամ այն հիվանդության պատճառով կալանավայրերից հաճախ են հիվանդ տեղափոխում հիվանդանոց: Ըստ Ասոյանի` Գաբրիելյանի երկարատև բուժումը պայմանավորված է եղել հիվանդության ծանրությամբ: «Նա ուներ երկու ծանր դիագնոզ, և նրա հիվանդություններն այնպիսին էին, որ նա պետք է գտնվեր բժիշկների հսկողության տակ»,- ասաց նա: Բժիշկը խուսափեց այլ տեղեկություններ հայտնել` նշելով, որ դրանք բժշկական գաղտնիք են:
Հաշվի առնելով հիվանդի` առողջության վերաբերյալ տվյալները գաղտնի պահելու իրավունքը` մենք ևս զերծ կմնանք Սուրեն Գաբրիելյանի հիվանդությունների անունները հրապարակելուց: Ընդամենը նշենք, որ նրա հիվանդությունները դասվում են ՀՀ կառավարության կողմից սահմանված` պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքը:
Մեր տեղեկություններով` Գաբրիելյանի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությանը կից ստեղծված հանձնաժողովի նիստում պարզվել էր, որ կալանավորի մոտ առկա են պատժին խոչընդոտող հիվանդություններ (ընդ որում` նա ձեռնափայտով էր տեղաշարժվում), և որ մոտ օրերս նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվելու էր չհեռանալու մասին ստորագրությամբ: Ի դեպ, գուցե հենց այս հանգամանքն էլ առիթ է հանդիսացել, որպեսզի կալանավորի նկատմամբ հսկողություն իրականացնող քրեակատարողական ծառայության աշխատակիցները «հանգիստ» քնեն:
Ինչևէ, թեև այս վարկածը հնարավոր է հետագայում առաջ քաշեն նաև ծառայողները, ովքեր արդեն իսկ կանգնած են պատասխանատվության առջև, սակայն առավել ուշագրավ մեկ այլ վարկած կա: Ըստ որոշ տեղեկությունների կալանավորի փախուստը նախապես ծրագրված է եղել, և դրա մասին տեղյակ է եղել անգամ հիվանդանոցի ղեկավարությունը: Սակայն մեզ հետ զրույցում Արա Ասոյանը դրանք համարեց բամբասանքի մակարդակի խոսակցություններ` խորհուրդ տալով նման տեղեկություններ տարածողներին` զբաղվել իրենց գործով:
Կալանավորին ճանաչողները գիտեն, որ նա «պատահական» մարդ չէ, իսկ նրա փախուստի պարագայում գրեթե զրոյացված է նրա կողմից «փոշիացված» գումարները վերադարձնելու հավանականությունը (ներկայումս նրան մեղսագրված արարքները կապված են առանձնապես խոշոր չափերի գումարների հետ): Ի դեպ, կատարվածից, ավելի շուտ` նրա փախուստի վերաբերյալ ինֆորմացիոն արտահոսքից անգամ անհանգստացած են ամենավերին օղակներում:
Նշենք, որ Գաբրիելյանը ներկայումս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով(առանձնապես խոշոր չափերով խարդախությունը), 190 հոդվածի 2-րդ մասի, 2-րդ և 3-րդ մասի, 1-ին կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի եկամուտներն օրինականացնելը):
Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Օրեր առաջ քրեական գործը Քննչական կոմիտեից փոխանցվել է ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից էլ պետք է հասցեագրվեր Հատուկ քննչական ծառայությանը: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Միասնական քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Սոնա Տռուզյանը: Մեզ հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը նշեց, որ այսօր առավոտյան գործն ուղարկվել է ՀՔԾ: Սակայն այդպես էլ մեզ չհաջողվեց պաշտոնական աղբյուրից ճշտել, թե ի՞նչ ընթացքում է գործը, արդյո՞ք ձերբակալվել են կալանավորի նկատմամբ հսկողություն իրականացնող քրեակատարողական ծառայողներ, թե՞ ոչ: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից էլ տեղեկացանք, որ դեպքի առթիվ նշանակված ծառայողական քննությունը դեռևս ընթացքի մեջ է:
Կալանավորի «անհետացումը» մնալու է մեր ուշադրության կենտրոնում: