կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-30 18:21
Իրավական

2 տարեկան երեխայի մահվան գործով դատավարությունը շարունակվում է

2 տարեկան երեխայի մահվան գործով դատավարությունը շարունակվում է

Երկու տարեկան Լիա Միսակյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործով դատավարությունը շարունակվում է: Այսօր դատական նիստի ժամանակ հարցաքննվեց վերջին վկան` «Արաբկիր» ԲՀ-ի բոքսային բաժանմունքի բուժքույր Արմինե Կարապետյանը:

 

Ա. Կարապետյանը դատարանին հայտնեց, որ հերթապահությունն ընդունել է 2013թ. հունվարի 1-ի առավոտյան՝ ժամը 09:00-ին` բուժքույր Լարիսա Վարդանյանից: Իրեն հայտնել են, որ երեխայից արյան անալիզ վերցվել է, սակայն չէր հիշում`  հիվանդների անկետայում կցվա՞ծ են եղել անալիզի պատասխանները, թե՞ ոչ: Նա նշեց նաև, որ իր հերթապահության ժամանակ երեխայի անալիզների պատասխանների վերաբերյալ որևէ զանգ չի եղել լաբորատորիայից։

 

Այնինչ` դատախազը հարցաքննության ժամանակ նշեց, որ  նախորդ նիստերից մեկի ժամանակ լաբորատորիայի աշխատակիցը հայտնել է, որ զանգահարել է բոքսային բաժանմունք, ասել, որ երեխայի անալիզների մեջ շեղումներ կան:

 

Ինչ վերաբերում է կղանքի և մեզի անալիզներին, ապա դրանք, ըստ բուժքրոջ, իր հերթափոխի ժամանակ չեն վերցվել, թեև բժշկի կողմից նշանակված անալիզներ են եղել: Պատճառը եղել է այն, որ անալիզների համար տրված սրվակները ծնողները շփոթել են` մեզի սրվակի մեջ կեղտն են վերցվել: Բուժքրոջ խոսքով` ինքը նոր սրվակներ է տվել նրանց: Սակայն երեխան մահացել է հաջորդ օրը, իսկ կեղտի անալիզն այդպես էլ լաբորատրիա չի տարվել, մնացել է բաժանմունքի զուգարանում:

 

Դատավորի հարցին, թե արդյո՞ք իրենք պատասխանտու չեն այդ անալիզների նմուշները վերցնելու համար, բուժքույրը բացատրեց, թե երբ ծնողը նմուշը վերցնում է, պետք է իրենց տեղեկացնի այդ մասին, իսկ ծնողը չի արել դա: Գործով նախագահող դատավոր Լևոն Ավետիսյանը հակադարձեց. «Այսինքն` ամեն ինչ ծնողը պետք է անի, իսկ բուժաշխատողներն անելիք չունե՞ն»:

 

Վկան իր ցուցմունքներում նշեց նաև, որ հերթափոխն ընդունելուց որոշ ժամանակ անց` առավոտյան, երեխայի մայրը իրեն ասել է, թե երեխան լավ է արդեն, ցանկանում են տուն գնալ: Այդ մասին ինքը հայտնել է այդ օրվա հերթապահ բժշկին` գործով ամբաստանյալ Զարինե Այվազյանին, ով էլ ասել է, որ նման բան պետք չի անել, երեխան պետք է հսկողության տակ լինի, և որ եթե, այնուամենայնիվ, ցանկանան գնալ, ապա ծնողները պետք է փաստաթուղթ ստորագրեն, որ հրաժարվում են բուժօգնությունից:

 

Տուժողի ներկայացուցիչ` Լիա Միսակյանի հայրը` Գեորգի Միսակյանը, վկային ճշգրտող հարց տվեց, թե իրենք ուզեցել են տուն գնալ` ասելով` երեխան լա՞վ է, թե՞ ասել են` տուն են գնում, որովհետև էստեղ համապատասխան բուժօգնություն չի ցուցաբերվում: Վկան պնդեց իր ասածը, ինչը Գեորգի Միսակյանին վրդովեցրեց. «Էդ սուտ խոսելու համար…»:

 

Երբ դատարանը հարցեր էր տալիս վկային, հարցերի որոշ ձևակերպումների դեմ առարկություններ ներկայացվեցին ամբաստանյալների փաստաբանների` Երեմ Սարգսյանի և Գիվի Հովհաննիսյանի կողմից: Խնդրեցին զերծ մնալ գնահտականներ տալուց և կանխակալ վերաբերմունք չարտահայտել` մասնավորապես` նման ձևակերպումներ անելով` «աչք են փակել», «արհամարհել են»:

 

Երբ դատավորը Գ. Հովհաննիսյանին հորդորեց` «մի ոգևորվեք», նա պատասխանեց. «Կարծես, արդեն դատավճիռը որոշված է»:

 

Փորձագետների վկայությունները դատարանը կլսի մայիսի 14-ին: