Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նախկին պետ Սամվել Հարությանյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը մոտենում է ավարտին: Այսօրվա նիստում պաշտպանական ճառ ներկայացրեցին փաստաբան Վահագն Մարտիրոսյանը և ամբաստանյալը:
Համաձայն մեղադրականի` Սամվել Հովհաննիսյանը կազմակերպել է «Գորիս» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Ջամալ Սլոյանի սպանության նախապատրաստությունը: Նաև մեղադրվում է այն բանի համար, որ «Սամոշ» ՍՊ ընկերության կողմից կառուցվող բազմաբնակարանային շենքի երկու բնակարանների վերաբերյալ Ս.Հովհաննիսյանը կնքել է կրկնակի գործարքներ և «խարդախությամբ՝ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, հափշտակել է այդ բնակարանների համար վճարված առանձնապես խոշոր չափերի գումարները»:
Առաջին մեղադրանքի մասով նշվում է, որ Ջամալի սպանությունը իբր պատվիրել է Ռուսաստանում ապրող Մրազ Շարոյանը` վրեժ լուծելու նպատակով, քանի որ Ջամալը սպանել է իր եղբորը, ինչի համար էլ դատապարտվել է ազատազրկման:
Գործի նյութերի համաձայն` Սամվել Հովհաննիսյանը սպանությունը նախապատրաստելու համար կապ է հաստատում իր նախկին «գործակալ», գործով վկա Ռոբերտ Տոնոյանի հետ, նրան հայտնում, որ պատվիրատուն 30 հազար դոլար է խոստանում, որը պետք է բաժանվի իր, սպանությունն իրականացնողի և Ս. Հովհաննիսյանի միջև: Կատարողը պետք է լիներ դատապարտյալ, «Պրոֆեսոր» մականունով «հեղինակություն» Արթուր Խուրշուդյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում, նաև պաշտպանական ճառում Վահագն Մարտիրոսյանը նշեց, որ իր պաշտպանյալի դեմ մեղադրանքի հիմքում երեք վկայի` Ռաֆայել Հովհաննիսյանի, Ռոբերտ Տոնոյանի և Արթուր Խուրշուդյանի ցուցմունքներն են, որոնք տրվել են շահադիտական նպատակներով, չեն բխում արդարադատության սկզբունքներից:
Ռոբերտ Տոնոյանը մի քանի անգամ դատապարտվել է, եղել է տարբեր քրեակատարողական հիմնարկներում, համագործակցել է իրավապահ մարմինների հետ: Շուրջ 22 տարի ճանաչել է Ս. Հովհաննիսյանին, սակայն մոտ տասը տարի չեն շփվել և 2003-ին բաժանվել են «նեղացած» (այս մասին ասաց ամբաստանյալը):
Դրանից հետո, փաստաբանի խոսքով, Ռ. Տոնոյանը հայտնվել է և խնդրել Սամվել Հովհաննիսյանին` օգնել արտադրության մեջ կիրառվող կարբամիդ քիմիական նյութ գնելու հարցում: Մեղադրյալը համաձայնել է: Սակայն որոշ ժամանակ անց հասկացել է, որ իր դեմ «խաղում» են, բայց ներգրավվել է այդ խաղի մեջ` որոշակի հանգամանքներ բացահայտելու համար:
Ռոբերտ Տոնոյանը Սամվել Հովհաննիսյանի հեռախոսազրույցները գաղտնի ձայնագրել է (ի դեպ, դրանք դատարանի կողմից անթույլատրելի ապացույցներ են ճանաչվել, քանի որ դրանք կատարվել են անօրինական ճանապարհով): Այնուհետև այդ ձայնագրությունները ներկայացրել է ԱՆ քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանին, ով էլ ուղղորդել է նրան` դրանք հանձնել իրավապահ մարմիններին:
Փաստաբան Վ. Մարտիրոսյանը մատնանշում է այն հանգամանքը, թե ինչու Տոնոյանը այդ ձայնագրությունները նախ ոստիկանություն չի ներկայացրել, այլ ներկայացրել է Ռ. Հովհաննիսյանին, ով ժամանակին եղել է իր պաշտպանյալ Սամվել Հովհաննիսյանի տեղակալը, և նրանց մեջ խնդիրներ են եղել:
«Նրա բարեկամներից մեկը թմրանյութերի հետ առնչություն է ունեցել և դրա համար դատապարտվել է, դատապարտվել է հենց Սամվել Հովհաննիսյանի ջանքերով: Ըստ էության` չի բացառվում, որ այդ ամենի հետևում եղել է հենց Ռաֆայել Հովհաննիսյանը, փորձել է «մուռ» հանել: Սա ենթադրություն է, իհարկե, և ենթադրությունները փարատելու պարտականությունը պաշտպանական կողմի վրա չէ դրված»,- նշեց փաստաբանը:
Նա ասաց նաև, որ ենթադրություններն ու կասկածները փարատելու, ցուցմունքների անաչառությունն ապահովելու պարտականությունը դրված է մեղադրող կողմի վրա, և դա համապատասխան կերպով չի արվել: Ավելին` նախաքննական մարմնի կողմից կատարվել են կեղծիքներ, որոնք դատարանում մեղադրողի կողմից որակվել են ընդամենը «վրիպակ»: Անտեսվել, գործին չեն կցվել ապացույցներ, որոնք հօգուտ պաշտպանյալի են:
Ըստ փաստաբանի`գործում չկա գեթ մեկ անկողմնակալ, թույլատրելի ապացույց, որն ապացուցում է իր պաշտանյալի մեղքը: Կան կասկածներ, և դրանք պետք է մեկնաբանվեն միայն հօգուտ մեղադրվող անձի, և չպետք է խախտվի նրա անմեղության կանխավարկածը, քանի դեռ մեղքն ապացուցված չէ:
Պաշտպանական կողմը միջնորդեց երեք վկաների ցուցմունքները, որոնք դրված են մեղադրանքի հիմքում, և որոնք, սակայն, տրվել են շահադիտական նպատակներով, չգնահատել որպես ապացույց, արդարացնել իր պաշտպանյալին և անհապաղ ազատ արձակել դատարանի դահլիճից:
Նշենք, որ մեղադրողը նախորդ նիստում մեղադրական ճառում միջնորդել էր Սամվել Հովհաննիսյանին դատապարտել 14 տարվա ազատազրկման:
Հավելենք նաև, որ Ջամալ Սլոյանը, Ռոբերտ Տոնոյանը և Արթուր Խուրշուդյանը ներկայումս գտնվում են ազատության մեջ:
Ա.Կ.