կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-23 17:30
Առանց Կատեգորիա

Բանավիճելու օրը չէ, բայց ի՞նչ արած

Բանավիճելու օրը չէ, բայց ի՞նչ արած

Ցեղասպանության տարելիցի հետ կապված` բազմաթիվ հայտարարություններ են հնչում: Տեղի ունեցածը վերապատմելու, ասվածը վերաասելու, տարիներ շարունակ չլքող մտքերը նորովի ու նոր շարադրանքի մեջ վերահրապարակելու մեծ հևք կա այսօր: Բնական է արտահայտվելու այդ մղումը, այդ մղումի ավելցուկն անգամ շատ բնական է: Բայց ինչո՞ւ օգտվել հարմար առիթից ու տեսակետ հրել առաջ, տողատակում բան թաքցնել, բան հուշել, հասկացնել, բան ցույց տալ բոլորովին այլ` այս օրվան ոչ հարիր մղումներով: Դժվար է հասկանալ մարդկային այդ տեսակին:

 

Տիգրան Խզմալյան`չհաջողված ռեժիսոր, երիցս չհաջողված քաղաքական ու հասարակական գործիչ: Որպես առաջին գնահատականի ապացույց` նրա «Սարդարապատ» հակապատմական ֆիլմը, իսկ որպես երկրորդի ապացույց` նրա գլխավորած «Նախախորհրդարան» և մյուս շարժումները: Այլ օր լիներ` աչք կփակեի երևի, որովհետև գիտեմ` խևին խրատը բան չի անում: Բայց այսօ՞ր… Երբ չկա դրա կարիքը, երբ կա ցավը լուռ վերապրելու մի պարզ ներքին պահանջ, արժե՞ր անդրադառնալ Տիգրանի մտքի ճղճիմ գալարմունքին: Չգիտեմ, բայցև անդրադառնում եմ:

 

Ի՞նչ են գրել սրանք «Նախախորհրդարանի» հայտարարության մեջ, որ օրվա պահանջով վերնագրել են`«Մեծ եղեռնի 99-ամյակի առթիվ»: Խնդրեմ. «Հայ ժողովուրդը միայն 1915 թ. աղետալի ցնցումից հետո հասկացավ, որ պիտի բացառապես ապավինի ինքն իրեն: Եվ, չնայած Ցեղասպանության ահռելի կորուստներին, մեր ժողովուրդն այնքան ուժ գտավ իր մեջ, որ կարողացավ իրագործել Սարդարապատի հրաշքն ու ստեղծել հայկական պետություն: Սակայն հետագայում բավարար չափով գիտակից ու կազմակերպված չլինելու պատճառով մենք կորցրեցինք և՛ պետական ինքնիշխանությունը, և՛ մի շարք կենսական տարածքներ»: Այս փոքրիկ հատվածի մեջ Տիգրան Խզմալյանը կարողացել է պատմությունն իր քիմքին հաճո ներկայայացնելու հերթական առիթն օգտագործել: Քանի՞ անգամ կարելի է այս մարդուն ասել, որ հատկապես 1915 թվական տեսած ժողովուրդը չէր կարող ինքնուրույն Սարդարապատ արարել, որ նման բան չի լինում, քանի՞ անգամ կարելի է հասկացնել, որ ժողովուրդը չի կարող ինքնակազմակերպվել այնպես, որ հաղթի թշնամական կանոնավոր բանակներին` այն էլ երեք հերոսամարտերում: Հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա այն մասին, թե ով ոտքի հանեց, ով զինեց այդ ժողովրդին, ով մարտական ջոկատներ հանեց դեպի երկրի սիրտը սողացող թշնամու դեմ: Վերջապես, ոչ մի խոսք այն մասին, թե ով պետություն ստեղծեց:

 

Խելքի որոշակի չափանիշ է պետք, որպեսզի քաղաքական գործչի հակումներ ցուցաբերող մարդը, անտեսելով բոլոր փաստերը, չհայտարարի, որ պետականությունը կորցրեցինք բավարար չափով գիտակից և կազմակերպված չլինելու պատճառով: Սա ակնհայտորեն փակուղի մտցնող հայտարարություն է, որովհետև դու այդ դեպքում չես կարող բացատրել այսօրվա անկախության փաստը: Որտեղի՞ց մեզ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը, օդի՞ց: Այս փակուղում հայտնվելուց հետո բոլոր անճարակ պատմաբաններն էլ Տիգրան Խզմալյանի խոսքն են կրկնում. «Խորհրդային կայսրության փլուզման շնորհիվ մենք, որպես նվեր, ստացանք այսօրվա Հայաստանը: Հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչո՞ւ այդպիսի մի նվեր էլ պետականություն չունեցած ժողովուրդներից մեկը չստացավ: Ժամանակը չէ՞, որ Տիգրան Խզմալյանն, ի վերջո, գիտակցի, որ այս հանրապետությունն իր գոյությամբ պարտական է 1918-1920 թվականների Հայաստանի Հանրապետությանը, որն, այո, երկար կյանք չունեցավ, բայց ոչ թե Տիգրան Խզմալյանի ասած անկազմակերպվածության, այլ երկու բարեկամ կայսրությունների միջև ծվեն-ծվեն արվելու պատճառով:

 

Հուսանք պարոն Խզմալյանը հասկացավ, թե խոսքն ինչի մասին է: Իսկ եթե տակավին բացատրությունների կարիք է զգում, նրան խորհուրդ կտամ իր հայտնի «Սարդարապատ» ֆիլմի մասին պատմաբանների կարծիքները վերաթերթել: Նույնիսկ ոչ վաղ անցյալի իրողությունները կարիք ունեն վերանայման, երբ հանրային հնչեղություն ենթադրող որևէ խոսք ես նախապատրաստում:

 

Էդիկ Անդրեասյան