կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-11 14:27
Քաղաքական

Սերժ Սարգսյանի կեղծ երդումները

Սերժ Սարգսյանի կեղծ երդումները

Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ, շնորհակալություն հայտնել նրանց կատարած աշխատանքի համար, ապա խնդրո առարկայի` սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ հանդես եկել հայտարարությամբ:

 

Հատկանշական է, որ ինչպես Սահմանադրական դատարանի վերջին որոշումը, այնպես էլ Ս. Սարգսյանի խոսքը, մասնավորապես` երդման հատվածով /ինչպես կտեսնենք ստորև/, շատ նման են իրար` երկուսն էլ նույնչափ երկիմաստ են և իրար հակասող:

 

«…Պաշտոնապես հայտարարում եմ,- ասել է նախագահը,- որ ես` Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար»: Սա ուշագրավ հայտարարություն է, որովհետև Ս. Սարգսյանին ոչ ոք, այդ թվում` բարեփոխման կարիք ունեցող Սահմանադրությունը, չի արտոնել իբրև նախագահի թեկնածու երրորդ անգամ անընդմեջ առաջադրվել: Իսկ եթե նա նկատի ունի, ասենք, 2023-ին կրկին առաջադրվելու հանգամանքը, ապա դժվար թե այնքան խելոք չէ, որ չհասկանա` իր իշխանության տարիները մեր երկրի համար եղել են այնքան անարդյունավետ ու ձախողված, հանրային դժգոհությունն իր իշխանավարումից եղել է այնքան մեծ և լուրջ, որ հնգամյա կամ տասնամյա ընդմիջումից հետո մտածել դարձյալ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին, նշանակում է բան չհասկանալ ռեալ իրականությունից և սեփական քաղաքական կապիտալից:

 

Հետևաբար, ոչինչ չարժեցող երդում է սա, որը, ի դեպ, նախագահի շուրթերից հնչելու իրողությամբ իսկ տարօրինակ է: Բայց նախագահը շարունակում է երդում ուտել. «Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին»: Նախագահի այս հայտարարությունից շատ վերլուծաբաններ վերնագիր ու բնաբան են սարքել` աչքալուսանք տալով, թե նախագահը հրաժարվում է նաև վարչապետական հավակնություններից: Մինչդեռ մարդը շատ հստակ ասում է` «եթե»: Իսկ որքանո՞վ է հավանական նախագահի «եթե»-ն: Հավանական չէ, բացարձակապե’ս: Քանի որ, եթե իշխանությունները որոշել են փոխել Սահմանադրությունը, ուրեմն դա կանեն`թեկուզև բազում տոկոսներ խփելու գնով: Հետևաբար, սահմանադրական բարեփոխումների արդյունքում կառավարման խորհրդարանական մոդելին այլընտրանք չկա, ուստի նա ստիպված չի լինելու հրաժեշտ տալ վարչապետական հավակնություններին. Նա կդառնա վարչապետ, որը Սահմանադրության բարեփոխված տարբերակում լիազորություններով ավելին է, քան հիմա նախագահն է: Եվ այդ դեպքում իր քաղաքական կարիերան, որպես առաջին դեմք, շարունակելու մղումից Ս. Սարգսյանին հետ չի պահի նույնիսկ իր այն համոզումը, թե «նույն մարդը երկու անգամից ավելի պետության ղեկին չպիտի կանգնի»:

 

Ահա, թե ինչու, չկա որևէ պատճառ կամ առիթ Սահմանադրական դատարանի ոճով արված նախագահական հայտարարությունից սենսացիա, իսկ Ս. Սարգսյանից` յուրատեսակ զոհի կերպար սարքելու, զոհ, որն իբր մեծահոգաբար դնում է իր քաղաքական կարիերան հայրենիքի բարգավաճման զոհասեղանին:

 

Բ. Գասպարյան