կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-18 12:41
Քաղաքական

Տիգրան Կարապետյանը շնորհավորում է Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց...

Տիգրան Կարապետյանը շնորհավորում է Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց...

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը համարում է, որ նախագահական ընտրություններում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը եւ շնորհավորում է նրա հաղթանակը: «Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ իմ վերաբերմունքին ծանոթ եք, բայց շնորհավորում եմ»,- ասաց նա այսօրվա ասուլիսում եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը պայմանավորեց նրանով, որ իշխանությունների «Ապահով Հայաստան» կարգախոսը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլեւ հասարակության մի զգալի մասն ատելություն ունի իշխանությունների հանդեպ:

 

Տիգրան Կարապետյանի խոսքով` Րաֆֆի Հովհաննիսյանը իշխանությունների համար գտած մարդ է, եւ նրան պատրաստում են հաջորդ  ընտրություններին: Այլապես, եթե Րաֆֆի Հովհաննիսյանին լուրջ վերաբերվեին եւ նրա սկսած գործընթացից վտանգ զգային, Արթուր Բաղդասարյանի պես կկանչեին ե այնպիսի պաշտոն կտային, որից չէր հրաժարվի:

 

Տիգրան Կարապետյանը վստահ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարող այս պայքարը դեպի հեղափոխություն տանել. «Րաֆֆի Հովհաննիսյանը հեղափոխություն չի անի, նա ուղղակի փորձում է ժողովրդին բարձրացնել, բայց չի բարձրանում, կամաց-կամաց մարում է: Բայց հավատացեք, որ իշխանությանը ձեռք է տալիս այս վիճակը, հասկանալի է, որ դա խաղ է: Մարդկային առումով` քիչ է մնում գնաս, նստես կողքը, բայց չէ՞ որ դա անհատի հարց չի, ժողովուրդն ո՞ւր ա, պետք է նրան ձեռքերի վրա  այսօր Բաղրամյան տաներ»: Իշխանությունը, ըստ նրա, պատրաստ է մեռնել հանուն աթոռի, իսկ Հովհաննիսյանը չի ուզում գնալ կտրուկ քայլերի:

 

«Ժողովրդական կուսակցության» նախագահը համոզված է, որ մի օր վիճակը տրաքելու է, եւ իշխանություններին ժողովուրդը դուրս է շպրտելու: