Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Դեռեւս փետրվար ամսին yerkir.am-ը բազմաթիվ բողոքներ ու դժգոհություններ էր ստացել մի շարք քաղաքացիներից' տնտեսվարողներից, կապված պարտադիր կառուցապատման նորմերը խախտելու համար նշանակված տուգանքների հետ:
Բողոքող քաղաքացիները, մասնավորապես, նշում էին, որ քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաները այցելում են իրենց զբաղեցրած տարածքն այն ժամերին, երբ իրենք չեն աշխատում, ու տուգանում են' առանց նախօրոք զգուշացնելու կամ հիմքերի մասին տեղյակ պահելու: Ընդ որում' տուգանվողները չեն կարողանում հասկանալ, թե ինչի համար են տուգանվել:
Բողոք-դժգոհությունների կապակցությամբ դիմեցինք քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն` ավելի մանրամասն ու մասնագիտական պատասխաններ ստանալու համար: Որովհետեւ, օրինակ, տնտեսվարողները նշում էին, որ եթե իրենք տուգանվել են իրենց տնօրինած օբյեկտի հարակից տարածքներից աղբը չմաքրելու համար, ապա ի՞նչ չափանիշներով է որոշվում, թե ինչն է համարվում աղբ: Օրինակ' սիգարետի մնացորդների կամ պատահական անցորդի կողմից նետված թափոնի համար, որն այդ պահին անմիջապես չի մաքրվել, իրե՞նք պետք է տուգանվեն:
«Ինչո՞ւ իմ ներկայությամբ չեն կատարվում իրավախախտումներն արձանագրելու եւ դրանց համար հետագայում տուգանք նշանակելու համար հիմք հանդիսացող տեսա-լուսանկարահանման գործողությունները, որպեզի ես համոզված լինեմ, որ ինչ-որ բան չեն գցում անձամբ նկարահանողներն ու ստուգողները ու հետո տուգանում...»,- բողոքում էր քաղաքացիներից մեկը' Հակոբը:
Նա, ինչպես նաեւ մեզ դիմած քաղաքացիներից շատերը, նշում էին նաեւ, որ, օրինակ, իրենց օբյեկտի աշխատանքը սկսվում է ժամը 10.00-ից, հավաքարարի աշխատանքը' ժամը 9.00-ից, բայց իրենց կարող են տուգանել, օրինակ, ժամը 7-ին կամ 8.30-ին պատահական անցորդի կողմից իրենց տարածքում նետված սիգարետի տուփի համար:
Այս առումով քաղաքապետարանից Yerkir.am-ին տրված պատասխանում նշվում է, թե Երևանի ավագանու կողմից սահմանված` «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի' իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի եւ դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգ»-ի 5-րդ կետով սահմանվել են պարտադիր բարեկարգման աշխատանքները, իսկ 13-րդ կետով' պարտադիր բարեկարգման պահանջները, որի 2) ենթակետի համաձայն` մայթերի բարեկարգման դեպքում պետք է կատարվեն հետևյալ պահանջները` ա) ապահովված լինի տեսանելի մաքրությունը (փոշուց, աղբից, տերևներից եւ այլն) ու անհրաժեշտ թվաքանակով աղբարկղերի առկայությունը, ընդ որում' մաքրման աշխատանքները պետք է կատարվեն առավոտյան ժամը 08.00-ից մինչև 09.00-ն եւ երեկոյան ժամը 18.00-ից մինչեւ 19.00-ն:
Պատասխանում նշում են նաեւ, թե պարտադիր բարեկարգման աշխատանքների իրականացված չլինելու կամ ոչ պատշաճ իրականացված լինելու փաստերով կազմվում են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, իսկ տարածքում առկա անբարեկարգ վիճակը լուսանկարվում է։ Սահմանված պարտադիր բարեկարգման աշխատանքները անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի կողմից չիրականացվելու համար նախատեսված է վարչական պատասխանատվության կիրառում' ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասով ՝ 10.000-20.000 ՀՀ դրամի չափով։
Տարօրինակ է, օրինակ` «փոշի» ձեւակերպումն ինչպե՞ս է ընկալվում քաղաքապետարանի կողմից, եւ ինչպե՞ս են քաղաքապետարանում պատկերացնում, օրինակ, խանութի առջեւի մայթի քարերից փոշին հավաքելը: Կամ' ինչպե՞ս են ստուգում' փոշին հավաքվե՞լ է, թե՞ ոչ: Ի միջի այլոց, բնապահպանները բազմաթիվ անգամներ ահազանգել են, որ Երեւանը շատ փոշոտ քաղաք է, ու փոշու խնդիրը կարող է դառնալ անվերջանալի պրոբլեմ տնտեսվարողների համար: Նրանք հո փոշու շորով մայթերի, փողոցների փոշին չե՞ն հավաքի:
Այստեղ նշենք, որ 2014 թվականի հունվար ու փետրվար ամիսներին, ըստ քաղաքապետարանից Yerkir.am-ին տրամադրված տվյալների, պարտադիր բարեկարգման կարգը խախտելու համար Երևան քաղաքում գործունեություն իրականացնող թվով 539 տնտեսվարող սուբյեկտներ ենթարկվել են վարչական տույժի, որոնցից հունվար ամսին` թվով 216, իսկ փետրվար ամսին` թվով 323 տնտեսվարող սուբյեկտներ։ Վարչական տույժի ընդհանուր գումարը կազմել է, համապատասխանաբար, 3 միլիոն 570 հազար ՀՀ դրամ եւ 5 միլիոն 350 հազար ՀՀ դրամ:
«Հարկ է նշել, որ վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների կողմից մինչ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմելը Երևան քաղաքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվել են պարտադիր բարեկարգման մասին նախազգուշացման թերթիկներ, պարտադիր բարեկարգման տարածքների հատակագծեր»,- նշում են քաղաքապետարանից մեզ տրված պատասխանում։ Սակայն այսպիսի նախազգուշական թերթիկ, օրինակ, Հակոբը չի ստացել:
Քաղաքապետարանից մեզ այդպես էլ չպարզաբանեցին, թե ինչպե՞ս պետք է ապացուցվի, որ տարածքում աղբը, օրինակ' գարեջրի շիշ, չեն դրել վարչական շրջանի ներկայացուցիչները' զուտ լուսանկարելու ու դրա հիման վրա ակտ կազմելու պատրվակով. Այսինքն' ինչո՞ւ խախտումն արձանագրելու պահին տարածքի տիրապետողը ներկա չի գտնվել...
Ամեն դեպքում' մեզ դիմած տնտեսվարողները կարծում են, որ պարտադիր բարեկարգման կարգը քաղաքապետարանի համար դարձել է լծակ' լրացուցիչ գումարներ հավաքագրելու համար:
Գեւորգ Ավչյան