Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դուբլինում կայացած` ԵԺԿ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ, որն արտաքուստ թվում էր խիստ հավասարակշռված, ընթացող աշխարհաքաղաքական լուրջ գործընթացների ֆոնին` ինչ-որ տեղ նույնիսկ խուսափողական և անատամ: Սակայն դա` միայն առաջին հայացքից:
Ուկրաինական ճգնաժամի թեմատիկան շրջանցելու որևէ հնարավորություն Սերժ Սարգսյանը, բնականաբար, չպետք է ունենար: Նա ստիպված էր անդրադառնալ միջազգային օրակարգի ամենահրատապ այդ թեմային առաջին հերթին այն պատճառով, որ, ի տարբերություն եվրասիական տարածաշրջանի բազմաթիվ երկրների, ճգնաժամի ծավալման երկշաբաթյա ողջ ընթացքում պաշտոնական Երևանը չեզոքություն պահպանելու նկատառումով համառորեն շարունակում էր լռել այդ մասին, ինչը երկար շարունակվել չէր կարող: Սակայն Սերժ Սարգսյանի հպանցիկ թվացող այդ անդրադարձում իրականում երկու չափազանց հետաքրքրական ձևակերպումներ արվեցին: Նախ` նա նշեց, թե «Եվրոպական Միությունը և Արևելյան գործընկերությունը կանգնած են մարտահրավերների առջև»: Առավել հետաքրքրականն այստեղ Արևելյան գործընկերության ծրագրի մատնանշումն էր, որով, կարծես, Սարգսյանն ահազանգ է հնչեցնում դրա` վտանգված լինելու վերաբերյալ: Պարզ է, որ ԵԺԿ համագումարում նա չէր կարող նկատի ունենալ, որ ԵՄ-ի և ԱլԳ ծրագրի դեմ ուղղված մարտահրավերները գալիս են Եվրոպայից: Հետևաբար` հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչպիսի՞ և որտեղի՞ց ի հայտ եկած մարտահրավերների մասին էր ակնարկում և հատկապես` ինչո՞ւ էր ակնարկում` առհասարակ: Բայց ելույթի այդ հատվածի մեխը ոչ թե վերոնշյալ ձևակերպումն էր, այլ հետևյալ նախադասությունը. «Ինչպես և նախկինում՝ գտնում ենք, որ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը մի գործընկերոջ հետ չպետք է հանգեցնեն նոր բաժանարար գծերի ձևավորմանը»: Կարելի է միայն ենթադրել, որ նախագահը նկատի ուներ ոչ թե Հայաստանը, այլ Ուկրաինան, որը, ի տարբերություն Հայաստանի, իբրև հիմնական գործընկեր, ընտրեց Եվրամիությունը և իբրև զարգացման ճանապարհ` եվրաինտեգրումը: Որ տեսանկյունից էլ այս ձևակերպմանը մոտենում ենք, ստացվում է, որ իբրև բաժանարար գծեր քաշող կողմ նկատի է առնվում Ռուսաստանը`այն պարզ պատճառով, որ ո'չ Ուկրաինան, ո'չ էլ Եվրամիությունը բացարձակապես շահագրգռված չեն, որպեսզի տնտեսական կոլապսի մեջ հայտնված Կիևը, խզելով իր քաղաքական և տնտեսական կապերը Ռուսաստանի հետ, զրկվի օժանդակության հզոր պոտենցիալից: Սա կարելի է Եվրոպայի առջև ռևերանսներ կատարելու փորձ համարել, ինչը նշանակում է, որ Սերժ Սարգսյանը փորձում է ուկրաինական հրդեհից իր համար շագանակներ հանել:
Առաջին խնդիրը, որը փորձում է դրանով լուծել Երևանը, դեպի Մաքսային միություն Հայաստանի կատարած ընտրությունը Ռուսաստանի «բաժանարար գծերի» թակարդում չհայտնվելու հեռանկարով բացատրելն է: Ավելի պարզ ասած` ցույց տալ, թե` ահա տեսեք` ինչ կլիներ Հայաստանի հետ, եթե սեպտեմբերի 3-ի բեկումնային որոշումը Երևանը չկայացներ: Այսինքն` խնդիրը ոչ թե Հայաստանի անսկզբունքայնությունն էր, այլ պետականությունը և դրա անվտանգությունը պահպանելու առաջնայնությունը: Բայց նախագահն այս միտքը ձևակերպեց այնպես, որ դրա հետևում իր մատնանշած Ռուսաստանի ականջները որևէ ձևով չերևան, իսկ երևալու դեպքում` զուտ հիպոթետիկ բնույթ կրեն:
Երկրորդ խնդիրը բաժանարար գծերի գործոնի շեշտադրումն էր: Սերժ Սարգսյանը գուցե ակնարկում էր, որ այդ գծերը չեզոքացնելու` Հայաստանի առաջարկած տարբերակը նման ճգնաժամերից խուսափելու լավագույն լուծումն է: Թերևս պատահական չէ, որ ելույթում նա հատուկ շեշտադրում է. «Հայաստանը շարունակելու է շահերի համադրությանն ու ներդաշնակեցմանն ուղղված` իր քաղաքականությունը»: Նաեւ առաջարկում է ԵՄ-ին` օգտագործել ոչ թե իր կամ իր մրցակիցների կողմից քաշված բաժանարար գծերով առաջնորդվելու, այլ «շահերի համադրման և ներդաշնակեցման»` Երևանի կողմից առաջարկվող սխեման: Իբրև դրա բազա` Սերժ Սարգսյանը փաստացի առաջարկում է դիտարկել նախորդ շաբաթ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի կողմից ընդունված` 2014-2015թթ. ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը` հատուկ ընդգծելով այն հանգամանքը, որ այն «համատեղելի է համագործակցության մյուս ձևաչափերի հետ», ինչի ներքո ակնհայտորեն նկատի է առնվում եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի ներգրավվածությունը: Այլ կերպ ասած` օգտագործելով ուկրաինական ճգնաժամը` Սերժ Սարգսյանը փորձում է վերադարձնել ԵՄ-ի վստահությունը իր և, ընդհանուր առմամբ, Հայաստանի նկատմամբ, որը կորսվեց` նախորդ տարվա սեպտեմբերից սկսած: Նա, թերևս, հույս ունի, որ Եվրոպան արդեն Ուկրաինայի պառակտման իրական վտանգի պայմաններում կարող է ավելի սթափ գնահատել, թե ինչպիսի կարևոր գործիք կամ լուծում է առաջարկում Երևանը: Իսկ այդ առաջարկի ողջ իմաստն ու փիլիսոփայությունը հետևյալն է` ծրագրերը կազմել և զարգացնել ոչ թե ունիվերսալ, ներգրավված բոլոր երկրների համար համահարթեցված ձևով, այլ` հաշվի առնելով յուրաքանչյուրի ազգային շահերն ու դրանից բխող իրական ռիսկերը:
Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը շախմատ է խաղում: Այս պահին նրա համար էականն, իհարկե, ներքին կյանքում իրական բարեփոխումներ կատարելը չէ, իշխանությունը դրան պատրաստ լինելու և դրա ցանկությունն ունենալու իրական, համոզիչ ազդակներ դեռևս չի հաղորդում ներքին հանրույթին: Բացի դրանից` գուցե լրիվ անիմաստ է բոլորովին այլ մշակութային ու քաղաքակրթական արժեքներ դավանող եվրասիական բևեռ գնալու պարագայում խոսել պետական կառավարման, քաղաքական և տնտեսական եվրոպական մոդելի համակարգեր ստեղծելու մասին: Դրանք, գոնե հիմա, անհամատեղելի կատեգորիաներ են, և եթե Սերժ Սարգսյանն իսկապես հավատում է դրան, ապա ուտոպիստ է: Սակայն այս փուլում էականն արդեն նույնիսկ դա չէ, այլ ցանկացած գնով գերտերությունների կողմից իրականացվող «բաժանարար գծերի» կործանարար քաղաքականության թիրախում չհայտնվելը, որը, սակայն, իշխանությունը ձգտում է լուծել հին, փորձված, բայց իրեն արդեն սպառած տարբերակով` եվրոպացի և ռուս չինովնիկների հետ աչքակապոցի կամ տունտունիկ խաղալով: Նոր թիրախ չդառնալու` գործնականում միակ տարբերակը հասարակության և պետության` կատարելության ձգտող ներդաշնակությանը և կոնսոլիդացմանը հասնելն է, ընդհանուր իմունիտետի բարձրացումը: Բայց դա հնարավոր չէ, քանի դեռ իշխանությունը դրսի հետ շախմատ է խաղում` թիկունքով շրջված լինելով դեպի իր հասարակությունը:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ