Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ը երեկ գրեց, որ, մասնավորապես «ՎՏԲ-Հայաստան» բանկում արտարժութային ավանդների համար առաջարկվող տոկոսադրույքները նվազել են, իսկ դրամով ավանդների տոկոսադրույքները բարձր են, ինչը կարող է դրամի մոտալուտ արժեզրկման մասին հուշել: Այսօր արդեն Yerkir.am-ը տարբեր բանկերի աշխատակիցներից լրացուցիչ տեղեկություններ ստացավ, որ այդ վիճակը վաղուց գոյություն ունի, որ արտարժութային ավանդների համար ցածր տոկոսներ են սահմանվում` մի շարք պատճառներից ելնելով, եւ որ իրականում Հայաստանի բանկային ոլորտում լուրջ ցնցումներ են սպասվում:
Ռուսական «Գազպրոմբանկի» խմբի անդամ «Առէքսիմբանկի» աշխատակիցներից մեկը ներկայացրեց տիրող իրավիճակը: Ըստ մեր աղբյուրի` այժմ արտարժութային ավանդների տոկոսադրույքները անհամեմատ ավելի ցածր են, քան դրամային ավանդներինը, դա գրեթե բոլոր բանկերում է այդպես` շուկայի թելադրած օբյեկտիվ պատճառներից ելնելով: Այդ առումով` երկու հիմնական բան կարելի է արձանագրել` նախ`բանկերը կանխատեսում են դրամի արժեզրկում, եւ դրամով միջոցներ են ներգրավվում, որովհետեւ արժեզրկումից հետո արդեն ավելի քիչ են վճարելու: Երկրորդ` ԿԲ-ն ճնշում է գործադրում բանկերի վրա, արհեստական ձեւով մի կերպ դրամային ավանդների տոկոսադրույքները բարձր է պահում` բարձր տոկոսադրույքներով դրամային մասսա գրավելու միջոցով: Իսկ որոշ բանկերում առկա բացառություններն էլ, որ արտարժութային ավանդների տոկոսադրույքները համեմատաբար ավելի բարձր են ընդհանուր շուկայական տոկոսադրույքներից, եւս արհեստականորեն են պահվում:
Որ ավանդները ցածր տոկոսադրույքներով են ներգրավվում, դրա համար էլ մի շարք օբյեկտիվ պատճառներ կան: Այսօրվա դրությամբ` բանկերի հաճախորդների կողմից միջոցների պահանջարկ չկա: Մարդիկ խուսափում են բանկերից վարկեր վերցնել, որովհետեւ տնտեսությունը կանխատեսելի չէ, ու հնարավոր չէ վստահ լինել, թե դրական զարգացումներ կլինեն, եւ վարկ վերցնողը կկարողանա մարել իր պարտավորությունները:
Ըստ «Առէքսիմբանկ»-ում մեր աղբյուրի` խոշոր հաճախորդները, օրինակ` 5, 10 կամ 15 միլիոն դոլար վարկ վերցրած անձինք, սկսել են խուսափել իրենց վերցրած վարկերը մարելուց: Այս առումով բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Օրինակ` մարդը 2-3 տարի առաջ 1.5 միլիոն դոլար` շուկայական գնահատված արժեքով անշարժ գույք է գրավադրել ու վարկ վերցրել, բանկն այդ գույքը գնահատել է, ենթադրենք, 1.2 միլիոն դոլար` հաշվի առնելով իր ռիսկերն ու դրան համապատասխան փոխառություն է տվել վարկառուին: Վարկառուն այսօր հրաժարվում է վճարել իր վերցրած վարկերը` ավելի հարմար համարելով, որ բանկին անցնի իր գրավադրած գույքը, իր հանդեպ էլ որոշակի տույժեր կիրառվեն, որովհետև, միևնույն է, ինքը պետք է տոկոսներով վճարումներ կատարեր, իսկ այս դեպքում քիչ է կորցնում: Գրավադրված` 1.2 միլիոն դոլար գնահատված գույքը, ենթադրենք, անցնում է բանկին, եւ բանկն այդ գույքի ձեռքը կրակն է ընկնում: Որովհետև նախ, ըստ իրավական պահանջի, այդ կապիտալը կարող է մնալ բանկի բալանսում ընդամենը 6 ամիս, եւ այդ ընթացքում բանկն արդեն պետք է օտարի այդ կապիտալը: Բանկն էլ այդ կապիտալը հանում է աճուրդի: Բայց այդ գույքի հանդեպ պահանջարկն այնքան է նվազել, որ գրեթե չկա: Այսինքն` բանկը պետք է նվազեցնի այդ կապիտալի աճուրդային մեկնարկային գինը: Ըստ մեր աղբյուրի` այդ գույքի գինը կարող է ընկնել` ընդհուպ մինչեւ 100-200 հազար դոլար:
Եթե մի քանի տարի առաջ նման գույքի համար 15-20 հոգի հերթ էին կանգնում, նշում է մեր զրուցակիցը, ապա հիմա նման բան չկա: Ոչ ոք վստահ չէ, որ իր ձեռք բերած գույքը մի քանի ամսից կունենա նույն արժեքը, ինչ այսօր: Երկրորդ` վճարունակ պահանջարկը, տնտեսական վիճակից ելնելով, գրեթե վերացել է, իսկ ովքեր էլ համապատասխան միջոցներ ունեն, նաեւ` ցանկություն` այդ կապիտալը ձեռք բերելու եւ աշխատեցնելու, զգուշանում են առկա բազմաթիվ ռիսկերից: Ռիսկերից մեկն էլ գույքի նախկին սեփականատիրոջ ու բանկի միջեւ առկա իրավական խնդիրներն ու քաշքշուկներն են: Այսինքն` բանկի կողմից աճուրդի հանվող կապիտալը ձեռք բերողը միանգամից չի կարողանում այն աշխատեցնել: Իսկ նման պարագայում ոչ մի գործարարի ձեռնտու չէ թեկուզ շատ ցածր գնով ձեռք բերել կապիտալ, որը միանգամից չի կարող շահագործել ու շահույթ ստանալ: Եվ գրավադրված ու բանկին մնացած գույքը բանկերի համար ակտիվ կապիտալից վերածվում է մեռածի: Բացի այն, որ բանկը կորուստներ է ունենում` չվճարված պարտավորությունների մասով, մի բան էլ կորուստներ է ունենում նաեւ գնահատված արժեքից ավելի ցածր գնով իրեն անցած կապիտալն օտարելիս:
Բանկը կարող է նաեւ ինքը շահագործել գրավադրված, իսկ հետո իրեն անցած կապիտալը, օրինակ` գրավադրվել, հետո բանկին է մնացել ինչ-որ ռեստորան, որը կարելի է աշխատեցնել: Բայց այս դեպքում բանկը պետք է ընկնի բյուրոկրատական քարքշուկի մեջ` ձեւակերպի դուստր ձեռնարկություն, որը կշահագործի այդ օբյեկտը, քանի որ ինքնուրույն չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ստանձնել մեծ ռիսկեր եւ այլն: Եվ այս վիճակը գնալով խորանում է:
Բացի այդ` գոյություն ունի նաեւ հայկական մենթալիտետի խնդիրը. հիմնականում խոշոր վարկառուները, պարզ է, առավել խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն են: Եվ եթե նրանց ինչ-որ գրավադրված գույք մնում է բանկին ու դրվում աճուրդի, ապա գնորդները զգուշանում են ձեռք բերել այն, քանի որ ծանոթ-բարեկամական հարցեր կան, մեկը մյուսին ճանաչում է, եթե անգամ չի էլ ճանաչում, ուղղակի ինչ-որ տնտեսվարողի գույք ձեռք չի բերում, քանի որ վիճակն այնքան վատ է, որ վաղը, մյուս օրն էլ ինքը կարող է հայտնվել անվճարունակ վիճակում, իսկ այդ դեպքում իր գույքն էլ չեն փորձի ուրիշները գնել: Սա, իհարկե, արհեստական միտում է, բայց նաեւ օբյեկտիվ իրականություն:
Մյուս կողմից` բանկերը ավանդ գրավում են այն ավելի բարձր տոկոսներով, որպես վարկեր, տնտեսության մեջ ներգրավելու ու տոկոսադրույքների տարբերության վրա շահույթ ունենալու նպատակով: Քանի որ գործարար ակտիվությունը Հայաստանում աննախադեպ նվազել է, արդեն տնտեսությունից համապատասխան պահանջարկ չի ձեւավորվում: Ուստի բանկին ձեռնտու չէ անհայտ` խիստ ռիսկային բարձր տոկոսներով ավանդներ ներգրավել` չիմանալով` կարո՞ղ է այն տեղաբաշխել վարկառուների միջոցով, թե՞ ստիպված կլինի դրանց համար բարձր տոկոսներ վճարել ավանդատուներին` չունենալով դրա դիմաց համապատասխան շահույթ:
Որ վերջին օրերին արտարժութային ավանդների տոկոսադրույքները կտրուկ նվազել են, մեր զրուցակիցը բացատրեց նաեւ նրանով, որ, Ուկրաինայում ծավալվող իրադարձություններով պայմանավորված, բանկերը սկսել են նաեւ զգուշանալ:
Մեր աղբյուրի հավաստմամբ` ներկայումս տրվող վարկերն էլ չեն ուղղվում տնտեսություն` իրենց հիմնական նպատակին չեն ծառայում, այլ միայն ժամկետային խնդիրներ են լուծում: Այսինքն` բանկը վարկ է տվել ինչ-որ իքս մարդու, նա չի կարողանում վճարել, բանկը տեսնում է, որ նա կամաց-կամաց դառնում է պրոբլեմային հաճախորդ, մեկ այլ ճանապարհով այլ վարկ է ձեւակերպում տվյալ մարդու հետ փոխկապակցված այլ անձի անունով, որպեսզի այդ ձեւով պրոբլեմատիկ հաճախորդը մարի իր նախկին պարտավորությունները, ու դրանով մի 2-3 ամսով էլ հետաձգվեն պրոբլեմները` մինչեւ մի տեղից մի լույս բացվի, ու այսպես շարունակ:
Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ եթե այսօր որեւէ, անգամ` Հայաստանի ամենահարուստ ու կայուն բանկն էլ որոշի, որ այլեւս աշխատում է միայն զուտ օրինական, տեսական բանկային տրամաբանությամբ` իրականացնելով զուտ բանկային ու օրենքի սահմաններում տեղավորվող գործունեություն, ապա 1-1.5 ամսից կսնանկանա:
Մեր աղբյուրը համոզմունք հայտնեց, որ, միեւնույն է, տնտեսությունից եկող ազդակները, ստեղծված իրավիճակն այնպիսին են, որ բոլոր բանկերը լուրջ խնդիրների առջեւ են կանգնած, եւ այդ խնդիրների լուծումն առաջիկայում չի երեւում, իսկ Հայաստանի բանկային ոլորտին լուրջ ցնցումներ են սպասվում:
Գ. Ա.