Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ստրասբուրգում փետրվարի 5-6-ը տեղի ունեցած` Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական՝ 14-րդ նիստը սկանդալային ավարտ է ունեցել: Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքների ավարտին կողմերին այդպես էլ չի հաջողվել համաձայնություն կայացնել եզրափակիչ հայտարարության շուրջ:
Առաջին դեպքն է, երբ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցությունն ավարտվում է առանց հայտարարության: Մեր խորհրդարանական պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում շտապեց մեղադրել եվրոպացիներին՝ փաստաթղթում անընդունելի ձեւակերպումներ ներառելու համար, սակայն պարզվում է, որ հայտարարություն չստորագրելու մեջ ուրույն դերակատարում է ունեցել հենց Ֆարմանյանը:
Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է կատարվածին՝ նշելով, թե փաստաթղթի՝ Լեռնային Ղարաբաղին վերաբերող մասում եվրոպացի գործընկերները փորձել են ներառել հայկական կողմի համար լիովին անընդունելի ձեւակերպումներ: Ըստ էության` այս ամենի պատճառը Մաքսային միություն մտնելու` Հայաստանի որոշումն է: «Առավել մտահոգիչ է հանգամանքը, որ որոշ եվրախորհրդարանականներ կարծում են, որ Հայաստանի արտաքին քաղաքական վերջին որոշումների վերաբերյալ իրենց դժգոհության արտահայտման լավագույն միջոցը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ առավել կոշտ, իրականում՝ հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը որեւէ կերպ չնպաստող, եթե ոչ՝ ուղղակիորեն վնասող, մոտեցումների կիրառումը»,- գրել է նա:
Պատվիրակության անդամները խոստանում են վերադառնալուն պես մամուլի ասուլիսով հանդես գալ, իսկ մինչ այդ «Երկիրն այսօրը» հեռախոսակապ է հաստատել Ստրասբուրգում գտնվող մեր խորհրդարանական պատվիրակության անդամ Աղվան Վարդանյանի հետ: Նա նշել էց, որ հատկապես այս փուլում, երբ մեր կառավարությունը անհրաժեշտ է համարում Եվրամիության ուղղությամբ աշխատանքներն առավելագույնս շարունակելու անհրաժեշտությունը՝ այն մասով, որ չի խանգարի Մաքսային միությանն անդամակցությանը, նման հայտարարությունը պետք է ընդունվեր:
Հակառակ Սամվել Ֆարմանյանի պնդումների` Աղվան Վարդանյանը նշում է, թե հայտարարությունը հնարավոր էր ընդունել:
«Իմ առաջին տպավորությամբ` մեր հանձնաժողովի ղեկավարը դերակատարում ունեցավ չստորագրման մեջ: Ինչ-որ տեղ նրա միանձնյա դիրքորոշման պատճառով այս ամենը տեղի ունեցավ»,- ասաց Վարդանյանը:
Աղվան Վարդանյանն անընդունելի է համարում, Ղարաբաղյան հարցի հետեւում թաքնվելով, սկզբունքային ձեւանալը: Նրա խոսքերով` մենք կարող էինք համաձայնության գալ փաստաթղթի շուրջ եւ ընդունել, մանավանդ որ հայկական կողմի առաջարկով կատարվել էին փոփոխություններ եւ կային ստորագրելու բոլոր հիմքերը: Ղարաբաղի վերաբերյալ երեք դրույթ է եղել, որոնցից մեկն էր խնդրահարույց եւ հնարավոր էր չեզոքացնել:
Աղվան Վարդանյանը փաստում է, որ սեպտեմբերի 3-ի հայտնի որոշումից արդեն 5 ամիս անցել, սակայն Եվրախորհրդարանի պատգամավորների բացարձակ մեծամասնությունը, այդ թվում` եւ նրանք, որոնք մշտապես Հայաստանի դիրքորոշումը կիսում էին, ամբողջությամբ տեղյակ չեն, թե ի՞նչ եւ ինչո՞ւ է կատարվել:
«Անակնկալը, ցնցումը մինչեւ այսօր շարունակվում է, ինչը նշանակում է, որ մեր արտաքին գերատեսչությունը գոնե բացատրական հիմնավորման լուրջ աշխատանք այս ընթացքում չի կատարել»,- ասաց Վարդանյանը։
Հայկական պատվիրակությունը Ստրասբուրգից կվերադառնա փետրվարի 8-ին եւ մամուլի ասուլիսում կտա լրացուցիչ պարզաբանումներ: