կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-05 15:24
Առանց Կատեգորիա

Զավեշտ, որ հեռու չէ

Զավեշտ, որ հեռու չէ

Իշխանությունների հանդեպ հանրության վստահությունն այնպիսի ցածր մակարդակում է, որ բանը երբեմն հասնում է ծայրահեղության, նաև՝ զավեշտի: Թե չէ ինչու պիտի լրագրողական միտքը հղանար ԱԺ պատգամավորների կենսագրությունները 2014 թ. փետրվարի 5-ի «դրությամբ» ֆիքսելու գաղափարը: Իսկ պատճառն այն է, որ, ինչպես գրում է օրաթերթերից մեկը, իշխանությունների կողմից ԱԺ-ում (անշուշտ, նաև պետական գերատեսչություններում) ներքին հրահանգ է իջեցվել՝ սրբագրել իշխանական կուսակցությունից այն պատգամավորների և իշխանավորների կենսագրությունները, ովքեր երբեք չեն ծառայել Հայոց բանակում, սակայն պարգևատրվել են զինվորական մեդալներով:

 

Եվ քանի որ լրագրողները միանգամայն տեղին մտավախություն ունեն, որ ՀՀԿ «արծիվների» կենսագրությունները կսրբագրվեն այնպես եռանդագին, որ, մեկ էլ տեսար, կպարզվի, թե, դիցուք, ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը «Գարեգին Նժդեհ» մեդալը ստացել է «Եղնիկներ» զորամասում ծառայության տարիներին ցուցաբերած անձնազոհության ու հերոսության համար, ահա ինչու որոշել են սերունդների համար պահպանել ժողովրդի ընտրյալների կենսագրությունների «չձեռնահարված» տարբերակները:

 

Ճիշտ են արել, քանի որ, իսկապես, չի բացառվում, որ վաղը-մյուս օրը հանկարծ կարող է պարզվել, թե ՀՀԿ-ական քաղաքապետ, դարձյալ «Գարեգին Նժդեհ» մեդալի «ասպետ» Տարոն Մարգարյանը ծառայել է Շուշիի առանձնակի գումարտակում ու նույնիսկ ծանր վիրավորվել է: Ավելին, միանգամայն հավանական է, որ կյանքում մեկ օր չծառայած ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի կենսագրությունում նշված լինի, թե մարդը հերոսաբար զոհվել է Մարտակերտի համար մղված կռիվներում, իսկ պատգամավորական մանդատը նրան հանձնվել է… հետմահու: Զավեշտ է, անշուշտ, բայց այս իշխանություններից հեռու չէ:

 

Լ. Ս.