կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-07 22:08
Առանց Կատեգորիա

Հրապարակային լուրջ զավեշտ

Հրապարակային լուրջ զավեշտ

Օրինաչափ է, որ երկխոսությունը կուլիսներից հրապարակային դաշտ տեղափոխվելուց հետո պետք է զավեշտի վերածվեր: Երբ որեւէ մեկը փորձում է, ժողովրդի անունը շահարկելով, հասարակական պահանջների անվան տակ իր մասնավոր շահերն առաջ հրել, դրանց բավարարումից հետո հայտնվում է փակուղում:

Իսկ երբ դրանից դուրս գալու միջոց է դարձնում կտրուկ անցումներով, խաղի կանոնները խախտելով, շախմատիստից ըմբշամարտիկ դառնալ, նրան հանգիստ ցույց են տալիս, որ իր տեղը մանկապարտեզում է, որ եթե ինչ-որ բան ունեն ասելու, կարող են իբրեւ այս երկրի մտահոգ քաղաքացիներ, տնով-տեղով թակել որեւէ փոխնախարարի դուռ ու խոսել իրենց դարդ ու ցավից:

Իշխանությունը, մարտավարական ժամանակավոր հաղթանակ տանելով, սակայն, միաժամանակ իր կեցվածքով պարզորոշ հասկացրեց, թե որքան պրիմիտիվ պատկերացումներ ունի քաղաքական-հասարակական երկխոսության մասին:

Երկխոսության անհրաժեշտություն այսօր կա առավել քան երբեւէ, սակայն ոչ թե իրեն ընդդիմության դաշտի տեր ու տնօրեն հռչակած, փաստացի գաղափարական միեւնույն հարթության մեջ գտնվող ուժի, այլ հասարակության շերտերը ներկայացնող հասարակական-քաղաքական բոլոր շրջանակների հետ, եւ ոչ թե պետական կառավարման մարմինների դուռը ցույց տալու, այլ խնդիրները քննարկելու իրական պատրաստակամություն հայտնելու մակարդակով: Քանի դեռ խաղը շարունակելու խնդիր է լուծվում, «տունտունիկի» մակարդակից դուրս չենք գալու: