Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լրատվական կայքերից մեկի (Henaran.am) հաղորդման համաձայն՝ Սյունիքի մարզպետի պաշտոնակատար Արա Դոլունցը մարզում ստորագրահավաք է նախաձեռնել` ի պաշտպանություն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի: Պաշտոնակատարը հավաքել է մարզի մտավորականության ներկայացուցիչների՝ արվեստագետներ, ուսուցիչներ, այլք, և հորդորել ստորագրությամբ հանդես գալ` ի պաշտպանություն Ս. Խաչատրյանի՝ վասն վերջինիս վերադարձի, զարմանալիորեն արագ մոռանալով, որ ՀՀԿ-ական այս գործչի հանդեպ հանրային վերաբերմունքն այնքան բացասական է, միահամուռ մերժողական, որ նույնիսկ նրա կուսակցական ու իշխանական տերերը չկարողացան դիմագրավել հանրության ճնշմանը և ազատեցին զբաղեցրած պաշտոնից:
Այսքանից հետո, իսկապես, առնվազն տարօրինակ է Սյունիքի մարզպետի պաշտոնակատար Ա. Դոլունցի վարքը. նա ակնհայտորեն չի ընկալել իր երեկվա շեֆի՝ իշխանությունների համար այլևս անցանկալի լինելու հանգամանքը, եթե ստորագրահավաք է նախաձեռնել: Սակայն նաև ակնհայտ է, որ որևէ Դոլունց ինքնակամ այդպիսի բան չէր անի, հետևաբար, ամենայն հավանականությամբ, դա նախկին մարզպետի մարտավարական քայլերից է՝ վերստին գահին բազմելու: Եվ եթե այդպես է, ապա ապշեցնում է ՀՀԿ-ական երեկվա պաշտոնյայի վարքի ամբողջ բարոյազրկությունը. իր մարդկանց, մերձավորների ձեռքով մարդ է սպանվել, բարձրաստիճան զինվորական ծանր վիրավորվել, և դա նրա համար այնքան սովորական բան է, որ հույսը դարձյալ ղեկավարության «ըմբռնողականության»՝ իր հերթական արարքը հերթական անգամ ներելու վրա է, հակառակ պարագայում ինչո՞ւ պիտի վերադարձի այսպիսի անհեթեթ միտք հղանար:
Իսկ Ս. Խաչատրյանի վերադարձին «նվիրված» ստորագրահավաքի լուրն իսկապես անհեթեթ է՝ այնքան, որ մարդ դժվարանում է հավատալ: Չի բացառվում, որ լուրը հրապարակ նետած լինեն իրենք՝ լիսկայականները, շոշափելու համար հանրային ու, մանավանդ, ՀՀԿ-ական վերնախավային տրամադրությունները: Չի բացառվում նաև լուրի ժողովրդական բանահյուսություն լինելը, որով հանրությունն ուզում է, վերաբորբոքելով ատելության դրսևորումներն այս մարդու նկատմամբ, իսպառ փակել Սյունյաց «արծվի» վերադարձի ճանապարհները: Բոլոր դեպքերում ակնհայտ է մի բան` Սյունիքի մարզպետարանը, որ լիսկայական իշխանության օրոք խորապես մասնագիտացել է հանուն շեֆի հերքումներ գրելու և տարածելու գործում, գուցե փորձի՞ հերքել ստորագրահավաքի մասին լո՞ւրը. հանրությունն առաջին անգամ շնորհակալ կլինի: Բայց եթե չի հերքում, դոլունցյան ստորագրահավաքը դառնում է սյունիքյան հերթական զավեշտն ու ողբերգությունը:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ