կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-24 18:17
Առանց Կատեգորիա

Ադրբեջանական ծուղակի կիսագրագետ գերիները

Ադրբեջանական ծուղակի կիսագրագետ գերիները

Ադրբեջանական ԶԼՄ-ները, այդ թվում` համացանցային, տեղեկատվություն են հրապարակել այն մասին, թե այսօր Ադրբեջանի զինված ուժերը հայ-ադրբեջանական շփման գծի Թովուզի շրջանում ոչնչացրել են հայկական զինված ուժերին պատկանող մի ավտոմեքենա: Տեղեկատվությունն ուղեկցվում է մի լուսանկարով, որում երևում է, թե ինչպես են շրջված ռազմական մեքենայի շուրջը խմբվել զինվորական և քաղաքացիական համազգեստով մի քանի անձնավորություններ, երեխաներ: Ադրբեջանական Trend գործակալությունը հայտնել է, թե Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է այդ տեղեկատվությունը: Ըստ ադրբեջանական աղբյուրների` ոչնչացնելով ավտոմեքենան, կասեցվել է հայկական ուժերի հերթական պրովոկացիոն գործողությունը սահմանագծին:

 

Ադրբեջանական որևէ տեղեկատվական աղբյուր չի անդրադարձել այն հանգամանքին, թե ինչու էր անհրաժեշտ հայկական կողմին սադրանք հրահրել` անպայման դեպի ադրբեջանական դիրքեր մի հսկայական ավտոմեքենա ուղարկելով: Մի՞թե հայերն այն աստիճանի կարող էին ապաշնորհ ու անգրագետ լինել, որ սադրանքը մեքենայով հրահրեին: Ոչ ոք չի անդրադարձել նաև այն հարցին, թե ինչպե՞ս է մեքենան հայտնվել ադրբեջանական ուժերի կողմից վերահսկվող տարածքում: Եվ եթե այն խփվել է, ապա գոնե պետք էր տեղեկատվություն առնվազն վարորդի սպանված, վիրավոր կամ գերված լինելու վերաբերյալ: Բայց ամենահետաքրքրականը լուսանկարում մեքենայի մոտ քաղաքացիական հագուստով անձանց ու հատկապես` երեխաների առկայությունն է: Գուցե ադրբեջանցի երեխաները որոշել էին «առաջնագծում» պահմտոցի՞  խաղալ:

 

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարն արդեն հերքել է ռազմական մեքենա կորցնելու մասին տեղեկատվությունը, առանց մանրամասներ ներկայացնելու` նաև նշել, որ ներկայացվող լուսանկարը կեղծիք է: Իրականում սա Ադրբեջանի կողմից անգրագետ քարոզչության հերթական դրսևորումն է: Լուսանկարը, որն ուղեկցում է հայկական մեքենայի ոչնչացման մասին լուրին, նույն Trend-ն օգտագործել էր նախորդ տարվա հուլիսի 23-ին հրապարակված մի տեղեկատվության հետ, որում նշվում է Թուրքիայի Շիրնակ նահանգի Ուլուդենե գավառում թուրքական ռազմական մեքենայի շրջվելու մասին: Ընդ որում` լուրը տրվել է թուրքական sabah պարբերականիn արված հղման հիման վրա (http://www.trend.az/news/incident/2173470.html): Սա ադրբեջանցիների ձեռագիրն է, որն առավել հիվանդագին դրսևորումն է ստանում սահմանագծին իրավիճակի լարվածության մեծացման ժամանակահատվածներում:

 

Անկասկած, նույն շարքից է նաև օդուժը երկինք հանելու մասին տեղեկատվությունը, որը շատ արագ վերցրին ու հրապարակեցին նաև որոշ հայկական «լրատվական կայքեր»: Պարզ է, որ երբեմն ռազմական ինքնաթիռներ օդ բարձրացնելը թե' հայկական, թե' ադրբեջանական բանակների համար սովորական երևույթ է, ու որևէ արտառոց բան չկար այն բանում, որ այս օրերին ադրբեջացիները դա արել են: Սակայն հատկապես հայկական գյուղերի ինտենսիվ գնդակոծման, շփման գծում լարվածության կտրուկ աճի ֆոնին այս տեղեկատվությունը հրապարակվում է հայկական կողմի, հատկապես` քաղաքացիական շրջանակներին խուճապի մատնելու, նրանց վրա հոգեբանական գրոհ կատարելու համար: Երբ այս կամ այն չինովնիկի, օլիգարխի կողմից ստեղծված, այսպես կոչված, «մեկանգամյա օգտագործման» հայկական կայքերի «պրոֆեսիոնալները» կուլ են տալիս նետված` այս տեղեկատվական խայծերը, ակամա դառնում են սեփական հասարակության նկատմամբ հակառակորդի տեղեկատվական դիվերսիայի գործիքները:

 

Լավ, թե վատ, Ադրբեջանը, գիտի` ինչպես խաղալ վաղուց մեկնարկած տեղեկատվական պատերազմում: Խաղում է անփորձ դերասանի նման, սիրողական մակարդակով, բայց խաղում է որոշակի մարտավարությամբ, ունենալով որոշակի նպատակներ: Սակայն ո՞րն է հայկական կողմի ռազմավարությունն ու մարտավարությունն այդ քարոզչական-հոգեբանական պատերազմում, անհասկանալի է: Ո'չ ուղենիշներ կան, ո'չ կանոններ, ո'չ էլ, նույնիսկ, նման իրավիճակներում հակառակորդի նկատմամբ կիրառելու համար անհրաժեշտ մանիպուլյացիոն մեթոդներ: Այդ հեռահար պայքարում հայկական կողմը շարունակում է մնալ հետապնդողի, արձագանքողի, հերքողի դերում: Որքան արագ են բազմանում ներքին ինտրիգների, բանսարկությունների, փոխադարձ կոմպրոմատների համար ստեղծվող տեղեկատվության միջոցներն իրենց կիսագրագետ «լրագրողներով», այնքան խոցելի է դառնում հայկական տեղեկատվական անվտանգությունը: Ներքին իմունիտետն ուժեղացնելու փոխարեն այն ներսից համառորեն քայքայվում է, և պարզ չէ` երբ ու ինչպես է հնարավոր կանգնեցնել այս վտանգավոր ինքնահոսը:

 

Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ