Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Որ Հանրապետական կուսակցությունը պահպանողական կուսակցություն է, գիտեն շատերը, բնականաբար, այդ թվում` նաև իրենք՝ հանրապետականները, թեև նրանցից ոմանք պահպանողականությունը հասկացել են չափազանց յուրօրինակ ձևով: Մեծ մասի համար պահպանողականությունը նշանակում է սոսկ մեկ բան՝ պահպանել իշխանությունը, պահպանել աթոռները, պահպանել Տիգրան Սարգսյանին և աչքի լույսի պես՝ Սերժ Սարգսյանին:
Նախագահն ինքն էլ ունի պահպանողականության սեփական պատկերացումները. նա, փոխանակ քաղաքագիտական վերլուծություններ անելու կամ փիլիսոփայական աշխատություններ գրելու, ինչը կվայելեր հսկա մի կուսակցության խոհուն առաջնորդին, զբաղված է հույժ «պահպանողական» մեկ այլ գործունեությամբ՝ պահպանում է հայ ժողովրդի դարավոր ավանդույթները և ամենից առաջ՝ քավորության ինստիտուտը: Այո, Ս. Սարգսյանն այս ինստիտուտի եթե ոչ ռեկտորը, ապա առնվազն կառավարման խորհրդի նախագահն է (սիրու՜մ են մեր մեծավորներն այդ աթոռը): Ահա, թե ինչու, եթե հանգիստ կարելի է հաշվել, թե իր կուսակցական-պետական գործունեության ընթացքում Ս. Սարգսյանը, դիցուք, քանի պարգևի է արժանացել, ապա անհնար է հաշվել, թե քանի հայկական (պահպանողական) օջախի քավոր է եղել նա. թիվ կա աստղերին, թիվ չկա Ս. Սարգսյանի սանիկների «զորքին»:
Հիմա էլ` արձակուրդից նոր-նոր վերադարձած, մարդն ինքնամոռաց տրվել է «իր» ինստիտուտի նորովի թարմացմանը՝ անցած կիրակի քավորել է մեծահարուստ Բ. Բեգլարյանի կրտսեր որդու նշանդրեքը: Ուշադրություն դարձնենք այն բացառիկ ուշադրությանը, որ Ս. Սարգսյանը հատկացնում է քավորության ինստիտուտին, նա մասնակցում է ոչ միայն պատանի օլիգարխների հարսանյաց հանդեսներին, այլև, արդեն, նշանդրեքներին: Փաստորեն, մանրակրկի՜տ է ուսումնասիրել Ս. Սարգսյանը քավորության ինստիտուտը:
Սակայն, պայմանավորված այն հանգամանքով, որ կիրակի-երկուշաբթի տպագիր մամուլ չկար, Ս. Սարգսյանի այս քավորության ուշացած լուրը ակամա զուգադիպեց Ղարաբաղում զոհված հայ երիտասարդի մահվան մասին` լրատվամիջոցների հրապարակումներին: Եվ մի տեսակ անհարմար էր լսել-իմանալը, որ այս ողբերգության ֆոնին խոսվում է երկրի ղեկավարի քավորությունից: Ոչ թե խոսվում է զոհվածի ընտանիքին հղված ցավակցությունից, ոչ թե նրա հանդեպ պետության ստանձնելիք պարտավորությունից, խոսվում է մի մեծահարուստի կրտսեր որդու նշանդրեքից: Ու չգիտես՝ լաս, թե խնդաս: Հատկապես, որ չգիտես էլ՝ «կրտսեր» օլիգարխիկը հայրենիքին իր պարտքը գոնե տվե՞լ է: Դժվար՝ այո, բայց եթե, բան է, տվել է, թերևս արժեր նրան քավոր կանգնելը:
Լ. ՍԱՐԳՍՅԱՆ