կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-09 17:42
Քաղաքական

Փողոցի երեսփոխանները

Փողոցի երեսփոխանները

Տարեվերջյան ասուլիսում վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը հմտորեն շրջանցեց հնչեցված այն հարցը, թե ինչո՞ւ են հանրապետականներն իրենց լկտի պահում լրագրողների հետ: Հարցը բարձրացրած լրագրողը նկատի ուներ ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի հայտնի ժարգոնային արտահայտությունները և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության ժամանակ մի խումբ երիտհանրապետականների սանձարձակ պահվածքը տնտեսագիտական համալսարանում: Դժվար է ասել` վարչապետը դա միտումնավո՞ր արեց, թե՞ մոռացել էր իր նոթատետրում նշումներ կատարել` հիշելու և պատասխանելու համար: Սակայն, անկախ պատճառից, լռության մատնելով իրողությունը, չտալով դրա բարոյական ու գուցե նաև քաղաքական գնահատականը, իբրև իշխող կուսակցության ղեկավարի տեղակալ, պարզապես քաջալերեց բադեյաններին և կանաչ լույս վառեց մյուսների առջև: Այդ ժամանակ ոչ ոք չգիտեր, որ դրանից ընդամենը մեկ-երկու շաբաթ անց Մանվել Բադեյանի կուսակից Առաքել Մովսիսյանը` Շմայսը, թերևս ոգեշնչված իր գործընկերների խիզախումներով, լրագրողի հետ զրույցում ամենալկտի արտահայտություններով շաղ է տալու իր մտքի ու երևակայության հայհոյախառն «գոհարները»` կազինոյում ունեցվածքը կորցնելու մասին հնչած անմեղ հարցադրմանն ի պատասխան: Սա այն նույն պատգամավորն է, ի դեպ, որը ԱԺ-ում գազային համաձայնագրերի վավերացման դեմ` լրագրողների ակցիան դադարեցնելու համար ԱԺ նախագահից պահանջում էր նրանց պարզապես «ս...» անել դահլիճից:

 

Վարչապետից իրականում սեփական կուսակիցներին կարգի հրավիրելու ակնկալիք չի կարելի ունենալ: Նա դրա համար բավարար կշիռ ու հեղինակություն չունի ՀՀԿ-ում: Դա կարող էր անել միայն մեկ մարդ` հանրապետության նախագահը, ով մոտ ինը ամիս առաջ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հարկ էր համարում նկատել. «Ո՞վ չի հասկանում, որ հանրապետության նախագահը ամենամեծ հնարավորությունն ունեցող մարդն է: Ո՞վ չի հասկանում, որ ես կարող եմ ջղայնանալ յուրաքանչյուրի վրա, կարող եմ շատ մարդկանց շատ բաներ պարտադրել: Բայց չեմ ուզում դա անել, եթե դրա ծայրահեղ անհրաժեշտությունը չկա»: Իսկ հանրապետության նախագահը համառորեն չի ուզում մատ թափ տալ: Երևի համարում է, որ դրա ծայրահեղ անհրաժեշտությունը չկա: Հարցն այն է, թե ե՞րբ է հասունացած համարվելու այդ սահմանային անհրաժեշտությունը, երևի այն ժամանակ, երբ Շմայսը խոսքից անցնի գործի՞: Նա, ի դեպ, իր «քաղաքավարի» հայհոյանքներն ուղղել էր ոչ միայն իրեն իբր զրպարտող լրագրողներին, այլ բոլորին: Տրամաբանական է, որ բոլորի մեջ մտնում են նաև իր կուսակիցներն ու անգամ ղեկավարները: Շմայսն իր լեզվի «մուսկուլները» ցուցադրում է ոչ թե հանրությանը, այլ նաև նրանց, ովքեր համարում են, թե ինքը ինչ-որ մեկից ընդհանրապես կարող է վախենալ ու քաշվել: Հետևաբար` մտածելու բան ունի ոչ թե ինքը, այլ հենց վերջիններս, որոնք գուգուրում ու փայփայում են խորհրդարանում նման կատեգորիայի պարտադիր առկայությունը:

 

Շմայսը, Բադեյանը, մյուսները, ոչ մի արտառոց բան չեն անում: Նրանց վարքագիծը լրիվ օրինաչափ է: Եվ դրա համար կա երկու հիմնական պատճառ: Նախ` չնայած ԱԺ-ում էթիկայի հանձնաժողովի առկայությանը, որը իբր կոչված է` հենց նմաններին կարգի հրավիրելու և նրանց գոնե բարոյական պատասխանատվության ենթարկելու, փաստացի գոյություն չունի, որովհետև այս մարդիկ թքած ունեն` կա՞ նման հանձնաժողով, թե՞ ոչ, իրենց նկատմամբ ի՞նչ որոշում է այն կայացնում առհասարակ: Իսկ հանձնաժողովը ամենաշատը կարող է  պատգամավորից աղաչել թեթևակի, ձևի համար ներողություն խնդրել ու անցնել առաջ: Համընդանուր պարսավանքի, դատապարտման կուլտուրան, որը միայն ի վիճակի էր առանձին վերցրած կուսակցությունում, խորհրդարանում կամ ընդհանրապես հասարակությունում մթնոլորտ փոխել, ԱԺ մեծամասնությունում լրիվ անհասկանալի ինչ-որ բան է, որը խեղդվել ու սմքել է «ախպերության» ու «ախպերատիրության» ճիրաններում:

 

Երկրորդ` այս կատեգորիայի, այսինքն` փողոցի պարտադիր ներկայությունը խորհրդարանում արդարացվել է քաղաքական որոշման մակարդակով: Հանրապետական կուսակցության ղեկավարը անցած տարվա մարտին նշել էր. «Եթե բոլորը մտածում են, որ խորհրդարանում պետք է հավաքվեն ամենախելացի մարդիկ, մեր հանրապետության բոլոր ամենալավ մարդիկ, միգուցե ես սխալվում եմ, բայց ես այդպես չեմ համարում: Ես համարում եմ, որ, իրոք, խորհրդարանը պետք է լինի հասարակության արտապատկերը: Իհարկե, անպայման պետք է խորհրդարանը քայլ առաջ լինի բոլոր պրոցեսներից, նաեւ իր կարողություններով, բայց եթե այնտեղ հավաքենք միայն գիտնականների, այդպիսի խորհրդարանը չի կարող իր դերը կատարել»: Եվ քանի որ «փողոցն» իր անուղղակի, կերպարային իմաստով հաստատապես այս հասարակության մի մասն է, այն էլ` ոչ փոքրաթիվ, նշանակում է այն անպայման պետք է ներկայացված լինի ԱԺ-ում, որպեսզի վերջինս իր դերը լավ կատարի: Այնպես որ` պետք չէ առանձնապես նեղվել, այս մարդիկ խորհրդարանում են` ներկայացնելու համար հենց փողոցի շահերը, որտեղի տղամարդկությունը` աջուձախ հայհոյելով ինքնահաստատվող կոմպլեքսավորվածները, վերջապես գիտեն, թե հայրենի երեսփոխաններից ում դիմել պետք եղած դեպքում: Մինչդեռ ընդամենը 3 տարի առաջ ինչքան լավ էր հնչում ՀՀԿ նախագահի շուրթերից. «Մենք բարձրացնում ենք նշաձողը ոչ միայն կուսակցության գործունեության և դրա արդյունքների համար, այլև պահանջները կուսակցության անդամների ու նրանց գործունեության հանդեպ: Իր արածի ու չարածի համար պատասխանատու է մեզնից յուրաքանչյուրը՝ յուրաքանչյուր հանրապետական: Պատասխանատու է ոչ միայն կուսակցության, այլև երկրի առջև: Ավելի՛ն, պատասխանատու է ոչ միայն սեփական վարքի, այլև իր ենթակաների, նաև՝ իր ընտանիքի անդամների վարքի համար»:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ