կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-08 17:03
Քաղաքական

ՀՀԿ-ականները շփոթվա՞ծ են, թե՞ ''պախմելի տակ''

ՀՀԿ-ականները շփոթվա՞ծ են, թե՞ ''պախմելի տակ''

Կառավարության որոշմամբ` այսօրվանից պաշտոնապես սկսվում է աշխատանքային տարին: Սակայն, հավանաբար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արձակուրդին հետևելով, Հանրապետական կուսակցության պատգամավորները դեռ չեն շտապում գոնե ձեւականորեն աշխատել: Ամենայն հավանակնությամբ, տոնական 11 օրը քիչ էր, եւ նրանցից շատերը որոշել են շարունակել հանգիստը:

 

2013-ի ավարտը նշանավորվեց Ռոբերտ Քոչարյանի՝ անսպասելի սուր քննադատական հարցազրույցով, որում նա քննադատության էր ենթարկում վարչապետ Տիգրան Սարգսյանի տարեվերջյան ասուլիսում հնչած որոշ մտքեր: Բնականաբար, Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունից, նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի արձագանքից հետո քաղաքական դաշտում մի քանի տոնական օրով բաց էր մնացել իշխանության ներկայացուցիչների արձագանքների համար նախատեսված տեղը, բայց այսօր էլ, կարծես, նրանք չեն շտապում խոսել այդ թեմայով, երեւի դեռ շփոթության մեջ են կամ էլ «պախմելից» դուրս չեն եկել, Հանրապետական պատգամավորների հեռախոսները կա'մ անհասանելի են, կա'մ նրանք չեն պատասխանում զանգերին: Yerkir.am-ի զանգերին չպատասխանեցին ո'չ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ո'չ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ո'չ էլ պատգամավորներ Գագիկ Մինասյանը, Արման Սահակյանը, Կարեն Ավագյանը: Կարինե Աճեմյանն էլ, լսելով հարցը, հայտարարեց, որ նախկին նախագահներին ինքը չի մեկնաբանում: