Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լրագրողներն այսօր Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է վերաբերվում երեւույթին, որ քաղաքապետն այսօր պետք է թեկնածուական ատենախոսություն պաշտպանի: Ռադիկ Մարտիրոսյանը նախ ասաց, թե չի հասկանում` ինչու է դա դարձել շահարկումների պատճառ, իսկ հետո ավելացրեց. «Այն մարդը, որը գիտության մեջ ասելիք ունի, դա պետք է ասի, եւ դա չպետք է դառնա շահարկումների առարկա»:
Լրագրողների դիտարկմանը` իսկ եթե նրանց «ասելիքը» գրվում է այլոց կողմից, ու նրանք դա ուղղակի արտասանո՞ւմ են, Ռադիկ Մարտիրոսյանը պատասխանեց, որ դրա համար գոյություն ունի գիտական խորհուրդ, գոյություն ունեն այդ ասպարեզի գիտնականներ: «Պաշտպանել, դա չի նշանակում աստիճան ստանալ, պաշտպանելը պետք է դրական լինի: Շատ չի բացառվում, որ ցանկացած պաշտպանությունից հետո խորհուրդը չընդունի այն»,- ասաց նա:
Լրագրողները նշեցին, որ, որպես կանոն, չինովնիկների պաշտպանություններն ընդունվում են, ԳԱԱ նախագահն արձագանքեց, թե այդպես չէ: Իսկ երբ հարցրեցինք, թե կա՞ն այնպիսի չինովնիկներ, որոնք չեն կարողացել պաշտպանել իրենց գիտական ատենախոսությունը, Ռադիկ Մարտիրոսյանն ասաց, որ ինքը չգիտի:
«Այդ խնդրին լուծում կա: Ռուսաստանում այդ խնդիրը շուտով լուծվելու է. մտցվելու է երկու գիտական աստիճան, մեկը կոչվում է բիզնեսի կառավարում, մյուսը` հասարակական կառավարում` այդպիսի մարդկանց համար, որոնք պաշտոնյաներ են: Արդեն նրանք կարող են պաշտպանել, բայց դրանք գիտական կոչումներ չեն լինի»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը' հավելելով, որ խնդիրն այն է, թե պաշտոնյաները պաշտոնը թողնելուց հետո այդ գիտական կոչումներն ինչպես են օգտագործելու:
Նա կարծիք հայտնեց, որ տվյալ դեպքում չափազանցված է քաղաքապետի պաշտպանության հարցը: «Հարյուրավոր' չինովնիկ չասենք, պետական ապարատի աշխատողներ պաշտպանել են, ի՞նչ է եղել այդ տղային»,- նշեց Ռադիկ Մարտիրոսյանը: