Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խաբկանքը կյանքում չափից շատ է, խաբկանքը խաղի մի մասն է, որը հաճախ «ես»-ի երկրորդ կողմն է: «Խաբկանք» է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանի շրջանավարտ Սոսե Կարախանյանի առաջին ցուցահանդեսի խորագիրը: Ցուցահանդեսում ներկայացված են Սոսեի թե՛ նկարները եւ թե՛ նկարազարդ հագուստները:
yerkir.am-ի հետ զրույցում Սոսեն նշեց, որ Հայաստանում շատ դժվար է երիտասարդ ստեղծագործողի համար, քանի որ օղակ չկա, որը կաջակցի քո կայացմանը: Ըստ նրա` ցուցահանդես բացելու համար նոր ու հետաքրքիր գործեր ունենալը բավական չէ, անհրաժեշտ է գտնել հովանավոր, ով քո փոխարեն կլուծի մյուս բոլոր հարցերը:
«Առաջին աշխատանքներիս թեման խաբկանքն էր աղջիկ-տղա հարաբերություններում, կյանքում: Սա խաբկանք էր նաեւ իմ կողմից, քանի որ ես էլ դեպքերն ու դեմքերը ներկայացրել էին այնպես, ինչպես ես էի նկատել, որը միգուցե տարբեր էր իրականությունից, այսինքն` իրերին, զգացողություններին իմ գույներն էի ավելացրել»,- ասում է Սոսեն:
Սոսեի հավաստմամբ` ինքը «Խաբկանք» թեմայի մեջ շատ է խորացել եւ հասկացել, որ խաբկանքի համար միայն մեկ կողմը չէ «մեղավոր», այլ երկուստեք է մեղավորությունը, քանի որ եթե դիմացինը խաղացել է, դու էլ հավատացել ես այդ խաղին կամ փորձել նրան ինչ-որ կերպար «հագցնել»:
«Կարող եմ մարդուն աստվածացնել, բայց հետո հասկանալ, որ դա իմ խաբկանքն էր: Տղան կարող է իր «ոտքից կապել» աղջկան, եւ միայն որոշ ժամանակ անց աղջիկը կհասկանա, որ ինքն ուղղակի ցանցում է եղել: Այդպես է նաեւ նկարչության մեջ, օրինակ` կարող ես նայել մրգերին ու արեւի լույսի տակ տեսնել մի գույն, իսկ մեկ ուրիշ անկյունից` ուրիշ գույն: Ես զգացմունքներիս մեջ երբեք չեմ խաբում եւ հույս ունեմ, որ երբեք ոչ մեկի մոտ խաբկանք չեմ առաջացնի»,- ասում է նկարչուհին:
Նկարիչ դառնալու համար, Սոսեի կարծիքով, մասնագիտական կրթությունը պարտադիր է, բայց, մյուս կողմից, ավելի կարեւոր է ինքնակրթությունը: Ըստ նրա` ստեղծագործողը պետք է միշտ աշխատի իր վրա եւ երբեք չբավարարվի ստեղծածով: Սոսեն խոստովանում է` իր համար ավելի հեշտ եւ նախընտրելի է կտորի հետ աշխատելը, քան կտավի: Ինքը սրտի թրթիռով է իր հագուստները ներկայացրել հանրությանը:
Դիզայներությունը Հայաստանում, Սոսեի կարծիքով, գրեթե զարգացած չէ: Ըստ նրա` ներկայիս դիզայներներն ավելի շատ ստեղծում են այն, ինչ հանրությանը դուր կգա, քան այն, ինչ իրենք կուզեին ստեղծել:
«Դիզայներներն ավելի շուտ ներկայացնում են այն, ինչ հանրությունը կընդունի: Այն, ինչ նրանց խելքին է փչում, նրանց «փախած մտքերը» կյանքի չեն կոչվում, քանի որ դրանք ցուցադրելու եւ տեղ հասցնելու խնդիր կա: Ստացվում է, որ դիզայներների աշխատանքները կմնան նվեր` իրենց»,- ասում է Սոսեն ու հավելում, որ Հայաստանում վերջին տարիներին տղաները սկսել են ավելի նորաոճ հագնվել եւ այլեւ չնախընտրել մուգ գույների հագուստ. «Սակայն, մյուս կողմից, դեռ կան մարդիկ, ովքեր հասարակության կարծիքն են հաշվի առնում` չնայած ուզում են ոճային հագնվել, սակայն մտածում են` բա թաղի տղաներն ի՞նչ կասեն»:
Դիզայների համար թիվ մեկ խնդիրը հովանավորն է. հավատացնում է Սոսեն: Նրա կարծիքով` հովանավորի միջոցով դիզայները կկարողանա բրենդ ստեղծել, որից հետո միայն խանութները կընդունեն դիզայներների գործերը: Ըստ Սոսեի` այդպիսով կլուծվի շատ կարեւոր մի հարց` Հայաստանում թուրքական հագսուստ այլեւ չի ներկրվի. «Շատերը հսկայական գոմարներ են ծախսում` գնելով «իմպրտնի» թուրքական հագուստ: Թուրքականի «իմպրտնին» ո՞րն է»:
Ի դեպ, Սոսեն ցուցահանդեսից հետո Երեւանի քաղաքապետի կողմից պատվոգրի է արժանացել:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
© 2024 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։