կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-02 11:08
Առանց Կատեգորիա

''Նախաձեռնողական'' թարգմանություն

''Նախաձեռնողական'' թարգմանություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին պատրաստվելով՝ իշխանությունները ոչ միայն արագ բարեկարգում էին մայրաքաղաքի փողոցները, այլ նաև, պարզվում է, արձան էլ էին տեղադրում: Նալբանդյան փողոցում տեղադրվել է մի հուշարձան, որի վրա գրված է. «Օրհնյալ է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը»: Նորօրյա իշխանությունները, ինչպես երևում է, Քանաքեռի բարբառով ասված հայտնի խոսքը մաքուր գրականացրել են, սակայն խնդիրն այդ չէ: Մտավախություն ունենք, որ, բացելով հուշարձանը և կարդալով վրան փորագրված «Благословенна в веках дружба народов России и Армении» խոսքը, Վլադիմիր Պուտինը կզարմանա, որովհետև կպարզվի` հայերն օրհնում են ոչ թե հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը, ինչը հասկանալի կլիներ, այլ` Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների: Եթե «Հայաստանի ժողովուրդ» ասելով` մի կերպ կարելի է «հայ ժողովուրդ» հասկանալ` մեր մոնոէթնիկ երկիր լինելու հանգամանքը նկատի ունեցած, ապա միանգամայն անհնար է «Ռուսաստանի ժողովուրդ» ասելով` «ռուս ժողովուրդ» հասկանալ:

 

Ըստ հայ թարգմանչի, որ անտարակույս ՀՀԿ-ական արմատներ ունի, Ռուսաստանի միլիոնավոր թաթարները, զորօրինակ, ևս հայ ժողովրդի դարավոր բարեկամներն են: Անշուշտ, միամտություն է կարծել, թե մերոնց մեջ կարգին թարգմանիչ չի եղել` հայերեն և ռուսերեն տեքստերի անհամարժեքությունը բացառելու համար: Անշուշտ, եղել է: Սակայն ակներևաբար գլուխ է բարձրացրել «նախաձեռնողական» թարգմանությունը` ռուսերեն տարբերակում այնպե՛ս «ընդլայնել» հայերեն տեքստի բովանդակությունը, որ, ռուսից բացի, չնեղանան նաև թաթարն ու չեչենը, դաղստանցին ու ուդմուրտը:

 

Ազատության երգիչ Մ. Նալբանդյանի անունը կրող փողոցում տեղադրված հուշարձանը կոչվում է «Միացյալ խաչ»: Կարծում ենք` շատ տարակուսելի անվանում է, որովհետև, ի տարբերություն հայի, ում բարեկամությունը ռուսի հետ նրա խաչն է` արդեն քանի հարյուր տարի, ռուսի համար մեր բարեկամությունն այնքան էլ խաչի նման չէ, որովհետև նա հարկավոր ժամանակ, «միացյալ» խաչը մեզ հետ տանելու փոխարեն, հանգիստ կարող է նաև խաչ քաշել մեզ վրա: Ինչպես արդեն եղել է:

 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ