Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` «Վարշավայից դեպի Վիլնյուս խաչմերուկներում» թեմայով հանրային քննարկման ժամանակ, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը, խոսելով սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանում սկսված գործընթացների մասին, կարծիք հայտնեց, որ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտները կայացած չեն, և որպես հետևանք` կարևոր որոշումների կայացումը նույնպես ժողովրդավարական սկզբունքներով չի կատարվում:
«Սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանում տեղ գտած գործընթացները մտածելու տեղիք են տալիս. ի՞նչ ճնշումների ազդեցության տակ ստիպեցին իշխանություններին այդպես կտրուկ ու դրամատիկ ձևով փոխել երկրի ուղին` ապահովելով մի ամբողջ սերնդի համար բացասական արդյունքներ».- ասաց Լարիսա Մինասյանը` ընդգծելով, որ սեպտեմբերի 3-ից հետո շատ արագ Հայաստանում սկսեց փոխվել իրավիճակը` բացասական առումով, երբ սկսվեցին տարբեր իրավիճակներում մարդու իրավունքների ոտնահարման երևույթներ ուրվագծվել:
«Թրանսփարենսի Ինփերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն էլ կարծիք հայտնեց, որ համապետական ընտրություններից հետո էր պետք կոշտ դիրքորոշում ցուցաբերել եվրոպական կառույցների նկատմամբ, որովհետև նրանք լռեցին կամ չտեսնելու տվեցին իշխանությունների կողմից վերարտադրվելու նպատակով գործի դրված կոռուպցիոն և ընտրակեղծիքների ակնառու դրսևորումները: «Վստահ եմ, որ ԵՄ-Հայաստան երկխոսությունը չի ընդհատվի, բայց եթե մեր երկրում շարունակվեն այսպիսի ընտրությունները, ուրեմն այդ երկխոսության անկեղծությունը կդրվի հարցականի տակ»,- ասաց Վարուժան Հոկտանյանը: Նա նաև հռետորական հարց բարձրացրեց, որ եթե այսպես շարունակվեն ընտրությունները, երբ 1990թ.-ից մինչ օրս ընտրությունների միջոցով իշխանափոխություն տեղի չի ունենում, և եվրոպական կառույցներն էլ լռության են մատնում ակնհայտ ընտրախախտումները, ուրեմն երկրում ընտրությունների ինստիտուտի գոյությունը դառնում է անիմաստ:
Ժուռնալիստերի «Ասպարեզ» ակումբի խորհրդ նախագահ Լևոն Բարսեղյանը, խոսելով մամուլի ազատության վիճակի մասին, նշեց, որ իշխանություններին ձեռնտու չեն բոլոր այն ժողովրդավարական բարեփոխումները, որոնք չեն նպաստում իրենց իշխանության ամրապնդմանն ու վերարտադրմանը: Եվ թվային տեխնոլոգիաների մուտքով Հայաստանում ոչ միայն չավելացավ հեռուստաընկերությունների թիվը, այլ հակառակը` նվազեց, փակվեցին մի քանի հեռուստաընկերություններ, մնացածների մեծ մասն էլ դարձան իշխանական քարոզչամիջոց: «Չեն սիրում մեր իշխանությունները հեռուստաընկերությունների առատություն»,- ասաց Լևոն Բարսեղյանը: