Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վիեննայում ավարտվեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների շրջանակում, որն առաջինն էր երկու երկրներում կայացած համապետական ընտրություններից և 2012թ. Սոչիում կայացած հանդիպումից հետո:
Նոյեմբերի 19-ին կայացած` մոտ 2 ժամ տևած նախ դեմառդեմ, ապա ընդլայնված կազմերով բանակցություններից հետո նախագահները հեռացան` ԶԼՄ-ներին որևէ մեկնաբանություն չտալով: Հանդիպման արդյունքում այդպես էլ որևէ համակողմանի հայտարարություն չընդունվեց: ՀՀ նախագահը հանդիպման վայրը լքելիս միայն թռուցիկ նշել էր, թե հանդիպումը նորմալ է անցել, ինչը, ըստ էության, իրենց տարածած համատեղ հայտարարության մեջ հաստատել էին նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Այդ հայտարարության մեջ ընդամենը նշվում է, որ նախագահները որոշել են նոր թափ հաղորդել բանակցություններին, պայմանավորվել են առաջիկա ամիսներին դարձյալ հանդիպել և արտգործնախարարներին հանձնարարել են միջնորդների հետ միասին առկա բազայի հիման վրա շարունակել խաղաղ գործընթացի ակտիվացմանն ուղղված աշխատանքները:
Կարգավորման սկզբունքների շուրջ համաձայնությունների ձեռքբերման տեսանկյունից, ըստ էության, Վիեննայի հանդիպումը կարելի է անարդյունավետ համարել: Սակայն իրականում ՄԽ համանախագահների խնդիրը ոչ թե նման համաձայնությունների ձեռքբերումն էր, այլ բանակցային գործընթացը մեռյալ կետից դուրս բերելը: Եվ եթե Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն իսկապես համաձայնել են հանդիպել առաջիկայում, ապա կարելի է համարել, որ բանակցությունները նոր հուն տեղափոխելու նախադրյալներ են ստեղծվել: Իսկ այս պահին դա շատ ավելի կարևոր է հայկական կողմի համար` շփման գծում լարվածությունը թուլացնելու, պատերազմի վերսկսման վտանգը առժամանակ հեռացնելու և ստատուս քվոն պահպանելու տեսանկյունից:
Այս իմաստով Վիեննայի հանդիպման արդյունքը կարելի է ամերիկյան դիվանագիտության փոքրիկ հաղթանակը համարել: Այս հանդիպման անցկացումը հաջողվեց միայն Մինսկի խմբի ամերիացի համանախագահի փոփոխությունից հետո, երբ այդ գործառույթը վերապահվեց Ջեյմս Ուորլիքին: Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններից հետո Ուորլիքը առանձին այց կատարեց Ադրբեջան, և միայն դրան հաջորդած` համանախագահների տարածաշրջանային այցից հետո Ադրբեջանի նախագահը համաձայնեց հանդիպել Հայաստանի նախագահի հետ: Դրան նպաստեց նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից հղված նամակը Ալիևին, որում նա կոչ էր անում օգտագործել պատմական շանսը` հակամարտությունը կարգավորելու համար: Իսկ Վիեննայի հանդպումից անմիջապես առաջ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոազրույց ունեցավ թե' Սերժ Սարգսյանի և թե' Իլհամ ԱԼիևի հետ: Այլևս ակնհայտ է, որ եթե բանակցային գործընթացը շարունակություն է ունենալու, ապա դրա «կնքահոր» դերում լինելու է Վաշինգտոնը, որն այդ էստաֆետը վերցնում է միակողմանի միջնորդության առաքելությունն ամբողջովին ձախողած Ռուսաստանից:
Հարցն այն է, սակայն, թե ի՞նչ լծակների գործադրման արդյունքում է Վաշինգտոնին հաջողվել ցեխում լռված բանակցային սայլը շարժել տեղից: Չի կարելի բացառել, որ, համաձայնելով բանակցությունները շարունակելու` Վաշինգտոնի առաջարկին, Ալիևը պարզապես փորձում է չեզոքացնել իր վերընտրության և ընտրությունների որակի հետ կապված` Արևմուտքի խիստ դժգոհությունները: Պատահական չէ, թերևս, որ Ուորլիքի` Բաքու կատարած այցից անմիջապես հետո Վաշինգտոնը գրեթե հարյուր ութսուն աստիճանով փոխեց վերաբերմունքը Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ, իսկ Օբաման միայն դրանից հետո հարկ համարեց Ալիևին շնորհավորել ընտրվելու կապակցությամբ: Եթե այդպես է, ապա Ալիևը համաձայնել է խաղալ բանակցությունների շարունակման իմիտացիայի` ԱՄՆ-ի նախաձեռնած խաղը` դրա դիմաց ստանալով լեգիտիմության բավարար չափաբաժին, ինչը չի նշանակում, սակայն, որ Բաքուն հրաժարվել է իր մաքսիմալիստական պահանջներից:
Ամենահավանական տարբերակը, սակայն, այն է, որ ԱՄՆ-ը, կարգավորման սկզբունքների հետ կապված, նոր առաջարկություն(ներ) է ներկայացրել կողմերին, որոնք կապված են ԼՂ հակամարտությունը տարածաշրջանային գլոբալ խնդիրների համատեքստում, այսինքն` փաթեթային տարբերակով լուծելու հետ: Այս իմաստով խիստ ուշագրավ էր Թուրքիայի վերջին օրերի ակտիվացումը ԼՂ կարգավորման համատեքստում, և մասնավորապես` ԼՂ-ին հարակից 5 շրջանները Ադրբեջանին հանձնելու, Մեղրիով Ադրբեջանի և Նախիջևանի միջև ցամաքային կապի ստեղծման դիմաց հայ-թուրքական սահմանները բացելու անուղղակի առաջարկների հնչեցումը, որոնք պաշտոնական Բաքվի կողմից տարօրինակ կերպով որևէ արձագանքի չարժանացան` ի տարբերություն նախորդ նմանատիպ դեպքերի: Չի կարելի բացառել, որ այս տարբերակը քննարկվել էր Ալիևի` օրերս Անկարա կատարած պաշոնական այցի ընթացքում, որն էլ, ամենայն հավանականությամբ, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ներկայացրել էր հենց Վիեննայի բանակցությունների նախօրյակին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ժամանակ:
Սակայն եթե անգամ սա բացառապես Թուրքիայի նախաձեռնությունն է` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կարխարգելիչ քաղաքականության և «զրո խնդիր հարևանների հետ» դիվանագիտական ուղեգծի դիմագիծը փրկելու նպատակով, ապա հայկական կողմը պետք է պատրաստ լինի նրան, որ Անկարան կրկին փորձելու է այդ առաջարկների խաղարկման միջոցով դառնալ բանակցային գործընթացի ոչ ֆորմալ հիմնական միջնորդներից մեկը:
Սակայն թե' այս, թե' ընդհանրապես բանակցությունների հետագա ընթացքի տեսանկյունից էական է դառնում Ռուսաստանի գործոնը կամ ամերիկյան նախաձեռնությանն ու ակտիվացմանը հակազդելու վերջինիս տրամադրվածությունը: Բանակցային այս նոր պրոցեսը տեղի է ունենում բոլորովին նոր իրողություններում` կապված Մաքսային միությանը Հայաստանի միանալու և Երևանի կողմից Մինսկում ստանձնած` այդ միության (հասկանալ Ռուսաստանի) շահերին հակասող գործողություններ կամ հայտարարություններ չանելու պարտավորության հետ: Որևէ քայլ հետայսու Երևանը չի կարող անել` առանց հաշվի առնելու Մոսկվայի տրամադրվածությունը, և այս իմաստով խիստ հատկանշական էր, որ Ավստրիա մեկնելուց առաջ ՀՀ նախագահի առաջին քայլը` զինված ուժերի մարտունակությունը դեմոնստրատիվ կերպով ստուգելուց հետո արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին Մոսկվա գործուղելն էր և նրա միջոցով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կոնսուլտացիաների անցկացումը: Մոսկվային չի կարող ոգևորել ԼՂ կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի ակնհայտ ակտիվացումը: Եթե դրա հիմքում իսկապես ընկած է թուրքական առաջարկների տրամաբանությունը, ապա այն ծուղակ է նաև հայկական կողմի համար, և այս համատեքստում Մոսկվայի և Երևանի շահերը կարող են համընկնել, ինչը նշանակում է, որ Երևանի հիմնական խնդիրը դառնալու է բանակցություններին մասնակցությունը Մոսկվայի հովանավորությամբ ձևական դարձնելը և փաստացի տապալելը: Սակայն, հաշվի առնելով Արևմուտքի և Ռուսաստանի միջև սկսված մրցակցության սրումը, դա լինելու շատ ավելի բարդ, քան երբևէ:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ