Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թերեւս գաղտնիք հայտնած չենք լինի, եթե ասենք, որ Բելառուսն ու Ղազախստանը չեն ողջունում Հայաստանի` Մաքսային միությանը անդամակցելը: Վերջերս Մինսկում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարեց, որ Թուրքիան էլ է հետաքրքրված Մաքսային միությունով: Ըստ նրա` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իբր հարցրել էր իրեն՝ արդյո՞ք Թուրքիան կարող է անդամակցել Մաքսային միությանը: Նազարբաեւի այս քայլն, ըստ էության, ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքական «տրյուկ»:
Yerkir.am-ը Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից փորձել է պարզել, թե, ի վերջո, ինչպիսին է պաշտոնական Աստանայի դիրքորոշումը Հայաստանի` ՄՄ-ին անդամակցելու վերաբերյալ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի հայտն արդեն ընդունվել է:
Պարզվում է` Ղազախստանը հարցին պաշտոնական պատասխան դեռ չունի կամ էլ ունի, բայց ինչ-ինչ զարգացումների է սպասում, որից հետո էլ հարմար պահի կխոսի: Այսպիսով` աշխատանքային մեկ ամբողջ շաբաթն ապարդյուն անցավ. Նազարբաեւի մամուլի ծառայությունից պատասխան չստացանք: Նրանց նախագահի մամուլի քարտուղարը շարունակ խորհրդակցության էր (ընդ որում` մենք զանգահարում էինք այն ժամանակ, երբ, իրենց իսկ ասելով, նախագահի մամուլի քարտուղարն ազատ էր ու կարող էր պատասխանել մեր հարցին): Երբ փորձեցինք հասկանալ, թե որն է նման պահվածքի պատճառը, նախագահի աշխատակազմից մեր հեռախոսազանգերին պատասխանող աղջիկն անկեղծացավ. «Դե ինչ արած, ղեկավարությունն է այդպիսին»: Ըստ էության` դա էլ պատասխան էր, անկեղծ պատասխան, որ կերազեինք ստանալ մեր երկրի նախագահի աշխատակազմից: Սակայն այստեղ դեռ չեն կողմնորոշվում, թե «ղեկավարությունն ինչպիսին է»: Միայն չորրորդ օրը մեզ խորհուրդ տվեցին խոսել նախագահի մամուլի քարտուղարի օգնականի հետ, հետո իրենք իրենց ձեռքով հետ զանգահարեցին, ասացին, որ խորհրդականն էլ չի կարող խոսել, լավ կլինի գրավոր հարցում ուղարկենք:
Ուղարկեցինք, մի քանի օր անց զանգահարում ենք: «Ի՞նչ եղավ մեր հարցման պատասխանը»,- հարցնում ենք: Եվ միայն այդ օրը` շաբաթվա 7-րդ օրը, պարզվեց, որ ՀՀ-ի` ՄՄ-ին միանալու վերաբերյալ Աստանայի պաշտոնական դիրքորոշումը նախագահի մամուլի ծառայությունը չի կարող հայտնել: Դա էլ պատասխան էր, այստեղ նույնպես չգիտեն, թե ինչ ասեն:
Իսկ մինչ պատկան մարմինները (պարզվում է` միայն մեզ մոտ չէ այդպես) լռում են, ամեն օր, ամեն ժամի կուլիսային խոսակցություններում լսում ենք նոր անակնկալների մասին, որոնց մասին ո'չ ուզում են տեղեկացնել, ո'չ էլ բացատրություններ տալ: Ինչ անես` «ղեկավարությունն է այդպիսին», իսկ ՄՄ-ում պետք է իրար նման լինեն: