կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-11 21:58
Առանց Կատեգորիա

Նվազագույն աշխատավարձ ստացողը՝ աղետի առջեւ

Նվազագույն աշխատավարձ ստացողը՝ աղետի առջեւ

Օրերս կայացած ասուլիսում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հայտնեց, որ, հաշվի առնելով այս տարվա տնտեսական աճի ցածր ցուցանիշը եւ  բարձր գնաճը,  2013թ․ բյուջեի կատարողականը բացասական է լինելու։ Մինասյանն ասաց, որ գնաճի բարձր մակարդակը պայմանավորված է էներգակիրների գնաճով:

 

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային հարաբերակցման բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանն էլ ասուլիսում հայտնեց, որ Հայաստանում գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացումը կազմել է 18,2%, էներգակիրները ազդել են Ազգային վիճակագրության կողմից վերահսկվող 470 տեսակ ապրանքներից 45% վրա: Արդյունքում` 12-ամսյա գնաճը կազմել է 8,2%:

 

Ակնհայտ է նաեւ, որ գնաճը կտրուկ խորանալու է աշխատավարձերի բարձրացման հետեւանքով: Պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ կառավարության ներկայացուցիչներն ասացին, թե այնպես պետք է անեն, որ այդ գնաճի ազդեցությունը մեծ չլինի: Նման հայտարարություննրով հանդես եկող Հայաստանի կառավարության ներկայացուցիչները, կարծես, հաշվի չեն առնում, որ գործ ունեն սոցիալապես բեւեռացված հանրության հետ:

 

Եթե այդ գնաճը քիչ է անդրադառնալու հաջորդ տարվանից արդեն 200 տոկոսով բարձր աշխատավարձ ստացող նախարարի կամ կրկնակի բարձր աշխատավարձ ստացող պատգամավորի վրա, ապա նվազագույն աշխատավարձ ստացողի համար գնաճն արդեն աղետ է: Օրինակ` եթե 300 հազար դրամ նախարարական աշխատավարձը դառնա 700 հազար դրամ, իհարկե, նախարարը գնաճի ազդեցությունը չի զգա, իսկ 45 հազար նվազագույն աշխատավարձ ստացողը ստանալու է ընդամենը 5 հազար դրամով ավելի գումար: Եվ ոչ միայն նվազագույն աշխատավարձ ստացողներն են տուժելու:

 

Բացի պետական աշխատողներից, կա նաեւ աշխատուժի մեծ բանակ, որոնք պատիվ չեն ունեցել պետական սեկտորում աշխատող կոչվելու: Մեծամասնությունը ստանում է նվազագույն աշխատավարձի ընդամենը կրկնակին կամ եռապատիկը: Նրանց աշխատավարձերի բարձրացումը կապված է մասնավորի ցանկություն-հնարավորության հետ: Իսկ ինչպե՞ս է նրանց վրա ազդելու գնաճը:

 

Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը համարում է, որ տրանսպորտի սակագնի բարձրացման հարցը արհեստականորեն շատ է սրվել: «Ի՞նչ է' մարդիկ ձու, պանիր, միս չե՞ն ուտում և ընդամենը 50 դրամի շուրջ այսպիսի աղմուկ են բարձրացնում»,- Yerkir.am հետ զրույցում ասել էր նա:

 

Այո, պատկերացրեք, որ այդ 50 դրամները մեծ ազդեցություն ունեն: Որովհետեւ թանկ հաց, պանիր, մսամթերք, կաթնամթերք, գազ, լույս, հագուստ գնողը ոչ միայն պետք է պատրաստվի նույն ապրանքների հետագա գնաճին, այլեւ պետք է գնի տրանսպորտի թանկ տոմս: 

 

Եվ հիմա ինչպե՞ս են մեղմվելու գնաճի հետեւանքները եւ ո՞ւմ համար են մեղմվելու: Նախարարների՞:

 

Ահարոն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ