Մոնթելիմարի Կոնգրեսի միջհամայնքային պալատը սեպտեմբերի 27-ից կրում է Շառլ Ազնավուրի անունը: Սա էլ առիթ է եղել, որ Ազնավուրը հիշեցնի. «Իմ անունով Հայաստանում հրապարակ, պուրակ ու 4 մետրանոց մի արձան կա»:
Անվանակոչության միջոցառման ընթացքում Ազնավուրը հարցազրույց է տվել ֆրանսիական պարբերականներից մեկին ու նորից անկեղծորեն ներկայացրել իր տեսակետնրը հայ-թուրքական հարաբերությունների եւ խոսել իր հայկական ինքնության մասին. տեղեկացնում է yerkirmedia.am-ը:
«Ես կողմ եմ Թուրքիայի հետ մերձեցմանը»,- ֆրանսիական «Լը Դոֆինե Լիբեղե» պարբերականն այսպես է անվանել իր հարցազրույցն Ազնավուրի հետ, որում բազմիցս հիշատակվում է հայկական հարցը:
«Ես միշտ յուրահատուկ գաղափարներ եմ ունեցել,- ասել է Ազնավուրը,- օրինակ` առաջարկել եմ քայլեր կատարել մահմեդականացված հայերին Հայաստան բերելու ուղղությամբ: Ես ասել եմ, որ պետք է գտնել աշխատանք, կացարան, որովհետեւ ազգությամբ ամեն ինչ որոշված է: Դրանից հետո անցել է 3 տարի, բայց ես ոչ մի անգամ չեմ լսել, որ դրա մասին խոսեն: Ես Թուրքիայի հետ մերձեցման կողմնակից եմ: Բոլոր հայերն այս հարցում ինձ հետ համաձայն չեն, մինչդեռ շուտով կլրանա Ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Սահմաններն այսօր արդեն բացվում են»:
Ազնավուրն առաջիկայում պատրաստվում է գնալ Թուրքիա, բայց դա կապ չունի ո՛չ հայկական հարցի, ո՛չ էլ Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի հետ: «Ես ուղղակի ուզում եմ գնալ այն երկիրը, որտեղ ծնվել է իմ մայրը,- ասել է Ազնավուրը եւ հավելել,- Ինձ դուր է գալիս թուրք ժողովուրդը: Երբ ես մի բան ասում եմ, դա Անկարայի դեմ է եւ ոչ թե թուրք ժողովրդի»:
Թուրքիա մեկնելու ռիսկի հետ կապված հարցին էլ Ազնավուրը պատասխանել է, որ իր տարիքում ռիսկն այլեւս կարեւոր գործոն չէ, եւ ինքը երբեք էլ վախկոտ չի եղել:
«Դուք ամենահայտնի հայն եք աշխարհում»,- հիշեցրել է լրագրողը, ինչին Ազնավուրը պատասխանել է. «1963-ին, երբ ես ժամանեցի Հայաստան, ինձ դիմավորեցին «Բարով եք եկել Ձեր տուն» պաստառներով: Բայց ես նրանց ցավեցրի` ասելով, որ իմ երկիրը Ֆրանսիան է: Ես հայերեն չեմ գրում, չեմ կարդում, հայերեն չեմ աղոթում, չգիտեմ Հայաստանի օրհներգը: Ինչո՞ւ ստել: Ճշմարտությունը ցավեցնում է, բայց ոչ երկար ժամանակ: Ճշմարտությունը հիշվում է միշտ: Հաշվենկատ սուտն է, որ ցավեցնում է»: