կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-27 14:28
Առանց Կատեգորիա

Մեր մեծ ժամանակակիցը

Մեր մեծ ժամանակակիցը

 

 

«Չկշտացա իմ երկրից...»

 

Սոս Սարգսյան

 

Խմորատաշտից, սովորաբար, մի մեծ գունդ են առանձնացնում' վաղվա շաղախի համար: Վաղվա շաղախն ինքնիրեն էլ կթթվի, եւ թթխմոր ասածը խմորը սոսկ հասունացնելու համար չէ: Թթխմորը երեկվա հացի որակը փոխանցողն է:

 

Քսաներորդ դարի մշակութային տաշտից, նախախնամությունը, որպես մերան, որպես մայա, որպես մակարդ, որպես պատվաստ, որպես թթխմոր, Սոս Սարգսյանին պահեց քսանմեկի համար: Իրեն վիճակվեց բոլոր դարասկզբներին հատուկ անկանոն, հեղափոխական ու կեղծ հեղափոխական քաոսի մեջ փորձել պահպանել արդեն ձեռք բերվածը' հայի որակը, հայի կերպարը, հայի տեսակը: Նրա այս նոր դերն այլեւս բեմական չէ, ցուցադրական չէ, թերեւս, նույնիսկ տեսանելի չէ, որքան էլ արտառոց հնչեն այս որակումները դերասանի վերաբերալ: Նա վաղուց արդեն ազատագրվել է մասնագիտության սահմաններից եւ ավելին է, քան դերասանը, ինչպես Բանաստեղծն է ավելին լինում, քան բանաստեղծը, ինչպես Դարբինն է ավելին լինում, քան դարբինը: Այլեւս կարեւոր չէ' խաղո՞ւմ է Սոսը թատրոնում, կինոյում, թե ոչ, գի՞րք է գրում, թե թատրոն ստեղծում, ծառատո՞ւնկ է անում, թե դասավանդում... Կարեւորն արդեն նրա ներկայությունն է խառնափնթոր մեր այս օրերորւմ, երբ նորի ծիլը կարող է խեղդվել, թերեւս, նաեւ խեղդվում է, մոլախոտի առատությունից: Նա թթխմորի իր գործն է անում: Խմորի ներսում, անշշուկ, հետեւողական, համբերատար: Նրա բնազդն ու բանականությունը վաղուց արդեն հաշտ են ապրում: Նա գիտե, որ որակը ժառանգաբար չի փոխանցվում: Որակը ստեղծվում է ամեն օրվա աշխատանքով: Նա գիտե, որ մոլախոտը կենսունակ է, իսկ կուլտուրան խնամքի կարոտ: Եվ եթե Աստված կուլտուրային չի օժտել ժառանգականությամբ, որովհետեւ իր ստեղծածը չէ, այլ քոնը, ապա բարի եղիր ինքդ ջանալ, ժառանգականությանը հավասարազոր միջոցներ ստեղծել: Մարդու հայտնագործած մերանը, մայան, մակարդը, պատվաստը, թթխմորը հենց այդ միջոցներն են:

 

Բայց միջոց հայտնագործելուց առավել, միջոց դառնալն է կարեւորը, խմորի, կաթի, ծառի, բույսի, հասարակության մեջ տարրալուծվելու, որակը փոխանցելու աստվածային հատկությունը, ինչով օժտված է մեր մեծ ժամանակակիցը:

 

Ռուբեն Հովսեփյան

 

«Դրօշակ»

ՀՅԴ Պարբերաթերթ նոյեմբեր 2009 թիվ 11 (1614)