կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-19 10:53
Հասարակություն

Կարմիրը

Կարմիրը

Լուսանկարում Վանաձորի Ա. Շիրակացի փողոցի և քաղաքի գլխավոր` Տիգրան Մեծ պողոտայի հատման վայրն է: Պարսպից այն կողմ երբեմնի հզոր` համամիութենական նշանակության պոլիմերային սոսինձների գիտահետազոտական ինստիտուտին պատկանող տարածքն է, երևացող ավերակը` նույն ինստիտուտի շենքը: Ինչպես երևում է մակագրությունից, տարածքը վաճառվում է:

 

Կարևոր չէ` ում սեփականությունն է այսօր, կարևոր չէ` ինչու է վաճառվում. լրագրողիս ու հայոց լեզվի երբեմնի ուսուցչիս համար յուրատեսակ այս հայտարարության մեջ ամենակարևորը… թույլ տրված սխալների ուղղումն է: Ինչ-որ մեկը, ինչ-որ տարօրինակ ու սիրելի մեկը ժամանակ ու ցանկություն է ունեցել` վերցնել ներկ ու վրձին և շտկել ուղղագրական սխալները: Ու չգիտես` ինչու, ինձ ամենից շատ հուզում է փաստը, որ անհայտ լեզվասեր իմ բարեկամը սխալների ուղղումը, ինչպես վայել է իսկական ուսուցչին, կատարել է կարմիր ներկով` ցույց տալով սխալի և ճշտի նաև գունային անհամատեղելիությունը:

 

Ուրեմն էլ ինչպե՞ս չմտածեմ, ուրեմն էլ ինչպե՞ս չհուսամ, որ մեր մեջ քանի դեռ կան մայրենի լեզվի մաքրության համար կարմիր գույնն ահա այսպես պատրաստ պահած հայորդիք, քանի դեռ նրանց աչալուրջ հայացքի ներքո «վաճարվում է»-ն դառնում է «վաճառվում է», «տարացք»-ը` «տարածք», ուրեմն մեր լեզուն առայժմ չի վաճառվում ու դեռ ապահով տարածքում է: Ապահով` ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր ամեն ինչ արել և անում են` լեզուն նույնպես անապահովության ճահիճներում թաղելու համար, ինչպես որ երկիրն են թաղել: Չնայած` բոլորովին հակառակն էին խոստանում:

 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ