կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-18 15:00
Քաղաքական

Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարները քննարկել են ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման հարցը

Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարները քննարկել են ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման հարցը

Սեպտեմբերի 17-ին  աշխատանքային այցով Վարշավա ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ։



Նախարարները քննարկեցին Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերությունների հետագա զարգացման ուղիները։ Այս առումով Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը նպատակադրված է շարունակել համակողմանի փոխգործակցությունը Եվրոպական Միության հետ հնարավոր բոլոր ուղղություններով։ 



«Հայաստանը, Արևելյան գործընկերության նախաձեռնության հենց սկզբից, անգամ դրանից առաջ, ասել և շարունակում է ասել, որ պատրաստ է հնարավորինս սերտ, հնարավորինս ընդլայնված հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, մոտ լինել Եվրամիությանն այնքան, որքան դա հնարավոր կլինի Եվրամիությանը, բայց ոչ ի վնաս և ի հաշիվ Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունների։ Նաև այդ համատեքստում պետք է դիտարկել Հայաստանի որոշումը անդամակցել Մաքսային միությանը», - շեշտեց Հայաստանի արտգործնախարարը։



Նախարար Նալբանդյանը նշեց, որ կարևոր է առաջ մղել Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերությունները՝ հիմնվելով վերջին տարիներին համատեղ արձանագրած առաջընթացի և արդյունքների վրա։



Էդվարդ Նալբանդյանը լեհ գործընկերոջը տեղեկացրեց նաև Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի վերաբերյալ։