կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-10 12:34
Քաղաքական

Նալբանդյանը Փաշինյանին չի բավարարել

Նալբանդյանը Փաշինյանին չի բավարարել

ԱԺ-ում ավարտվեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԱԺ պատգամավորների փակ հանդիպումը, որը տեւեց շուրջ մեկ ժամ:

 

Հանդիպումից դժգոհ էր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ, ցավոք, ՀՀ ԱԳ նախարարը չունի պատասխաններ: «Քանի որ հանդիպումը փակ էր, ես կարող եմ արձանագրել, որ Էդվարդ Նալբանդյանը որեւէ հարցի չի պատասխանել, եւ բովանդակային որեւէ տեղեկատվություն, ըստ էության, չենք ստացել: Ցավոք, ես բովանդակության մանրամասները չեմ կարող բացահայտել, բայց ասում էր ամեն ինչ, բացի այն բանից, ինչ կապ ուներ հարցի եւ դրա էության հետ»,-դժգոհեց Փաշինյանը:

 

Իսկ արդեն ԱԺ նիստում պատգամավորը հայտարարեց` քանի որ Նալբանդյանը որեւէ պատասխան չհնչեցրեց, ինքը երկու եզրակացության կարող է հանգել` կա'մ Նալբանդյանի ունեցած տեղեկատվությունն այնքան անբարենպաստ է, որ չի ուզում ասել, կա'մ էլ, առհասարակ, տեղյակ չէ, թե ինչ է կատարվում:

 

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն, ի պատասխան, նշեց, որ ՀՀ նախագահը հայտնել է անդամագրվելու մտադրության մասին, մնացած գործընթացները դեռ չեն սկսվել: