|
Փոխարժեքներ
30 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով հրատապ կարգով Բրյուսել էր մեկնել` ԵՄ կառույցներին բացատրելու Մաքսային միությանը միանալու` Հայաստանի նախագահի ընդունած որոշման պատճառները, հինգշաբթի օրը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ։ Ըստ արտգործնախարարության տարածած հաղորդագրության` Էդվարդ Նալբանդյանը և Շտեֆան Ֆյուլեն պայմանավորվածություն են ձեռք բերել` շարունակել ինտենսիվ խորհրդատվությունները Հայաստանի և Եվրոպական Միության միջև։ Հաղորդագրությունից, սակայն, պարզ չէր դառնում, թե որքանո՞վ են այդ խորհրդակցությունները վերաբերում Հայաստանի կողմից նոյեմբերին Արեեւելյան գործընկերության վիլնյուսյան գագաթաժողովին Հայաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը: ԱԳՆ-ի այդ հաղորդագրությունից, սակայն, պարզ է դառնում, որ բոլոր դեպքերում որոշվել է չկասեցնել սեպտեմբերի 12-13-ը Երևանում կայանալիք` Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների, ինչպես նաև Արևելյան գործընկերության անդամ երկրների կրթության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումները, որոնց մասնակցելու են Եվրամիության Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլուն, Եվրամիության արտաքին գործերի ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիտը։
Հայտնելով այս մասին` ԱԳՆ-ն փորձել է տպավորություն ստեղծել, թե բոլոր դեպքերում Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ-ի հետ համագործակցությունը շարունակվում է, և գոնե տեսականորեն չի բացառվում նաև վիլնյուսյան գագաթաժողովին Ասոցացման համաձայնագրի ինչ-որ մոդիֆիկացված տարբերակի ընդունումը: Համենայն դեպս, պատահական չէր, որ գրեթե միաժամանակ հայաստանյան լրահոսում անանուն տեղեկություն հայտնվեց այն մասին, թե Հայաստանի իշխանությունները ԵՄ-ի ղեկավարների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել ստեղծված նոր իրողություններին համապատասխանեցնել Ասոցացման համաձայնագիրը` Մաքսային միությանը միանալու` Հայաստանի որոշման հետ համահունչ դարձնելու նպատակով: Այս տեղեկատվությունը, սակայն, ավելի շատ արտացոլում էր Հայաստանի իշխանությունների ցանկությունները, քան օբյեկտիվ իրականությունը: Բանն այն է, որ այսօր կեսօրից հետո «Ազատություն» ռադիոկայանը տեղեկատվություն հրապարակեց այն մասին, որ Եվրամիության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Փիթեր Սթանոն հայտարարել է, թե Եվրամիությունը «չի պատրաստվում» Հայաստանի հետ ստորագրել ո'չ Ասոցացման և ո'չ էլ, առավել ևս, Խոր եւ համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը, քանի դրանք անհամատեղելի են Մաքսային միությանը միանալու` Երևանի ընդունած որոշման հետ: Եթե սա իսկապես ԵՄ-ի պաշտոնական մոտեցումն է, ապա դա նշանակում է, որ նախարար Նալբանդյանի բրյուսելյան այցը բովանդակային իմաստով տապալվել է, և ԵՄ-ն մերժել է Ասոցացման համաձայնագրի միայն քաղաքական հատվածը առանձնացնելու և ստորագրելու, պրոցեսը որևէ կերպ ձախողումից փրկելու հնարավորությունը: Դա նաև նշանակում է, որ Բրյուսելը պարզապես չի հավատում Հայաստանի` եվրոպական ուղին շարունակելու անկեղծությանը և պարզապես չի ցանկանում, որպեսզի ստորագրվի բացարձակապես իմաստազրկված ու կոնկրետ արդյունքներ չխոստացող որևէ փաստաթուղթ: Այլ կերպ ասած` ՀՀ արտգործնախարարին չի հաջողվել համոզել, որ իրականում ձևական բնույթ է ունենալու Մաքսային միությանը Հայաստանի միանալը:
Այս հարցում, իհարկե, Բրյուսելին կարելի է հասկանալ: Եթե նա հիմա գնա զիջումների, ապա կարող է նախադեպ ստեղծել Արեւելյան գործընկերության մաս կազմող այլ երկրների` Ուկրաինայի և Մոլդովայի համար, որոնք նույն պատճառներով այսօր գտնվում են Ռուսաստանի հսկայական տնտեսական ու քաղաքական ճնշումների ներքո: Հայաստանի հետ հարաբերությունների ճկունացումը վերջիններս կարող են ընկալել որպես ստեղծված իրավիճակից դուրս գալու տարբերակ և ընտրեն նույն ճանապարհը, ինչ Հայաստանը: Այդ դեպքում,անգամ եթե վիլնյուսյան գագաթաժողովը չտապալվի, ԵՄ-ի հաղթանակը կարող է լինել պյուրոսյան: Ահա թե ինչու, գոնե հրապարակային մակարդակով Բրյուսելը պետք է «չորկողություն» և սկզբունքայնություն ցուցաբերի:
Բայց սա չի նշանակում, որ այն վերջնականապես ձեռքերը լվանում է Հայաստանից: Եթե Բրյուսելին հաջողվի այդ դերի մեջ մնալ, ապա կուլիսային մակարդակով Հայաստանի հետ Ասոցացման պայմանագիրը վերափոխելուն ուղղված բանակցությունների հաջող ելքի դեպքում ամենավերջին պահին, երբ արդեն գործընթացից Ուկրաինայի և Մոլդովայի հրաժարման վտանգ չի լինի, Բրյուսելն ու Երևանը կարող են հայտարարել Ասոցացման նորացված համաձայնագիրը ստորագրելու որոշման մասին: Դա, իհարկե, Հայաստանի իշխանության համար դեմքը փրկելու հիանալի հնարավորություն կլինի: Սակայն եթե անգամ այս տարբերակը չաշխատի, ԵՄ-ն կփորձի Հայաստանի հետ գործակցության հեռանկարներ փնտրել Արեւելյան գործընկերության շրջանակներից դուրս` այնուամենայնիվ, Երևանի նկատմամբ ազդեցության լծակները վերջնականապես չկորցնելու համար: Ահա թե ինչով կարելի է, թերևս բացատրել, մի կողմից, ՀՀ ԱԳՆ-ի ակնարկը ԵՄ-Հայաստան խորհրդակցությունները շարունակելու և, մյուս կողմից, Ասոցացման համաձայնագիրը չստորագրելու որոշման մասին Եվրամիության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատարի խոսնակի հայտարարության համընկնումը: Այսինքն` կարելի է արձանագրել, որ պրոցեսը մտել է անորոշությունների մի շրջափուլ, որը ցանկացած դեպքում կավարտվի այս տարվա նոյեմբերին` Վիլնյուսում:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ