Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՇ-ի Գեւորիկի մտքով չէր անցնի բղավել որեւէ հակահհշականի վրա: Նա ժողովրդի հետ խնդիրներ չուներ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին: Գեւորիկը տեղյակ էր հակահհշական տրամադրություններին: Բայց այդ տղայի մտքով չէր անցնում կանգնել դժգոհողների եւ ՀՀՇ-ի արանքը: Բարձրաստիճան հհշ-ականները նրան գումար էին տալիս ապրելու համար: Հիմնականում ՀՀՇ-ի ղեկավար խորհրդի նիստի օրերին: Նա գիտեր, թե որ օրերն են դրանք: Գալիս էր եւ ստանում իրեն հասանելիքը: Նիստից ազատ օրերին նրա հետքն էլ չէր երեւում: Երբ բողոքողները կուտակվում էին ՀՀՇ-ի մոտ, Գեւորիկը մտնում էր նրանց մեջ: Ընդ որում ոչ համակրանք էր ցույց տալիս, ոչ էլ՝ զզվանք: Ու զբոսնում ձեռքերը մեջքին: Նա նույնիսկ ձայն չուներ ինչ-որ մեկին բղավոցներով գրգռելու համար: Նա ջանադիր հհշամետ երեւալու կարիք չուներ: Ոչ ոք նրանից չէր պահանջում մանր ծառայություններ՝ տրված դրամի դիմաց: Բոլորը գիտեին՝ ինքը ՀՀՇ-ի Գեւորիկն է: Եթե նա կոպտեր հավաքվածներին, կարժեզրկեր իր այդքան պաշտած ՀՀՇ-ն, եթե թողներ, հեռանար, կդառնար դասալիք:
Այսօր նա նույն ամպլուայի մեջ ՀՀԿ-ում է: Կրկին առանց աղմուկի: Հայտնի է միայն, որ նրան փող տվողները չեն փոխվել, փոխվել է նրանց կուսակցական պատկանելությունը: Այդ ընթացքում ՀՀՇ-ի Գեւորիկը ձեռք բերեց մի շարք հիվանդություններ, նիհարեց, կորցրեց ատամները եւ, ի դեպ, գիրք է գրում՝ «Զարթոնք» վերնագրով: Կրկին առանց աղմուկի: Գեւորիկը ծերացել է: Եվ փաստը, որ նա ծերանում է առանց աղմուկի, նրան դարձնում է լուռ երախտագիտության վերջին մոհիկան վերեւներում: Հիմա երախտագիտության աղմուկը շատ է: Բոլորը բղավում են, թե ով է իրենց գյուղի տրակտորների հովանավորը, ով է գյուղ բերել բելոռուսական արտադրության հակակարկտայինները, ում եկեղեցում են աղոթում իրենք: Բոլորը բղավում են եւ այդ աղմուկի մեջ պարզ չէ՝ զուլալ իմաստով ո՞վ է բարեգործը եւ բարեգործվողը:
Այսօր ՀՀԿ-ն տատիկ ունի ընդդեմ ընդդիմախոսների: Եվ այդ տատիկը տեղով կառավարման համակարգի փիլիսոփայություն է: Այնպես չէ, որ ՀՀԿ-ն անձամբ է ծնել այդ տատիկին: Եվ այնպես չէ, որ այդ տատիկը կյանքը կտար ՀՀԿ-ի վերնախավի համար, եթե նրան ոսկու մեջ «թաղեին»: Երախտագիտությունն այսօր իր մասին բղավում է, որովհետեւ ոչ մի հասկացություն բավարար համբերություն չունի վերաբերմունքի արժանանալու համար: Հիմա երկիրը լցված է հրապարակային երախտագիտությամբ: Սա որտեղի՞ց է գալիս՝ աղանդներից: Աղանդները միշտ եղել են աղմկարար: Հրապարակային երախտագիտությունն աղանդ է, որովհետեւ նրա մեջ աղմուկ կա:
ՀՀԿ խորհրդի կամ գործկոմի նիստի օրերին լրագրողներին տհաճ է ՀՀԿ տատիկի ճղճղոցը Սերժ Սարգսյանի օգտին կամ նրա լավը չուզողների դեմ: Հիմնականում, իհարկե, նրա լավը չուզողների դեմ: Տատիկը չի կարողանում պարզապես գալ եւ լուռ կանգնել ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ: Եթե ՀՀԿ գրասենյակի մոտ նիստերի օրերին երախտագիտության աղմուկ չկա, ուրեմն, ըստ նրա, կա դավադրություն: Եվ այդ դավադրությունը նա «կանխում» է ՀՀԿ-ի վատն ուզողներին հայհոյելով: Ինքը նիստ առ նիստ վաստակում է իր գումարները աղմուկ հանելով: Այդ աղմուկը ցույց է տալիս միայն մեկ բան՝ խուճապ: Էս խուճապի հիմքում համակարգի ոչ լեգիտիմությունն է: Ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ՝ համակարգի: ՀՀՇ-ն լեգիտիմ քաղաքական ուժ էր նույնիսկ եթե ոչ լեգիտիմ էր Տեր-Պետրոսյանը: Կուսակցությունն ուներ ազատական գաղափարախոսություն կոշտ տնտեսական քաղաքականությամբ: ՀՀԿ-ն քաղաքական պոպուլիզմի մուտացիա է: ՀՀԿ-ական տատիկի աղմուկը ծածկում է քաղաքական որեւէ հենարանի բացակայությունը: Տատիկը տպավորություն է թողնում, թե ինքը ժողովրդի ձայնն է ընդդեմ «թուրքերի» ու «անասունների»: Այդ ամենը նա բղավում է կառավարող կուսակցության շենքի մոտ՝ իրենից անկախ շենքում գտնվողներին դարձնելով իր աղմուկի հասցեատեր: Քանի որ հենց նրանք կարիք ունեն իմանալու, թե ինչպես է այս տատիկը վաստակում իր գումարը: Այնպես չէ, որ այդ տատիկը քիչ համակրանք ունի: Բայց դա բարեգործության թեման չէ: Ցանկացած աղանդ իր գոյությունն արդարացնում է ոչ թե քարոզվող գաղափարի հրատապությամբ կամ հմայքով, այլ՝ մյուսներին ոչնչացնելով: Ինչը եւ անում է ՀՀԿ-ի տատիկը: Իսկ այլ բա՞ն է անում Սերժ Սարգսյանը:
Սեյրան Հանոյան