Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսուհետև Գեղարքունիքի մարզի Վարդաձոր և Լիճք համայնքների բնակիչները ևս առողջության առաջնային պահպանման ծառայությունները կստանան ժամանակակից հարմարություններով և անհրաժեշտ գործիքներով ու պարագաներով հագեցած ամբուլատորիաներում:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը և ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ մասնակցել են նորակառույց այդ ամբուլատորիաների բացմանը։ Դրանք նախկինում չունեին կենցաղային ու բուժական անհրաժեշտ հարմարություններ։
«Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր–2» հավելյալ ֆինանասավորման վարկային ծրագրում ընդգրկված բոլոր 13 ամբուլատորիաները, այդ թվում`Վարդաձորում և Լիճքում, կառուցվել են ընդամենը ութ ամսվա ընթացքում։
Վարդաձորի համայնքում ներդրվել է շուրջ 55.1 մլն դրամ, որից 52.6 մլն՝ շինարարություն (նախահաշվային արժեքը՝ մոտ 67.8 մլն դրամ), և շուրջ 2.5 մլն` բժշկական սարքավորումներ ու պարագաներ, կահույք:
Լիճք համայնքում ներդրվել է շուրջ 50.6 մլն դրամ, որից շուրջ 48.1 մլն՝ շինարարություն (նախահաշվային արժեքը՝ մոտ 62.2 մլն դրամ)։ Ամբուլատորիաների բժիշկներն ու բուժքույրերը ծրագրի շրջանակներում մասնագիտացել են որպես ընտանեկան բժիշկ և բուժքույր:
Նախարարը տեղեկացրել է, որ եկող տարի ամբուլատորիաներին լրացուցիչ սարքավորումներ կտրամադրվեն սկրինինգային հետազոտություններ իրականացնելու համար։ Շնորհավորելով մարզի բնակիչներին` Դերենիկ Դումանյանը նշել է, որ հանրապետության նախագահի ծրագրով արդեն ավելի քան 260 գյուղական նման ամբուլատորիա է շահագործման հանձնվել:
Ընդհանուր առմամբ 2000-2013թթ. Գեղարքունիքի մարզում կառուցվել և հիմնանորոգվել է համայնքային 21 բուժհաստատություն։ Գեղարքունիքի մարզի ամբուլատոր պոլիկլինիկական օղակում կատարվել է մոտ 1 մլրդ 234 մլն 801 հազար ՀՀ դրամի կամ շուրջ 3 մլն 100 հազար ԱՄՆ դոլարի ներդրում: Արդյունքում մարզում ենթակառուցվածքների բարելավման կարիք ունի միայն 4-5 գյուղական ամբուլատորիա: