Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գեղարքունիքի մարզի դատախազությունը նույն մարզի դատարան է ուղարկել այս տարվա հունվարին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի ճանապարհին տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործը: Այս գործով մեղադրանք է առաջադրված 5 անձի: Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արմեն Գորոյանը, խմբի կազմում, 2015 թվականի հունվարի 26-ին` ժամը 15-ի սահմաններում, Լիճք գյուղում, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, որը զուգորդվել է նաև Լիճք գյուղի բնակիչ Արայիկ Յուրիկի Իրիցյանի նկատմամբ, որպես զենք օգտագործվող առարկայով, բռնություն գործադրելով և մարմնական վնասվածք պատճառելով:
Ըստ նախաքննության ՝ Արմեն Գորոյանը Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչներ Էդգար և Էդուարդ Սրքոյանների, Աշոտ Ավետիսյանի, Երևան քաղաքի բնակիչներ Գառնիկ Նիկողոսյանի և Արիստակես Բարսեղյանի ու գործով չպարզված 4-5 անձանց հետ 2015 թվականի հունվարի 26-ին` ժամը 15-ի սահմաններում, 5 ավտոմեքենաներով գնացել են Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին գտնվող բենզալցակայանի և դրան կից հասարակական սննդի սպասարկման ու ավտոտեխսպասարկաման կետերի տարածք: Այնտեղ, ըստ մեղադրական եզրակացության, վերջիններս պատահաբար հանդիպել են Լիճք գյուղի բնակիչ Արայիկ Իրիցյանին և Միշա Խաչատրյանին: Գառնիկ Նիկողոսյանը մոտեցել է Արայիկ Իրիցյանին ՝ հայհոյանք տալով, հեգնական տոնով հարցրել է վերջինիս եղբոր՝ Արթուր Իրիցյանի գտնվելու վայրի մասին և պահանջել է կանչել նրան: Նրանց է մոտեցել Արիստակես Բարսեղյանը և բռունցքով հարվածել Արայիկ Իրիցյանի քթին: Այդ ընթացքում Արմեն Գորոյանը շուրջ 5 րոպե հայհոյանքներ է տվել, նախապես ձեռքը վերցրած մահակով մեկ անգամ հարվածել Արայիկ Իրիցյանի գլխի գագաթային մասին՝ պատճառելով արյունազեղում: Այնուհետև Գորոյանը ոտքերով ու ձեռքերով հարվածել է Արայիկ Իրիցյանի մարմնի տարբեր մասերին:
Այսպիսով` Գորոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանությունը): Բացի այդ` Արմեն Գորոյանը 2015 թվականի հունվարի 26-ին, գտնվելով Լիճք գյուղի` Արցախյան պատերազմում զոհվածների հուշարձանի տարածքում, նկատել է, որ համագյուղացի Արթուր Իրիցյանը և իր ընկեր Աշոտ Ավետիսյանը վիճաբանում են միմյանց հետ, Արթուր Իրիցյանը ձեռքին գտնվող զենքի խզակոթով ու բռունցքով հարվածել է Աշոտ Ավետիսյանին: Երբ Արմեն Գորոյանը փորձել է մոտենալ նրանց, այդ ընթացքում ներկաները բաժանել են վիճաբանողներին, ու Արթուր Իրիցյանն իր ձեռքին գտնվող զենքը դրել է հուշարձանի պատի տակ ու Աշոտ Ավետիսյանից փորձել է պարզել իր եղբորը ծեծի ենթարկելու պատճառը և, այդ ամենը տեսնելով, Արմեն Գորոյանը, ապօրինաբար Արթուր Իրիցյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, մոտ 3 մետր հեռավորությունից իր կողմից ապօրինի կրած «Մակարով» տեսակի` հրազեն հանդիսացող ատրճանակից մեկ անգամ կրակել է Արթուր Իրիցյանի որովայնի աջ կողմնային շրջանին՝ պատճառելով հրազենային, գնդակային, թափանցող, կույր վնասվածք, որի հետևանքով Արթուր Իրիցյանը Մարտունու բժշկական կենտրոնում նույն օրը մահացել է:
Արմեն Գորոյանին մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: