կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-07-30 13:15
Առանց Կատեգորիա

Ազնիվ խոսք, սիրուն չի

Ազնիվ խոսք, սիրուն չի

Սովորաբար բոլոր երկրներում երիտասարդներն ինչ-ինչ առավելություններ ունեն, իսկ պետությունն անում է ամեն ինչ` երիտասարդներին ոգեւորելու եւ սատարելու համար: Սովորաբար այդ սովորաբար-ները Հայաստանին չեն վերաբերում: Չնայած, մյուս կողմից, անընդհատ լսում ենք ինչ-որ լոզունգներ` երիտասարդ գիտնականների ֆինանսավորման ավելացում, առանց տոկոսադրույքի եւ կամ չնչին տոկոսադրույքով վարկով բնակարաններ` երիտասարդ ընտանիքների համար, գիտաժողովներ եւ համաժողովներ` երիտասարդ գրողների եւ գրականագետների մասնակցությամբ…

 

Երիտասարդ բառը մի քանի անգամ շեշտվում է նաեւ նախագահական, ԱԺ ընտրությունների ժամանակ եւ նախընտրական ծրագրերում: Կուսակցություններից շատերն անգամ երիտթեւ ունեն, որոնք զբաղված են «ազգանվեր» գործունեությամբ` նոր երիտասարդներ են ինտեգրում իրենց կուսակցության շարքերում: Պետք չէ ուրանալ այն փաստը, որ մեր իշխանությունը լիովին ազատություն է տվել երիտասարդներին` կուզես` բողոքիր, կուզես` լռիր, մեկ է, արվելու է այն, ինչ որոշված է: Չնայած, եթե «ապահովված» (տարբեր տեսանկյուններից) երիտասարդ ես, իհարկե, անպայմանորեն հաշվի կառնեն քո կարծիքը:

 

Տարիներ առաջ ձեւավորվեց «Հայֆոն» շարժումը. մի շարք երիտասարդներ ազգային երգն ու պարն էին քարոզում ժամանակակից, երիտասարդներին գրավող մեթոդներով` երգի քայլերթ էին կազմակերպում, պարերի ուսուցանում, ազգագրական երգեր կատարողներն անձամբ էին սովորեցնում ճիշտ երգել... «Հայֆոնին» նկատեց «PR-ի զարգացման հայկական կենտրոնը»` «Հայֆոն»-ը facebook-յան տարվա լավագույն նախագիծ» համարելով: Սակայն երիտասարդներին սատարող «վերեւներն» այդպես էլ լուռ մնացին, իսկ շարժման գործունեությունը կամաց-կամաց պասսիվացավ:

 

Երբ լուսահոգի Հովհաննես Գրիգորյանին ցանկանում էին Կոմիտասի անվան պանթեոնում հուղարկավորել, իսկ որոշները դեմ էին այդ ցանկությանը, քանի որ, վերջիններիս հավաստմամբ, պանթեոնը այլեւս իշխանական ծագում ունեցող մարդկանց համար է, այսպես մեկնաբանեցին գրողի` Կոմիտասի պանթեոնում չհուղարկավորելու վերջնական որոշումը. «Դե, մի քանի ջահել-ջուհուլ գրողներ էին ցանկանում», կամ էլ` «Հասկանում եք` Գրիգորյանի աղջիկն անձամբ ներկա էր այդ քննարկմանը, եւ նա կողմ է եղել մեր որոշմանը»: Գրիգորյանի աղջիկը կողմ էր որոշմանը, այո, բայց նայած` հարցն ինչպե՞ս եք ձեւակերպել, սիրելիներս, եւ, առհասարակ, քննարկման դրվե՞լ է Գրիգորյանի` Կոմիտասի պանթեոնում հուղարկավորելու հարցը: «Էս ինչ մանր բաներ եք քննարկում»` կասեր Գրիգորյանը` հատուկ մանր մարդկանց համար...

 

Երիտասարդներին ազատություն են շնորհել, այնքան, որ բուհերից շատերում գալիս է ինչ-որ մի փուլ, երբ երկընտրանքի առջեւ ես հայտնվում` կամ այսինչ կուսակցության անդամ ես դառնում, կամ էլ` անցնում այսինչ աղանդի շարքերը, եւ դա` քո կամքով, քանի որ մինչ այդ խմորը լավ հունցած են լինում. միայն թե չասեք` հենց նոր Լուսինը հայտնաբերեցի:

 

Ի դեպ, երիտասարդներին աջակցող ոչ երիտասարդները մոռանում են, որ կարելի է յուրաքանչյուր համերգից, ներկայացումից 10 տոմս առանձնացնել` երիտասարդներին անվճար տրամադրելու համար: Երիտասարդություն ասելով` միանգամից Մաշտոցի պուրակն եմ հիշում, վերջերս նաեւ` «Հար-յուր, հար-յուր»-ը: Սակայն, եթե Մաշտոցի պուրակի դեպքում հաղթանակը լիակատար էր, տրանսպորտի թանկացման դեպքում քաղաքապետարանը խորամանկում է:

 

Նախ` քաղաքապետարանն այնպես է ներկայացնում` կարծես բարի քայլ արած լինի` իր անհիմն որոշումը, թե այսուհետ տրանսպորտի սակագինը պետք է լինի 150 դրամ, վերանայելով եւ որոշ ժամանակ` կասեցնելով: Ինչեւէ, իրենց «բարի ժեստը» մեզ համար տոն էր, որն այսօր փորձում են հարամել: Հունիսի 26-ից Երեւանի քաղաքապետարանի առջեւ երիտասարդները նստացույց են անում` պահանջելով պատճառաբանել թանկացման որոշումը եւ ոչ միայն:

 

Իսկ ի՞նչ է անում քաղաքապետարանը. փորձում է նվաստացնել երիտասարդներին եւ կոծկել դա: Երեկ քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը ծխախոտի մոխիրն էր պատուհանից ցած նետել, իսկ արդեն քանի օր է` քաղաքապետարանը ջանք ու եռանդ չի խնայում տեղի խոտածածկն ինչպես որ հարկն է ջրելու համար: Ազնիվ խոսք, սիրուն չի, չէ՞ որ մի օր ջրի բերածը ջրի տարած է դառնալու. հո աթոռներիդ այդպես կառչած չե՞ք մնալու:

 

Դուք, որ մինչեւ ընտրվելը, երիտասարդներին սարեր եք խոստանում, գոնե այժմ թողեք երիտասարդներն իրենց ձեռքերով իրենց սարը կառուցեն: Եթե չեք կարողանում օգնել, մի՛ խանգարեք. ազնիվ խոսք, սիրուն չի:

 

Լուսի ԽԱՉԱՏՐՅԱՆ