կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-07-29 11:41
Առանց Կատեգորիա

Գիծ-բոքսինգ

Գիծ-բոքսինգ

Ռինգի կարմիր անկյունում Տարոն Մարգարյանն է: Նա Ավանի բռնցքամարտի դպրոցի սան է: Բռնցքամարտով սկսել է զբաղվել մանուկ հասակից, վարել մի շարք տեղական նշանակության մարտեր, որոնցում միշտ հաղթել է՝ սկզբում վարչապետ հոր, իսկ այնուհետև հայրական կուսակցության շնորհիվ: Պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է ընդամենը երկու մենամարտ և երկուսում էլ նոկաուտի ենթարկվել հենց առաջին ռաունդում:

 

Տարոն Մարգարյանն իր ապրած կյանքով է ապացուցել, որ երբ Սերժ Սարգսյանը չի լինում, հանրապետականներին դալաններում ծեծում են: Ճիշտ է, Տարոնին ծեծել են բավականին մարդաշատ տեղերում (Մաշտոցի զբոսայգի և քաղաքապետարանի հարակից հրապարակ), բայց մի՞թե դա էական է այն բանի համեմատ, որ ծեծել են: Որոշ հանրապետականներ, օրինակ` Հրայր Թովմասյանը, ծեծելը հասկանում են ուղղակի իմաստով, այդ իսկ պատճառով էլ ուզում ենք ասել, որ թքածը լիզել տալն էլ ծեծի մի ձև է, որին ենթարկվում են ՀՀԿ-ականները, երբ Սերժ Սարգսյանը ձեռքը քաշում է գլխներից կամ մի քանի օրով բացակայում է երկրից:

 

Վերցնենք թեկուզ մեր ԱԱԾ-ն և դատախազությունը: ՀՀԿ-ակա՞ն են երկուսն էլ, չգիտեմ, բայց ոչնչի ընդունակ չեն առանց Սերժ Սարգսյանի: Երբ Վարդան Օսկանյանին զրկում էին անձեռնմխելիությունից, այն տպավորությունն էր, որ Աղվան Հովսեփյանը, միայնակ մտել է ԱԺ և «կզացրել» ՀՀԿ խմբակցությանն՝ իր ողջ թաշախուստով՝ ՕԵԿ-ով, Արտաշես Գեղամյանով, Խոսրով Հարությունյանով, Հայկ Բաբուխանյանով, մշակույթի գործիչներով, բանով: Սրանք իրենց գործընկերոջը հանձնեցին այնպիսի էնտուզիազմով, ասես «անտիսովետսկի» էլեմենտ էր ընկել ձեռքները: Բայց, երբ Սերժ Սարգսյանը տեսավ, որ Օսկանյանն այն էլեմենտը չէ և սկսեց չհետաքրքրվել հարցով, ԱԱԾ-ն ու դատախազը փոշման մնացին իրենց արածից ու հիմա պիտի ներողություն խնդրեն Օսկանյանից, եթե Օսկանյանը շատ պնդի: Իսկ ի՞նչ պիտի անի ՀՀԿ ԱԺ խմբակցությունն իր եղած-չեղածով, որ պատգամավոր Օսկանյանին հանձնեց: Դիցուք՝ Գալուստ Սահակյանը: Այդ ինչքան տաղանդավոր շուլուխ պիտի անի, որ կարողանա իր խմբակցության` մի քանի հազար փթանոց կեղտը մաքրել: Տեսնես գոնե հասկացե՞լ են, որ Օսկանյանի գործի կարճելը վկայությունն է այն բանի, որ Սերժ Սարգսյանն անտեր է թողել նաև իրենց: Պատկերացնում եմ, թե ինչ ճոխ ծեծ են ուտելու, երբ ԱԺ-ն վերադառնա արձակուրդից:

 

Մեր վարչապետի մասին հաճախ են ասում՝ խելացի մարդ է: Դրա տակ ամեն ինչ կարելի է հասկանալ՝ խորամանկ է, հազար ու մի հունարներ գիտի ժողովրդից փող պլոկելու, բյուջեից միշտ չափի մեջ է օգտվում: Ընդհանուր առմամբ համաձայն լինելով այս ամենի հետ՝ կցանկանայինք նրա առավելություններից մեկն էլ ընդգծել՝ նա տիրապետում է նաև Սերժ Սարգսյանի ձեռքի տակ մնալու դժվարին արվեստին: Ավելի ճիշտ` այնպիսի հնարքներ գիտի, որ Սերժ Սարգսյանը երբեք իր ձեռքը չի քաշում նրա վրայից: Մենք տեսանք, թե Սերժ Սարգսյանն ինչպիսի քոթակ տվեց ՎՊ-ին, որի մտքով անցել էր կառավարությանն ու Տիգրան Սարգսյանին թալանչի ներկայացնել: Տեսա՞ք ինչպես նախարարներին փուռը տվեցին, թե գնացեք, մեկիկ-մեկիկ արդարացեք ու ասեք, որ այս աշխարհում վարչապետից ազնիվ մարդ չկա: Իսկ ի՞նչ տեղի կունենար, եթե Սերժ Սարգսյանը չեզոք դիրք գրավեր, ինչպես օրենքն է պահանջում, և տեղը չդներ Իշխան Զաքարյանին...

 

Խոսքով ընկանք ու մոռացանք Տարոն Մարգարյանին: Նա այժմ ռինգի կարմիր անկյունում սպասում է իր հակառակորդին, որը, չգիտես` ինչու, ուշանում է: Օգտվելով այդ հանգամանքից՝ ասենք, որ մեր բռնցքամարտիկը երկրորդ նոկաուտից հետո դեռ կարգին չի ապաքինվել: Հետաքրքիր է, որ հաղթող կողմի պատվիրակությունը նրան էր այցելել քաղաքապետարանում՝ տորթով, ծաղիկներով, արագ ապաքինման և այլ ցանկություններ պարունակող տրանսպարանտներով՝ «Շուտ լավացիր, որ միասին չվճարենք 150 դրամ», «Ով սրանից հետո տրանսպորտը թանկացնի՝ մտքինս ա», «Կեցցե Տարոնը, կորչեն թանկացման հրահրիչները», «Ոչինչ, Տարո'ն ջան, կարկուտը ծեծած տեղն ա ծեծում», «Որ գործից հանեն, մենք քեզ անվճար կտեղափոխենք» և այլն, և այլն:

 

Ահա, վերջապես հայտարարեցին՝ ռինգի կապույտ անկյունում «Գծատերերի ռեզերվներ» թիմի ներկայացուցիչն է, ով խնդրել է իր անունը չհրապարակել: Մենք կասենք միայն, որ դա քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պահակն է, ում որդին, թե եղբայրը երկու ամբողջ գիծ ունի Երևանում: Խոսելով այս մենամարտի մասին` թերթերը նախօրեին գրել էին, որ Տարոն Մարգարյանն այս անգամ լավ շանս ունի հաղթելու Երևանի առաջնությունում և վերջնականապես տիրանալու «2013թ. մայիսի 6-ի» վարկածով չեմպիոնական գոտուն: Թե չէ սա ինչի՞ նման է, քաղաքապետ ես, բայց անընդհատ պարտվում ես քո քաղաքում:

 

Ի դեպ, թերթերը գրել էին, որ Թբիլիսիում տրանսպորտի տերը քաղաքապետն է ու շատ ճկուն վճարման համակարգ է մտցրել: Ի՞նչ գծատեր, ի՞նչ բան, ի՞նչ թանկացման հրահրոցներ: Շարմազանովին ու Գրիգորիչին երևի մի հատ տանենք Թիֆլիս, որ լուսավորվեն ու մյուս անգամ չասեն, թե տրանսպորտը մեզ մոտ ավելի էժան է:

 

Դե ի՞նչ, բարեկամնե'ր, ռինգում է նաև ռեֆերին: Եկեք Տարոն Մարգարյանին այս մարտում սրտանց հաղթանակ մաղթենք: Սա մարտ է Երևանի և երևանցու համար, սա մարտ է հանուն քաղաքակրթության հաղթանակի: Ո՞ւմ կողմը կլինի Սերժ Սարգսյանը: Նկատի ունենք՝ մտքով, քանզի սեփական ֆիզիոնոմիայով հայտնվել ռինգում, երբ տիտաններն են մենամարտում, ճիշտ չի լինի: Տարոնին միայն հաղթանակ է պետք, այն էլ՝ նոկաուտով: Մարտը սկսված է՝ Box!!!!!!!!!!

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ