կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-07-20 10:35
Առանց Կատեգորիա

50 դրամանոց ''պատերազմ''

50 դրամանոց ''պատերազմ''

33 համարի ավտոբուսում այսօր կռիվ էր: Ներսում փակցված չէր «ուղեւարձը 150 դրամ» գրությունը, ուղեւորներն էլ, իջնելով, 100 դրամ էին վճարում: Վարորդn ամեն իջնողի հետեւից զգուշացնում էր՝ 150 դրամ: Հաջորդ ուղեւորն էլ էր տալիս 100, ու վարորդը կրկնում էր հենց նոր հիշեցրածը:

 

Մի կին իջավ՝ կոկիկ հագնված ու պատկառելի տարիքով, ու երբ վարորդը ասաց՝ 150 դրամ, կինը բորբոքվեց. «Կեթաս քո անկուշտ ղեկավարներին կասես, որ չեն տալիս: Ժողովուրդը 100 դրամ ա տալու: Ասա՝ Անուշը փողը չտվեց»: Վարորդը թե՝ «ա'յ քուր ջան, ինչի՞ ես ինձ ասում, ես ի՞նչ մեղավոր եմ, արի համարը տամ, զանգի իրանց ասա, որ չես տալու»: «Որ մարշրուտնին էլ նստեմ, ոչ մեկը չեմ տալու: Ավազակնե'ր, ամեն ինչ թանկացրել են, թաղեմ ապահով Հայաստանդ»,- բորբոքվեց տիկին Անուշը: Վարորդը փորձում էր հանդարտեցնել՝ երբեմն հակադարձելով. «Որ խանութներում ամեն ինչ թանկացրել են, ասում ես՝ հին գինն եմ տալո՞ւ, գլուխդ կախ առնում ես»:

 

Մոտ 5 րոպե ավտոբուսը կանգառում մնաց` բանավիճում էին: Միջամտեցին մյուս ուղեւորները ու սկսեցին բողոքել... Վարորդն էլ էր բողոքում. «Ասա սովորել էինք արդեն 100 դրամին, ինչի՞ եք մեզ վատամարդ դարձնում»:

 

Երիտասարդները (այդ թվում` ես) հետաքրքրությամբ լսում էինք, բայց չէինք միջամտում, իսկ տարեցները բորբոքվել էին. «Ո՞ւր ա էն Սերժը, ո՞ւր ա իր ապահով Հայաստանը, ո՞վ ընտրեց Սերժին, ախ էն ձեռը կոտրվեց, որ դրան գծեց: Բա էն «մուծիկուլիին» ո՛վ կարգեց քաղսովետի նախագահ, էնի ի՞նչ քաղաքապետի բան էր: Մենակ տրանսպորտից երկու ամսում իրանք սաղ բաժանած կաշառքը կհանեն»: Ու նման բաներ:

 

Ավտոբուսի ժողովուրդը որոշեց բողոքի ցույց անել, երկիրն ազատել չգիտեմ, թե ումից, բայց թե ե՞րբ՝ հայտնի չէ: Ամեն մեկն ասաց` բողոքելու եմ, ու «Ռոսիա»-ի մոտ՝ ավտոբուսը գրեթե դատարկվեց: Գնացին` յուրաքանչյուրն իր գործով: Վճարեցի 150 ու իջա: Վաղը կլինի 300 դրամ, գլուխս կախ կվճարեմ: Անուշն էլ, ի վերջո, կվճարի, բոլորն էլ կվճարեն: Մեր անմիաբանությունը, պատի տակ բողոքելը, քաղաքացիական պասիվ կեցվածքը, փողով ընտրելը հասցրել է հենց այստեղ. «հետո»-ն անդունդն է, որի ծայրին արդեն հասել ենք, եւ ներքեւ գլորվելը մեկ քայլ է: Հետեւներիցս էլ իշխանությունն է գալիս` բուլդոզերով...

 

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ