|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 448.71 |
| RUB | ⚊ | ₽ 4.9132 |
| GBP | ⚊ | £ 514.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.69 |
|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 448.71 |
| RUB | ⚊ | ₽ 4.9132 |
| GBP | ⚊ | £ 514.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.69 |
Հայկական մամուլին հետևողը չի կարող չնկատել, թե ինչ հաճախականությամբ են լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվում երկրի առաջին դեմքերի, մասնավորապես` նախագահի «աշխատանքային» քեֆերի մասին. նախագահը մեկ իր ղեկավարած կուսակցության այս կամ այն երևելու զավակի հարսանիքին է` փորձելով, հավանաբար, նպաստել երկրում մաքուր էլիտար խավի ձևավորմանը, մեկ քավորություն է անում շախմատի աշխարհի չեմպիոնին` անձնական ներդրում կատարելով հայկական շախմատի հզորացման գործում, մեկ որևէ օլիգարխի կամ գեներալի ծննդյան տոնակատարության մասնակիցների թվում է: Վերլուծաբանները թեև դա հակված են բացատրել ՀՀ առաջնորդի ուրախ բնավորությամբ և հասարակ պահվածքով, սակայն առավել ճշմարտանման է հնչում այն տեսակետը, ըստ որի` երկրի նախագահի նմանօրինակ պահվածքը մտնում է... ազգային անվտանգության հայեցակարգի մեջ: Պարբերաբար ու «ափաշկարա» մասնակցելով զանազան խնջույքների` նա, թերևս, մեսիջներ է հղում հակառակորդներին. ՀՀ գործերն այնքան լավ են, որ ինքը, ահա, պարապությունից քեֆերում է մսխում իր ժամանակը:
Ուրեմն (ու արդեն լուրջ)` ժամանակի մասին: Ո՞ւմ է պատկանում երկրի առաջնորդի ժամանակը: Անտարակույս` երկրին: Միայն երկրին: Ընդսմին` ժամանակ ասածը վերաբերում է նրա բոլոր` քուն, թե արթուն, երկրի ներսում, թե դրսում եղած ժամանակին, օրվա քսանչորս ժամերին: Եվ այս առումով, պարբերաբար մասնակցելով զանազան քեֆ-ուրախությունների, մեր առաջնորդը, փաստորեն, մսխում է ոչ թե իր, այլ հանրային պատկանելության ու նշանակության ժամանակը, ասել է թե` նախագահն ինքն իրենից խլում է իր և, նրա խորհրդանիշային կերպարը նկատի ունեցած, մեզ բոլորիս պատկանող ժամանակը: Այդ ժամանակը պարբերաբար խլվում է, երբ նախագահը մասնակցում է զանազան խնջույքների, որոնց կազմակերպիչներին կամ հոբելյարներին ժողովուրդը` նախագահի ժամանակի գլխավոր տնօրինողը, մեծ մասամբ չի ընդունում և չի «հասկանում»: Այդ ժամանակը ժողովրդից խլվում է նույնիսկ այն ժամանակ, երբ նախագահն իր ղեկավարած կուսակցության զանազան միջոցառումներին, նիստերին ու խորհրդակցություններին է մասնակցում, մանավանդ որ, ինչպես տարիների փորձն է վկայում, դրանք բացարձակապես ոչնչով չեն փոխում երկրի ու ժողովրդի վիճակը: Եվ, ինչ խոսք, այդ ժամանակը խլվում է, երբ երկրի նախագահն աստծու ամեն օր իր բարձր ընդունելությանն է արժանացնում դրսերից (օրերս, օրինակ, Վրաստանից) եկած երրորդ-չորրորդ-տասներորդական կարգի զանազան պաշտոնյաների, որոնց համար որևէ նախարարության վարչության պետի տեղակալն էլ «ճոխ» կլիներ: Այս դեպքում, ի դեպ, ոչ միայն նախագահի և մեր ժամանակն է խլվում, այլև նրա ու մեր արժանապատվությունը: Իսկ դա, անկասկած, ժամանակից պակաս թանկ չէ:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ
© 2025 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։