Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում կցուցադրվի հոլանդացի կինոռեժիսոր Յոս Ստելինգի «Աղջիկը եւ մահը» ֆիլմը` «Երեւանյան պրեմիերաներ» շարքում:
Ստելինգը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանում այնքան է եղել, որ իրեն արդեն իր տանն է զգում: Ըստ նրա` երբ իր ֆիլմով շրջագայելիս է եղել եվրոպական մի քանի երկրներում, այնուհետեւ եկել է Հայաստան եւ «Զվարթնոց» օդանավակայան հասնելուն պես սիրտը սկսել է թրթռալ, ինչպես ճանապարհորդելուց հետո հայրենիք վերադառնալիս է լինում:
Ստելինգի ներկայացմամբ` իր ֆիլմում ռուս երիտասարդ Նիկոլայի եւ կուրտիզանուհի Էլիզի ողբերգական սիրո պատմությունը ընդհատվում է նյութապաշտության, հարստության եւ մահվան սպառնալիքի պատճառով:
«Ֆիլմը ստեղծելիս ներշնչանք է դարձել Գորկու համանուն ստեղծագործությունը: Ինձ ավելի շատ գրավում է ռուսական մշակույթը` Չեխովի մթնոլորտը, մահը` որպես կյանքի հանդեպ ներշնչանքի աղբյուր, Դոստեւսկու հումորը: Ռուսների միջավայրում միայն մեկ բան չես կարող անել` կատակել, քանի որ, ըստ ռուսների, եթե ռուս չես, իրավունք չունես նրանց հետ կապված կատակել»,- ասում է Ստելինգը:
Ըստ նրա` ֆիլմը արվեստի միակ տեսակն է, որը կարող է ժամանակի հետ խաղալ, եւ երաժշտությունից հետո կինոն երկրորդն է, որ կապ չունի ուղեղի հետ` այն միանգամից հոգու հետ է կապ հաստատում, իսկ իր ֆիլմը սիրային դրամատիկ պատմություն է, որը ստեղծելը շատ հեշտ է: Ստելինգը նշում է, որ մարդիկ ձգտում են իրար եւ լավ ֆիլմ ստեղծելու համար պետք է իրար ձգտող երկու իրերի, երեւույթների, մարդկանց միջեւ խնդիրներ ստեղծել: Ռեժիսորին շատ է հետաքրքրում երկուսի միջեւ եղած տարածությունը, որը, ըստ նրա, արվեստի տարածությունն է:
«Երբ սիրահարվում ես, գլխիդ մեջ ինչ-որ բան է չրխկում, եւ երբ չես տեսնում նրան, նա ավելի է քո գլխում սիրունանում: Իմ ֆիլմի հերոսուհին` Էլիզան, թոքախտ ունի, իսկ թոքախտն այնպիսի հիվանդություն է, որ երբ սկսում ես հուզվել, այն գլուխ է բարձրացնում, ինչի համար էլ այն հաճախ աղքատների հիվանդություն են անվանում: Էլիզայի սիրեկանն իր մահն է, քանի որ, երբ աղջիկը սիրահարվում է, հիվանդությունը ջրի երես է դուրս գալիս»,- ասաց ռեժիսորը եւ հավելեց, որ իր համար ֆիլմում զգայական շերտը շատ կարեւոր է. «Երաժշտությունը, ինչպես եւ լավ ֆիլմերը, ինտելեկտի հետ կապ չունեն, հենց սկսում ես մտածել, ուրեմն ինչ-որ բան այն չէ: Ուղեղդ պետք է գործածես` սիրտդ լցնելու համար»:
Ստելինգի խոսքերով` հոլանդացիները շատ հեգնական մարդիկ են, նրանց հումորը փախուստի նման է, իսկ ինքը հումորն օգտագործում է որպես հանդիսատեսի սիրտը տանող բանալի. «Ինձ համար ֆիլմ նկարահանելն օգնում է անել ավելին, քան ես մենակ կկարողանայի: Բոլոր նրանք, ովքեր ինձ հետ են աշխատում, պետք է ինձնից լավը լինեն, այլապես չեն կարողանա ինձ օգնել»:
Այն, որ օրերից մի օր Ստելինգը նաեւ հայերի մասին ֆիլմ կնկարահանի, չի բացառվում, քանի որ, ինչպես նշեց նա, այս առավոտ կնոջն ասում էր, թե վատ չէր լինի` մոտ 44 րոպեանոց ֆիլմ նկարահանել Հայաստանում: