կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-03 13:50
Մշակույթ

Վերջիններից մեկը

Վերջիններից մեկը

Տարիներ առաջ հաճախ էինք քնից արթնանում զուռնայի ձայնից. արթնանում էինք, կիսահագնված ու կիսալվացված դուրս վազում: Սա միակ դեպքն էր լինում, երբ ծնողները տուն չէին կանչում մեզ ու նախատում, թե` առանց հաց ուտելու դուրս չես գնալու: Միակ դեպքն էր, երբ մեր` չինական խաղալիք կամ պարսկական որեւէ քաղցրավենիք գնելու համար կուտակած գումարն առանց վարանելու նետում էինք մեզ մոտ «շրջող» գլխարկի մեջ: Գնում էինք դուրս` հրաշք տեսնելու ակնկալիքով, վերադառնում տուն` մտքում ծրագրած, որ մի օր անպայման մենք էլ կարողանալու ենք բարակ լարի վրայով քայլել ու հնարքներ գործել: Սակայն որքան մեծանում էինք, այնքան ավելի ուշ-ուշ էին լարախաղացներն այցելում մեր փողոց. մի օր էլ նկատեցինք, որ արդեն տարիներ են անցել, ինչ լարախաղացներ չեն եկել մեր փողոց: Մենք մեծացել էինք, իսկ փոքրերը չէին էլ սպասում նրանց, քանի որ երբեւէ չէին տեսել նրանց ներկայացումները. միգուցե, որ նրանց չէինք սպասում, դրա համար էլ չէի՞ն գալիս:

 

66-ամյա Վլադիմիր Հակոբյանն արդեն 50 տարի է, ինչ լարախաղացությամբ է զբաղվում: Ինչպես ինքն է նշում` ավելի շատ լարի վրայով է քայլել, քան գետնի: Ըստ նրա` իրեն միշտ լարի վրայից չընկնել են ստիպել երեխաների զարմացած աչքերը:

 

«Տարիներ առաջ շրջում էինք Հայաստանով մեկ, ներկայացումներ տալիս, ուրախացնում մարդկանց եւ ապրում այդ ուրախությամբ: Հատկապես գյուղերում տեսնել էր պետք, թե ինչպես էին երեխաները շնչակտուր դուրս վազում եւ կլոր շարք կազմում: Տեսնելով նրանց երջանկությունը, բավականություն էինք ստանում, ոգեւորվում ու տեղում նոր հնարքներ էին ծնվում»,- yerkir.am-ի հետ զրույցում ասում է Հակոբյանը:

 

Նա նշում է, որ տարիներ առաջ հենց լարախաղացությամբ էլ պահել է ընտանիքը, 4 երեխաներին, ապահովել նրանց ամեն ինչով, իսկ այժմ… Հակոբյանը չի էլ հիշում, թե ինչպես փոխվեց ամեն ինչ, միայն նշում է, որ օրեցօր պակասում էր այն գումարը, որն իրենք էին հավաքում այդ ներկայացումների ժամանակ, սակայն հանդիսատեսի թիվը երբեք չէր պակասում:

 

Հակոբյանն ունի 7 երեխա, սակայն նրանցից ոչ մեկն էլ լարախաղացությամբ չի զբաղվում. հոր օրինակը տեսնելով` չեն ուզում նույն դժվարությունների միջով անցնել, քանի որ այժմ լարախաղացությունն անուշադրության է մատնված:

 

«Լարախաղացությունը մոռացության է մատնված, բայց կարող են, չէ՞, միջոցառումների ժամանակ, որպես շոուի մի մաս, նաեւ լարախաղաց հրավիրել: Մշակույթի նախարարությունը պետք է մի կառույց ստեղծի, որտեղ կհավաքվենք բոլոր լարախաղացներով եւ մեր անելիքները կծրագրենք»,- ասում է Հակոբյանը:

 

Նա նաեւ ցավ է ապրում, որ չի կարողանում իր արվեստը փոխանցել մյուսներին, քանի որ չունի դրա համար տարածք եւ միջոցներ: Հակոբյանը լարախաղացության հին ավանդույթները վերականգնելու նպատակով եւ միջոցառումներին նաեւ լարախաղացներին ընդգրկելու խնդրանքով դիմել է ՀՀ մշակույթի նախարարություն, որից պատասխան չստանալով` արդեն դիմել է ՄԻՊ գրասենյակ: ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը պարզաբանումներ ստանալու նպատակով գրություն է ուղարկել ՀՀ մշակույթի նախարարություն, որին ի պատասխան ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկացրել են, որ լարախաղացությունը հանրահռչակելու նպատակով 2013-2015 թթ., 2014-2016 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտերում ներառվել էին համապատասխան միջոցառումների կազմակերպման ծրագրեր, սակայն, ելնելով տնտեսական իրավիճակից, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության բնագավառի նոր նախաձեռնությունների համար պետբյուջեի կողմից ֆինանսական հավելյալ միջոցներ չեն տրամադրվել:

 

«Նախարարությունից ասել են նաեւ, որ պատրաստակամ են լարախաղացությունը ներգրավել կազմակերպվող միջոցառումների ցանկում, եւ ես անհամբեր սպասում եմ առաջիկա հրավերներին»,- ասում է Հակոբյանը եւ հավելում, որ արդեն 10 տարի է, ինչ անվանակոչման համար դիմում է մշակույթի նախարարություն, սակայն միշտ էլ ստանում է նույն պատասխանը, թե` ձեր հայտը քննարկում ենք: «Հայաստանում չկա ոչ մի լարախաղաց, որ մի կոչում ունենա. հարցը կոչումը չէ, այլ մասնագիտությունն արժեւորելը»,- ասում է մեր զրուցակիցը:

 

Հակոբյանն այսօր ելույթներ է ունենում հարսանիքների կամ ծննդյան արարողությունների ժամանակ եւ ցանկություն չունի այլ աշխատանքով զբաղվելու. «Ելույթի համար 50-60 հազար դրամ եմ ստանում, որը կիսում եմ իմ, վարորդի եւ օգնականիս միջեւ: Ես ամենաերկարակյաց եւ ամենափորձառու լարախաղացն եմ ոչ միայն Հայաստանում. 50-ից հետո սովորաբար թողնում են լարախաղացությունը, սակայն ես 50 տարվա լարախաղաց եմ, մի 50 տարի էլ կխաղամ ու վերջ»

 

Հակոբյանն ասում է, որ բոլորս էլ քայլում ենք բարակ լարի վրայով` պետք չէ ոչ մեկին հրել, քանի որ երբեք չգիտես, թե ե՞րբ եւ ինչպե՞ս հանկարծ կարող ես ընկնել:

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ