կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-19 12:15
Սպորտ

Մխիթարյանի տրանսֆերը` երկարատև և բարդ բանակցությունների թեմա

Մխիթարյանի տրանսֆերը` երկարատև և բարդ բանակցությունների թեմա

Ռուսական Спорт-Экспресс կայքի վերլուծաբաններից մեկը քննարկել է «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հավանական տեղափոխությունը «Լիվերպուլ»:

 

«Դեռևս շուտ է խոսել այն մասին, որ Մխիթարյանի տրանսֆերը կայացած փաստ է: Հենրիխ Մխիթարյանը լի է վճռականությամբ` տեղափոխվել ավելի բարձրակարգ ակումբ և ընդունել նոր մարտահրավերներ: Քանի որ ֆուտբոլիստի բոլոր իրավունքները չեն պատկանում միայն «Շախտյոր»-ին, ապա Մխիթարյանի տեղափոխությունը բարդանում է: Հայ կիսապաշտպանի իրավունքների մի մասը պատկանում է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, իսկ մյուս մասը` հայտնի հայ գործարար, «Կուբան»-ի սեփականատեր Օլեգ Մկրտչյանին»,- գրում է Спорт-Экспресс-ը և հավելում, որ քաղաքակիրթ Եվրոպայում անհնար է պատկերացնել նման երևույթներ, սակայն այստեղ ամեն ինչ այլ կերպ է: Հենց այս հանգամանքով են պայմանավորված Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ երկարատև ու բարդ բանակցությունները:


«Խնդիրն այն է, որ երեք կողմերին էլ պետք է բավարարեն գործարքի պայմանները, իսկ դա բավականին բարդ իրավիճակ է առաջացնում հատկապես ֆուտբոլիստին ձեռք բերող ակումբի համար: Երեք կողմերի միջև համաձայնության գալու խնդիրը լուծելու համար մի քանի ամիս առաջ հրավիրվեց ֆուտբոլային հայտնի գործակալ Մինո Ռայոլան: Սակայն ակնհայտ է, որ նա էլ դեռևս ունակ չէ լուծել այդ խնդիրը»,- գրում է կայքը:

 

Անկեղծ ասած` այս խնդիրը Yerkir.am-ին հայտնի դարձավ Հայաստան-Մալթա խաղից առաջ, երբ տեղեկացանք, որ տհաճ խոսակցություն է տեղի ունեցել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և Հենրիխ Մխիթարյանի միջև: Մենք չցանկացանք այդ մասին բարձրաձայնել, քանի որ տեղյակ ենք, թե Yerkir.am-ի հրապարակումներն ինչ ցավագին է ընդունում Հայրապետյանը: Եվ քանի, որ տեղեկատվության աղբյուրը խնդրել էր այս մասին առայժմ լռել, հարգեցինք նրա խնդրանքը: Այժմ Ռուբեն Հայրապետյանը պետք է պատասխանի, ոչ թե մեզ, այլ Спорт-Экспресс-ին, և համոզված ենք` այն հաստատ որակելու է զրպարտանք, և հարցը կհամարվի փակված: Արդյունքում` ունեցանք ծանր հոգեվիճակում դաշտ մտած տղաներ և  խայտառակ պարտություն, որը մեզ զրկեց Աշխարհի առաջնության եզրափակիչին մասնակցելու հույսից: Ինչ արած... Ամեն մեկն իր չափով բոստանչի է և իր ղեկավարած ոլորտին մոտենում է բոստանչու տրամաբանությամբ: