Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի խժդժություններում կոնկրետ հայաթիրախավորված արդյունք չի լինի. ինչպես դրանք անդրադառնան Թուրքիայի այլ քաղաքացիների վրա, մոտավորապես նույն կերպ էլ` հայ համայնքի վրա: Խոսելով Թուրքիայում տիրող խժդժությունների ու Թուրքիայի հայ համայնքի եւ հայ-թուրքական հարաբերությունների վրա դրանց հնարավոր անդրադարձի մասին yerkir.am-ին կարծիք հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:
Ըստ նրա` եթե այս ցույցերի արդյունքում հաղթանակ տանեն ազգայնականները, ինչն այնքան էլ հավանական չէ, ու նրանք գան իշխանության, բնականաբար, հայերի համար շատ ավելի վատ կլինի: Որովհետեւ այսօր Էրդողանին ավելի լավ այլընտրանք, թուրքագետի կարծիքով, հայերի համար չկա, եւ ներկա պահին նրա գոյությունը գոհացնում է հայերին: Ամեն դեպքում` եթե բողոքի ցույցերի բուն էության ուղղությունը հաջողվի փոխել դեպի հայկական կողմը, ինչի փորձերն արդեն բազմիցս նշմարվել են, հայկական փոքրամասշտաբ ջարդեր, հայատյացության աճ կլինի:
«Բայց դա տրենդային գիծը չէ. դա պարզապես հավելյալ մտցնում են` Էրդողանին անվանում են հայ եւ այլն: Դա, ցավոք, Ստամբուլի հայերի համար սովորական երեւույթ է: Հայ համայնքը, ինչպես միշտ, կիսվել է. ավելի երիտասարդ, ավելի ձախ ուղղվածությամբ գաղափարների հետեւորդներն այսօր փողոցում են, ցույցերին են մասնակցում, փորձում են պայքարել Էրդողանի դեմ, բռնակալության դեմ, ձերբակալված լրագրողների ազատության համար: Բայց ավելի փորձառու հատվածի ներկայացուցիչները գիտեն, որ երբ թուրքերը գժվում ու վիճում են, միեւնույն է, վերջում ապտակը հասնում է հայերին, վերջում հաշիվները հայերն են փակում, եւ նրանք այսօր փորձում են չարտահայտել որեւէ հստակ դիրքորոշում, ավելի զգոն լինել, դռները փակել, շատ բարձրաձայն հայտարարություններ չանել: Որովհետեւ հենց նույն բողոքի ակցիաների ժամանակ, երբ ձախերը Հրանտ Դինքի պողոտա են բացում, բնականաբար, հայկական հետք են տեսնում շատերը, եւ հակահայկական հիստերիա է սկսվում, որը կարող է նաեւ ուղղորդվել հայերի դեմ… Իսկ անգիտակից խուժանի ջարդերի համար, բնականաբար, ոչ ոք պատասխանատվություն չի վերցնի, ու շատ հեշտ կլինի նաեւ մի երկու ապտակ հասցնել հայ համայնքին»,- ասաց թուրքագետը:
Բայց Գեզի այգու վերակառուցման պատճառով առաջացած ներքին բախումները կարող են նաեւ օգտագործվել հայերի կողմից. Գեզի այգին հայկական գերզմանոցների տեղում` հայկական գերեզմանների վրա է կառուցվել: Այնտեղ ներկայումս կան բազմաթիվ հյուրանոցներ, առեւտրի եւ զվարճանքի բազմաթիվ կենտրոններ, նույնիսկ TRT հեռուստաընկերությանը շենքը, որն այսօր թուրքերը ցանկանում են ՄԱԿ-ին նվիրաբերել` ՄԱԿ-ի տարածաշրջանային կազմակերպություններն այնտեղ տեղակայելու համար, կրկին հայկական գերեզմանոցի վրա է կառուցված:
«Այս ամենը եւս մեկ անգամ հենց նույն թուրք հասարակությանը ստիպում է վերագիտակցել Հայոց ցեղասպանության եղելությունը, միջազգային հարթակներում եւս մեկ անգամ խոսել Հայոց ցեղասպանության պահանջատիրության մասին. դարձյալ շատ լավ ցուցանիշ է մեզ համար: Երբ մենք խոսում ենք 2015 թվականին ընդառաջ` Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, խոսում ենք պահանջատիրության մասին, վերջինի դեպքում շատերն ասում են` հո Արեւմտյան Հայաստանը չե՞նք պահանջելու: Բայց պահանջատիրություն ասելով` հասկանում ենք նաեւ հայերից ապօրինաբար խլված նույն գերեզմանոցները, որոնք այսօր շատ էական, ես կասեի, ՀՀ պետբյուջեի կեսի չափ եկամուտ բերող տարածքներ են, որոնք պատկանում են հայերին»,- նշեց Արտակ Շաքարյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ պահանջատիրությունը կարող է վերաբերել ոչ միայն Արեւմտյան Հայաստանի տարածքները պահանջելուն, որը միջազգային իրավունքի խնդրահարույց եւ շատ ջուր տանող պրոցես է, այլեւ շատ հեշտ, ավելի արագ ու էական արդյունք տվող` Ստամբուլում ապօրինաբար բռնազավթված հայապատկան հողերը հայ համայնքին վերադարձնելուն:
Գեւորգ ԱՎՉՅԱՆ