կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-06 13:47
Հասարակություն

Զավեշտ. կառավարությունը մեղավորներին գտնելու «ուսումնասիրությունները դեռեւս չի ավարտել»

Զավեշտ. կառավարությունը մեղավորներին գտնելու «ուսումնասիրությունները դեռեւս չի ավարտել»

Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Հովիկ Աբրահամյանը մի շարք կարեւորագույն հարցերի վերաբերյալ կարեւոր ու լուրջ հայտարարություններ արեց, հրապարակային խոստումներ տվեց: Երեւի շատերը կհիշեն, որ մոտ երկու ամիս առաջ կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա անցկացնող նաիրիտցիներին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել էր. «Մենք ուզում ենք ձեր հարցին լուծում տալ, մեզ ժամանակ է պետք, որպեսզի մեղավորներին գտնենք եւ պատժենք, դա լինելու է»:


 Վարչապետի այս բավականին ուշագրավ խոստում-հայտարարության առնչությամբ Yerkir.am-ը դիմել էր կառավարությանը հետևյալ պարզ հարցով' «արդյոք գտե՞լ եք մեղավորներին, եւ ի՞նչ պատասխանատվություն են կրելու մեղավորները»: Հիշեցնենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն, ընդունելով բողոքի ակցիա անցկացնող' «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների պատվիրակությանը, տեղեկացրել էր նաեւ, որ մինչ օգոստոսի վերջ մանրամասն կուսումնասիրվի «Նաիրիտ»-ի շուրջ ստեղծված իրավիճակը, և կմշակվեն դրանից դուրս գալու հնարավոր քայլերը: Ուստի կառավարությունից հետաքրքրվել ենք նաեւ, թե «ի՞նչ աշխատանքներ են տարվել այդ ուղղությամբ եւ ի՞նչ քայլեր են մշակվել»:

 

Եվ ահա երեկ կառավարությունից ստացանք հերթական տարօրինակ պատասխանը՝ հերթական «սենսացիոն» պատասխանը՝ «Ուսումնասիրությունները դեռևս չեն ավարտվել: Դրանց ավարտից հետո արդյունքների մասին կտեղեկացնենք»: 

 

Նախ՝ փաստորեն վարչապետի խոստացած' մինչեւ օգոստոսի վերջ նաիրիտցիների հարցերը լուծելու վերաբերյալ տված խոստումը չի կատարվել' իր բոլոր հետեւանքներով հանդերձ: Սա դեռ ինչ որ կերպ կարելի է հասկանալ, (կուտակված խնդիրները լուծելու համար երկու ամիսը դժվար թե բավականացներ), բայց ուշադրություն դարձրեք պատասխանի ամենազավեշտալի մասին՝ մեղավորներին գտնելու «ուսումասիրությունները դեռ չեն ավարտվել», փաստորեն հսկայական գործարանի ներկայիս, մեղմ ասած' ճգնաժամային վիճակի համար մեղավորներին դեռ փնտրում են ու փնտրում...

 

Այ քեզ հանելուկ' տեսնես այդ մեղավորներն ովքե~ր են, որ այդքան դժվար է գտնելը: Իսկ միգուցե մեղավորներին գտնելու համար արժե հասնել, օրինակ' օվկիանոսից այն կո՞ղմ' ասենք Վաշինգտոն...Հիշեցնե՞նք, օրինակ մեր գործընկերներից մեկի՝ «Հետք»-ի հրապարակումը, ուր մեղավորների անունները սևով սպիտակի վրա գրված է: Ի դեպ' այդպիսի հրապարակումները բազմաթիվ են, իսկ մամուլի բերած փաստերին ու փաստարկներին հակադարձող դեռ ոչ մի խելամիտ հակափաստարկ պաշտոնապես չի ներկայացվել:

 

Կամ' միգուցե արժե իրերն ու անձանց իրենց անուներո՞վ կոչել, թե չէ մի տեսակ անհարմար բան է ստացվում' «Նաիրիտ»-ի խնդիրներն ու ճգնաժամային վիճակը կա, դրա համար մեղավորների անունները հնչեցվում է լրատվամիջոցի կողմից, Ռուսաստանում «Նաիրիտ»-ի առնչությամբ դատական պրոցեսներ են ընթանում ու որոշումներ կայացվում, իսկ մի ամբողջ կառավարություն այդ մեղավորներին գտնել չի կարողանում' փնտրում ու չեն գտնում...

 

Իսկ միգուցե կառավարության ալբոմները ցո՞ւյց տաք տուժողներին' գուցե այնտեղից մեղավորին կամ մեղավորներին դեմքով շատ նման անձանց ճանաչե՞ն, չնայած առանց դրա էլ նաիրիտցիներին կարող եք հարցնել՝ մեղավորների տեղն էլ ցույց կտան, ով լինելն էլ...

 

Բ. Գասպարյան