կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-06-13 15:55
Առանց Կատեգորիա

Էն Ախմախը

Էն Ախմախը

Նա քեռուս հետ էր մեծացել, այդ էր պատճառը, որ քեռիս նրա մասին խոսում էր մի քիչ սենտիմենտալ, ոչ՝ ինչպես մյուսները, որ նրան հիշում էին կամ արհամարհանքով, կամ, պատահում էր, ոչնչացնող ատելությամբ:

 

Ես ծնվել եմ 1965 թվին (ի դեպ՝ հուլիսի 10-ին), նա՝ 1940 թվին (էլի հուլիսի 10-ին) ծնված Ախմախը, 1965 թվի հուլիսի 10-ին 25 տարեկան էր դարձել, բայց ոչ այն գյուղում, ուր ծնվել ենք ես ու ինքը, ու ոչ էլ Երևանում, ուր հիմա ես ապրում եմ: Հեռու օտար քաղաքում էր 25 տարեկան դարձել: Ազգականներիցս ոչ ոք չէր ասում, թե նա իմ ինչն է, ես հաստատ միայն գիտեի, որ նա ոչ իմ քեռին է, ոչ էլ հորեղբայրը, մեկ էլ գիտեի, որ մենք ազգականներ ենք: Երբ հարցնում էի, ասում էին՝ քեռուս հետ է մեծացել: Այդ փաստը քեռուս հազվադեպ թերություններից էր, նա արդեն չէր բողոքում, համակերպվել էր: Ամեն կարգին մարդ թերություն ունենում է, քեռուս թերությունն էլ նաև այն էր, որ Ախմախը իր հետ էր մեծացել: Բայց ես, որ ճիշտն ասեմ, չէի հավատում, թե Ախմախը մեր ցեղի հետ կապված է միայն նրանով, որ քեռուս հետ է մեծացել:

 

Մեծ պատերազմի այն տարիներին սովը մեր ցեղին շատ էր նեղել: Քեռուս եղբայրը, այսինքն՝ էլի քեռիս, մահացել էր՝ 3 տարեկան: 3 տարեկանին դժվար է քեռի ասել, քեռու եղբայր պիտի ասեմ: Պապիս տարել էին կռիվ, 42-ին միոտանի ետ էր եկել: Բացի հաշմանդամությունից՝ պապս պատերազմի անորոշ հեռուներից բերել էր մի հիվանդություն, որից նա սկսել էր հյուծվել, մաշվել: Չէին հասկացել՝ ինչ հիվանդություն է: Պապս սկսել էր նիհարել, փոքրանալ, աժդահա տղամարդը դարձել էր բոստանի խրտվիլակ: Նրա դեմքը նախ գունատվել էր, հետո՝ կապտել: Աչքերում արնոտվել էր մի բան, որ երևի կոչվում է թշվառություն: Կամ՝ հուսահատություն: Պապս գրեթե ստվեր էր դարձել ու այնքան սարսափելի, որ երեխեքին ցույց չէին տալիս: Չորս տարեկան Ախմախը մի օր մտել էր պապիս սենյակ ու ճչացել, ուշաթափվել էր: Երբ նրան ուշքի էին բերել, չորս տարեկան երեխայի նրա սովահար աչքերում մի տեսակ դուրեկան ապշանք էին տեսել:

 

44-ին, երբ քեռուս եղբայրը մահամերձ էր, տատս՝ մորս մայրը, նրան հարցրել էր՝ սիրտն ինչ է ուզում, երեխան ասել էր՝ 12 սպիտակ հաց: Տատս թողել էր տունը, գնացել 12 սպիտակ հաց ճարելու: Նա վերադարձել էր մի ամսից, երբ քեռուս եղբորը արդեն թաղել էին: Տատս եկել, 12 սպիտակ հացերը փռել էր որդու շիրմաթմբին ու լաց եղել: Գիշերը քեռիս ու Ախմախը թաքուն մտել էին գերեզմանոց, որ մեր տան կողքին էր, ու կերել շիրմաթմբի վրա փռված 12 սպիտակ հացերը, որոնք հողոտ էին ու ուտելիս ատամների տակ ղրճտում էին: Հաջորդ օրը, երբ տատս այցելել է որդու շիրիմին, տեսել է՝ հացերը չկան, ուրախացել է տատս, մտածել՝ քեռուս եղբոր սովահար հոգին է կերել 12 սպիտակ հացերը: Տատս խաղաղվել է ու սրբել արցունքը:

 

Քեռիս Ախմախից 2 տարի մեծ է: Բայց նա չի սիրում, որ ասում են՝ դու Ախմախից 2 տարի մեծ ես: Էլ համեմատելու բան չկա՞, ասեք՝ պատերազմից 3 տարի առաջ ես ծնվել, ասում էր քեռիս: Նա չէր ուզում իր կյանքում ամեն ինչ կապվի Ախմախի հետ միայն այն բանի համար, որ ինքն ու Ախմախը միասին են մեծացել: Մոռացա պատմեմ՝ ինչու է Ախմախ կոչվում մարդը: Երբ հասկացա՝ ինչ ասել է ախմախ, այդ հարցը տվեցի քեռուս: Նա պատմեց, թե 1957 թվին Ախմախը հանկարծ հեռացել է գյուղից, մի ամիս հետո նրանից հեռագիր են ստացել.«Я Киев Здес буду жить»: Իրենք գրել են. «Вернись», ու ստացել են նշանավոր պատասխանը, որից բոլորն ապուշ են կտրել. «Сиктирнерд кащек болорд»: Ու տատս ասել է. «Ախմախ որ ախմախ»: Դրանից հետո նրա մասին ասում էին՝ էն Ախմախը: Հետո իսկական անունը մոռացվեց: Երբ քեռուս հարցրի՝ իսկական անունն ինչ է, ասաց՝ չգիտեմ, չեմ հիշում: Ես իհարկե չհավատացի, հարցրի մյուսներին, նույն բանն ասին: Չգիտեմ ուրիշները ոնց, բայց քեռիս, դե գիտեմ, հիշում էր, չէր ուզում ուրիշներն իմանային, թե՝ բոլորն ահա մոռացել են, ինքն ահա հիշում է: Առանց այն էլ՝ Ախմախը իր հետ է մեծացել, ուրիշների հետ չի մեծացել:

 

Ինձ համար որոշ բաներ անհասկանալի էին մնացել: Ինչու՞ է Ախմախը հեռացել: Ինչու՞ է նա այդքան կոպիտ պատասխանել մերոնց հեռագրին: Ինչու՞ քեռիս մի տեսակ ուրիշ վերաբերմունք ունի Ախմախի նկատմամբ: Կարող եք մտածել՝ թե միասին են մեծացել ու չեք սխալվի, բայց, կարծում եմ, դա քիչ է: Զգում էի, որ մի թաքուն բան է կապում նրանց: Զգում էի, որ քեռիս միայն ձևացնում է, թե՝ Ախմախն իր համար եղած-չեղած, թե ինքն էլ է արհամարհում, ատում:

 

1961 թվին` իմ ծնվելուց 4 տարի առաջ, ստվեր դարձած պապս մահացել էր: Երբ նրան տարել են թաղելու, դագաղն այնքան թեթև է եղել, որ տանողները մտածել են՝ երևի սուրբ է: Տատս պատմում է՝ հենց դագաղը փոսն են իջեցրել, մինչև հող լցնելը, դագաղից ինչ-որ սպիտակ ծուխ է ելել, մարդիկ ասել են՝ ահա երկինք բարձրացավ մարդը:

 

Թաղումից հետո հիշել են, որ Ախմախին տեղյակ չեն պահել մահվան մասին: Քեռիս գնացել հեռագիր է տվել, մի քանի օրից պատասխան են ստացել. «Я женился»: Սա արդեն բացահայտ թշնամություն էր, ու չէին հասկանում՝ ինչի համար, ախր, իրեն ի՞նչ են արել, ախր: «Փոքր ժամանակ մեռներ, այս օրը չտեսնեինք»,- ասել էր տատիս քույրը: Քեռիս էլ ասել էր. «Փոքր ժամանակ որ մի քիչ էլ աշխատեցնեինք, ես էլ կմեռնեի, ինքն էլ»: Տատիս քույրն էլ ասել էր. «Կողքից լսողն էլ կկարծի, թե մարդ ես»:

 

Ես պատահաբար իմացա, թե ինչու է Ախմախը հեռացել, կարող էի չիմանալ, եթե մի օր տատս ինձ չուղարկեր գյուղի մյուս ծայրը՝ Բենոյենց տուն, հարբած քեռուս բերելու: Բենոյի տղայի հարսանիքին քեռիս շատ էր խմել, մեր տուն մարդ էին ուղարկել, թե՝ շատ է խմել, տեղից չի կարողանում ելնել: Այդ կարևոր գործն ինձ վստահեց տատս առաջին անգամ, ասաց. «Տես, հա՜, քո տարիքում դեռ ոչ ոք հարբած քեռի տուն չի բերել»:  Ես ուրախ-ուրախ, հպարտ գնացի քեռուս բերելու: Ես քայլում էի, աշխարհն ինձ թվում էր հարբած քեռիների նման սիրելի, ու հավատալս չէր գալիս, թե ես եմ քեռուս տուն բերելու: Ճանապարհին այն Մարիամի լակոտը հարցրեց՝ ուր, ասի՝ քեռուս բերելու, Բենոյենց տանը շատ է խմել, չի կարողանում տեղից ելնել: Մարիամի լակոտը նախանձով ինձ նայեց, ասաց՝ գա՞մ օգնեմ: Ասի՝ արա, ուրեմն ես չեմ կարող, դու՞ պիտի ինձ օգնես, ասա՝ գնամ կախվեմ էլի, արա:

 

Բենոյենց բակում մեե՜ծ սեղան էր գցված, ես տեսա քեռուս: Սեղանի մոտ նստել, գլուխը հենել էր ափին ու նայում էր ինչ-որ ուղղությամբ: Ես էլ նայեցի նրա հայացքի ուղղությամբ ու տեսա մի չաղ կին: Ասի՝ քեռի, գնացինք: Ասաց՝ նստիր: Ասի՝ տատն ախր սպասում է, էէ՜: Ասաց՝ հիմի կգնանք: Քեռիս այն չաղ կնոջն էր նայում, մեկ էլ սկսեց հայհոյել ամենաթունդ բառերով ու բարձր, համարյա գոռում էր: Հարսանքավորները ասին. «Դե լա՜ավ, էլի, այ մարդ, լա՜ավ էլի, ինչի՞ ես հարամ անում կերած-խմած-ուրախացածներս, ախր»: Քեռիս գոռաց. «Այդ կեղտոտ քածին ասեք՝ ռադը քաշի գնա, այս սուրբ սեղանին թող չնստի՝ ապականի»: Հարցրին՝ ով, ասաց՝ այդ Ռիման, ցույց տվեց այն չաղ կնոջը: Ասին. «Ամոթ է, ամոթ, խմել ես՝ քամակդ կորցրել»: Քեռիս վերկացավ, թե. «Թքել եմ այն սեղանին, որի պատվավոր հյուրը այդ Ռիման է»: Նրանք կատաղեցին: Բենոյի եղբայրը քեռու վզից բռնեց, ետ քաշեց, ցած գցեց: Ես գինով լի գավաթը նետեցի Բենոյի եղբոր վրա, նա ճչաց, գինին թափվեց սպիտակ վերնաշապիկին, հոնքից արյուն դուրս ցայտեց: Ինչ-որ մարդ ապտակեց ինձ, գլուխս բժժեց: Քեռիս դանակն առավ, թե.  «Կմորթեմ բոլորիդ, հավի նման կմորթեմ, երեխին եք, հա՞, խփում»: Ինձ ու քեռուս դուրս արին, ասին. «Ձեր ցեղը կտրվի, Ախմախի ցեղը չի՞, Ախմախի հետ մեծացածն էլ Ախմախ կլինի»: Ես լաց չէի լինում: Չեմ ասում ՝ ուրախ էի, բայց լաց չէի լինում: Հարցրի. «Այդ Ռիման սիրա՞ծդ էր»: Քեռիս ասաց. «Չէ մի, այն Ախմախի սիրածն էր իբր»:

 

Հանկարծ հասկացա, որ Ախմախը այդ Ռիմայի պատճառով է հեռացել ու տվել չարաբաստիկ հեռագրերը: Նաև հասկացա, որ այդ Ռիման հիմա է չաղ ու տհաճ, այն ժամանակ գեղեցկուհի է եղել, նիհար է եղել ու ունեցել է մեծ, կապույտ աչքեր, ինչպես իտալական կինոյի գեղեցկուհին: Ախմախը սիրել է այդ Ռիմային գժի պես, իմացել է միայն քեռիս: Քեռիս ոտքը ջարդել էր, բանակից ետ ընկել ու կաղալով ման էր գալիս գյուղում ու մի քիչ էլ քեռիս էր այդ Ռիմային սիրում: Ախմախը մի օր համբուրում է այդ Ռիմային, այդ Ռիման նեղանում է, ասում է՝ էլ հետս չխոսես: Ու մի ամիս չանցած՝ Ախմախն ու քեռիս այդ Ռիմային բռնեցնում են բաքվեցի մի հայի հետ՝ ահագին տարիքով հայվան: Տեսնում են բաքվեցին կանգնել է, այդ Ռիման դեմը չոքել է….ու նրանք անում են մի բան, որ, ինչպես քեռիս ասաց, կոչվում է ֆրանսիական սեր: «Մի քածի պատճառով չոլերն ընկավ Ախմախը»:

 

1990 թվի մայիսին քեռիս Ախմախին հեռագիր տվեց, թե՝ արի, մեծ մարդ ենք դարձել, հայ-հայներս գնացել, վայ-վայներս է մնացել, արի տեսնենք` ոնց ես, ոնց չես, երեխեքիդ ու կնկադ վերցրու, արի: Ախմախը Կիևում լսել էր, որ մեր կողմերում վտանգավոր է, կնոջն ու երեխեքին չէր բերել, բայց ինքը եկել էր: Նրա գալու մասին մենք ուշ իմացանք: Քեռիս Ղարաբաղից Երևան զանգեց, ասաց՝ Ախմախի կինը հեռագիր է տվել, թե՝ Ախմախից լուր ուղարկեք, ոնց է տեղ հասել, իսկ նա չի եկել գյուղ, մի տես՝ Երևանու՞մ է:

 

Ես Ախմախին գտա դիարանում՝ ճակատից խփված: Մայիսի 27-ին ռուս զինվորները սպանել էին: Ինձ պատմեցին, որ երբ զինվորները սկսել են կրակել, մի խումբ մարդիկ թաքնվել են բլրակի ետևում: Ախմախն էլ նրանց հետ է եղել՝ չգիտես ինչու: Հարցրել են՝ ո՞վ ես, Ախմախը ռուսերեն ասել է. ''Հայ եմ, Կիևից'': Կիևեից է եղել Ախմախը: Զրահամեքենան իրենց վրա է եկել, փախել են: Շատերն են տեսել` ինչպես է փախչում Ախմախը, զրահամեքենան՝ ետևից: Ախմախը հոգնել կանգնել է, թե վախից է կանգնել, կանգնել նայել է զրահամեքենային ու հևացել, հետո հանկարծ ժպտացել է, 3 հոգի տեսել են Ախմախի ժպիտը, մեկ էլ զրահամեքենայից կրակել են ճակատին:

 

Զանգահարեցի գյուղ, ասի՝ ինչ է պատահել, ասի, որ Ախմախը ժպտացել է սպանվելուց առաջ: Քեռիս լռեց, հետո լաց եղավ. «Ախմախ՝ որ Ախմախ»: Հետո էլի լռեց: Ես սպասեցի, սպասեցի, մեկ էլ հասկացա, որ քեռիս այլևս բան չի ասի: Չէի ըմբռնում, թե Ախմախն ինչպես է այնտեղ հայտնվել: Ես էլ ասացի. «Ախմախ՝ որ Ախմախ»: Նայեցի մեր հեռավոր գյուղի կողմը, ճիշտ եմ ասում՝ ինձ թվաց Ախմախի խեղճ հոգին թափառում է մեր հեռավոր սարերում:

 

Ալեքսան Հարությունյան