կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-06 09:35
Քաղաքական

Ահա կոնկրետ քայլը

Ահա կոնկրետ քայլը

Երեկ Ազատության հրապարակում հնչած ելույթներից մի քանիսը բուռն դժգոհությունների տեղիք է տվել՝ ընդդիմությունն օրակարգային է համարում Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելն ու հաղթելը. գրում է «Հրապարակ» օրաթերթն իր խմբագրականում եւ շարունակում թե Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ձեւակերպեց խնդիրը:

 

«Այսօր իշխանության հասնելու` շարժման առաջին հանգրվանը մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններն են: Հայաստանի նման երկրում Երեւանի քաղաքային իշխանությունը ձեռք բերելը շարժման համար վստահաբար կունենա վճռական նշանակություն իշխանության միահեծան այս վիճակը փոխելու եւ իշխանություններին շատ ավելի լուրջ զիջումներ պարտադրելու ճանապարհին»,- Արմեն Ռուստամյանի խոսքերն է մեջբերում թերթի խմբագիրը եւ շարունակում է, թե դժգոհողներն ասում են՝ մենք ՀՀ նախագահ ենք ընտրել, եւ եթե Րաֆֆին մեզ շեղում է ավագանու ընտրությունների ուղղությամբ, ուրեմն դավաճանում է մեզ, ուրեմն Բաղրամյան 26-ի կամակատարն է եւ այլն:

 

Դժվար է այսպես խոսողների տրամաբանությունը հասկանալ. մի կողմից՝ նրանք կոնկրետ քայլեր են ուզում եւ արդյունքներ, մյուս կողմից՝ դեմ են կոնկրետ քայլերին ու գործողություններին, նշվում է խմբագրականում: Եթե նրանց հարցնես, թե վերջապես ինչ են պատկերացնում «կոնկրետ քայլերի» տակ, դժվար թե որեւէ կոնկրետ բան նշեն: Հանրահավաքներից հոգնել են, բանակցությունները մերժում են, Սահմանադրական դատարան դիմելը համարում են անմտություն, հացադուլը ծաղրում են, դասադուլ ու գործադուլ կազմակերպել չեն կարողանում: Ի՞նչ մնաց տակը՝ զինված հեղաշրջո՞ւմը:

 

Բայց սրանք նաեւ Մարտի 1-ի «մեղավորներին» էլ չեն կարողանում ներել ու հասկանալ` իր միտքը շարունակում է խմբագիրն ու եզրափակում` «Մինչդեռ Երեւանը Հայաստանի երկու երրորդն է, նրա հիմնական բաստիոնը: Երեւանը նվաճելը հաղթանակի ոգի ու ոգեւորություն կբերի: Կապացուցի, որ հաղթելն այդքան էլ բարդ չէ: Եվ դա հնարավոր է անել խաղաղ ճանապարհով»: