Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լիտվայի Սեյմասում Լիտվայի Հանրապետության և Արցախի Հանրապետության բարեկամության խմբի ստեղծման կապակցությամբ ՀՀ ԱԺ խմբակցությունների հայտարարությունը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական բոլոր խմբակցությունները ողջունում են Լիտվայի Սեյմասում Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն բարեկամության խմբի ստեղծումը: Նախադեպը չունեցող լիտվացի խորհրդարանականների պատմական այս քայլը մարդասիրության, բարեկամության, ժողովրդավարության և ազատության վեհ արժեքներին Լիտվայի ժողովրդի անվեհեր նվիրվածության, ինչպես նաև միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդին երկխոսության մեջ ներգրավելու նոր կարևոր հանգրվանի սկզբնավորման վկայությունն է:
25 տարի առաջ Լիտվայի և Հայաստանի ժողովուրդների բարեկամությունը, զորակցությունն ու միասնականությունը ճանապարհ հարթեցին մեր պետականությունների վերականգնման համար: Հայ ժողովրդի պատմության մեջ Լիտվան հավերժական տեղ է զբաղեցրել որպես մեր նորանկախ հանրապետությունը ճանաչած առաջին երկիր: Հատկանշական է և միևնույն ժամանակ բնական, որ այսօր էլ նույնպես, ինչպես մեր անկախության ձեռքբերման ճակատագրական օրերին, հենց Լիտվայի ներկայացուցիչները առաջինը կատարեցին նման արժանապատիվ և խիզախ քայլը:
Մենք մեր երախտագիտությունը, գնահատանքն ու զորակցությունն ենք հայտնում մեր լիտվացի գործընկերներին, վստահ լինելով, որ Լիտվան` որպես կայացած ժողովրդավարական պետություն, չի ընկրկի բարեկամության և խաղաղ գոյակցության դեմ այս օրերին ծավալված և տարակուսանք առաջացնող անբնական ճնշումներին և Ադրբեջանից եկող հիստերիկ արձագանքներին: Լիահույս ենք, որ Սեյմասի անդմաների նախաձեռնությանը կմիանան համամարդկային սկզբունքներին, մարդու հիմնարար ազատություններին, համերաշխության և խաղաղության հաստատման հավատարիմ լիտվացի այլ խորհրդարանականներ, իսկ ժողովրդավար այլ երկրների օրենսդիր մարմիններում այս նախաձեռնությունը կոստանա նոր դրսևորումներ:
Արցախը սկսում է դիտվել միջազգային ասպարեզում որպես քաղաքականության ինքնուրույն գործոն. այդ մասին են վկայում ԱՄՆ և Ավստրալիայի որոշ նահանգների կողմից Արցախի անկախության ճանաչման փաստերը, Ուրուգվայի խորհրդարանական պատվիրակության պաշտոնական այցը ԼՂՀ և այլն: Լիտվացի պատգամավորների կողմից Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծումը ևս մեկ քայլ է այդ ճանապարհին:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյան
ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյան
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյան
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյան
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյան