Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոբոյահար Աշոտ Գալստյանը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի «թալիսմանն» է, ֆիլհարմոնիկի «հին» երաժիշտներից: Գալստյանը ֆիլհարմոնիկում է արդեն 27 տարի, 1994-ին նշանակվել է ՀՊՖՆ-ի հոբոյահարների խմբի կոնցերտմայստեր, 2011-ին` նվագախմբի տեսուչ: Գալստյանը, որպես երաժիշտ, իր առաջին քայլերը սկսել է Հայաստանի Հեռուստատեսության եւ ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբում՝ որպես 2-րդ հոբոյահար: Երաժիշտը համարում է, որ յուրաքանչյուր մարդ իր գործիքի միջոցով իր բնավորությունն է ցույց տալիս, եւ երաժշտի մասին ավելի լավ հենց գործիքն էլ կարող է պատմել: Գալստյանը 2008-ին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման:
-Հոբոյը նվագախմբում ի՞նչն է լրացնում, երաժշտության ո՞ր «կողմն» է ապահովում:
-Ամեն գործիք ինչ-որ բան լրացնում է, իր առանձնահատուկ տեղն ունի նվագախմբում: Հոբոյը դասվում է մենակատարային գործիքների շարքը: Միայն այն հանգամանքը, որ նվագախմբի բոլոր գործիքները լարվում են հոբոյով, կարելի է հասկանալ նրա ունեցած մեծ դերի մասին:
-Ասում են` ֆիլհարմոնիկում Ձեր առաջին համերգին շատ բարդ ծրագիր եք կատարել` որպես նորեկ, հիշո՞ւմ եք:
-Այո… Նվագախմբում իմ հենց առաջին աշխատանքային օրը ինձ տվեցին առաջիկա համերգի նոտաները: Համերգին շատ լուրջ ծրագիր պետք է կատարվեր. նվագել եմ Չայկովսկու 4-րդ սիմֆոնիան եւ Բեթհովենի Դաշնամուրի 5-րդ կոնցերտը: Իրականում, այո, դա շատ լուրջ եւ բարդ ծրագիր է համարվում, հատկապես սկսնակի համար: Չնայած ինձ համար հեշտ էր այնքանով, որ դիրիժորին սովոր էի: Այդ ժամանակ ֆիլհարմոնիկի /այդ տարիներին դեռ սիմֆոնիկ էր կոչվում/ գեղարվեստական ղեկավարը Ռաֆայել Մանգասարյանն էր` Հեռուստատեսության եւ ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի մեր ղեկավարը, ով էլ ինձ հրավիրել էր ֆիլհարմոնիկ:
-Տարիների ընթացքում ֆիլհարմոնիկից երաժիշտների հոսք է գրանցվել, որքանո՞վ է այս փաստն ազդում նվագախմբի աշխատանքների վրա:
-Չէի ասի, որ արտահոսքի պատճառով նվագախմբի որակն ընկել է, քանի որ արտահոսքի հետ մեկտեղ նաեւ ներհոսք է եղել, ինչպես նաեւ սերնդափոխություն: Սակայն, այո, եղել են երաժիշտներ, որոնք ուղղակի գնացել են իրենց կարիերան դրսում շարունակելու, ինչն իհարկե, իր ազդեցությունն ունեցել է նվագախմբի վրա:
-Յուրաքանչյուր գործիք մարդու բնավորության մեջ ինչ-որ գիծ է հաստատում, հոբոյի մասին ի՞նչ կասեք:
-Ես, առհասարակ, հակառակը կասեի` յուրաքանչյուր մարդ իր բնավորությունն է արտահայտում իր գործիքի միջոցով:
-Ժամանակին Դուք նաեւ Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում եք դասավանդել. արդյոք յուրաքանչյուր երաժիշտ կարո՞ղ է իր փորձը փոխանակել գալիս սերնդին:
-Կարծում եմ` այո: Եթե դու իսկապես լավ երաժիշտ ես, քո իմացածն անպայմանորեն կարող ես փոխանցել մյուսներին: Մատուցման ձեւի հարցում էլ տարիների ընթացքում կարելի է հմտանալ:
-Երիտասարդ հոբոյահարների մասին ի՞նչ կասեք, տեսնո՞ւմ եք Ձեզ փոխարինողներ:
-Հոբոյահարների առումով շատ վատ է վիճակը: Ես, համենայն դեպս, չեմ կարող անուններ առանձնացնել: Մեր նվագախմբում այժմ մեկ հոբոյահար պակաս է: Մի քանի երիտասարդներ կան, որոնք գնացել են սովորելու, սակայն չգիտենք` հետ կգան, թե ոչ:
-Ֆիլհարմոնիկի գործիքներն, Աստված գիտի, թե վերջին անգամ երբ են հիմնովին թարմացվել: Մի՞թե գործիքների նոր լինելն այնքան էլ կարեւոր չէ լավ երաժշտություն արտաբերելու համար:
-Որ ասեմ շատ կարեւոր է` շատ քիչ կասեմ: Գործիքի նոր ու սարքին լինելուց շատ բան է կախված: Իրականում գործիքներն ավելի կարեւոր են, քան մեր նախարարությունը կամ ղեկավարությունն է պատկերացնում: Ֆիլհարմոնիկում այժմ գործիքների վիճակն ավելի լուրջ է, քան` կադրերի: 2001-ին Թոփչյանն ինձ համար մի հոբոյ է գնել, եւ մինչեւ այսօր ես այդ գործիքով եմ նվագում, բայց ամենաուշը 6-7 տարի հետո պետք է մտածել գործիքը փոխելու մասին: Ի դեպ, տարեցտարի գործիքներն ավելի լավ որակի են դառնում եւ ավելի թանկանում: Հուսանք` այս տարի ֆիլհարմոնիկի գործիքներն, իրոք, կթարմացվեն:
-Որպես ֆիլհարմոնիկի տեսուչ` ինչ կասեք` դժվար չէ՞ համախմբել նվագախումբը:
-Տեսուչի գործառույթների մեջ է մտնում նվագախմբում կարգ ու կանոնի պահպանումը: Դժվար աշխատանք է, բայց հաճելի: Դժվար է այնքանով, որ մենք` երաժիշտներս, այնքան էլ չենք սիրում կարգ ու կանոնին հետեւել:
-Հնարավո՞ր է, լինելով ընտանիքի հայր, միայն երաժշտության միջոցով «տուն պահել»:
-«Տուն պահելը» լայն հասկացություն է. եթե ոմանք սրա տակ հասկանում են ինչ-ինչ շքեղություններ իրենց թույլ տալ, ապա` այո: Դժվար է միայն երաժիշտ լինելով ընտանիք պահել, բայց տանելի է:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ