կարևոր
2686 դիտում, 9 ամիս առաջ - 2024-01-31 16:13
Քաղաքական

Թող ՀՀ-ում բացեն քարտեզը, տեսնեն` ում կողմից են շրջապատված. ՌԴ-ն՝ ՆԱՏՕ-ի խոստումների մասին

Թող ՀՀ-ում բացեն քարտեզը, տեսնեն` ում կողմից են շրջապատված. ՌԴ-ն՝ ՆԱՏՕ-ի խոստումների մասին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է Հայաստանի հարցով Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի հայտարարությունները:

Եթե ինչ-որ մեկն ուզում է ՆԱՏՕ-ի հետ մտերմություն անել, ապա պետք է հասկանա՝ արդյոք դա անվտանգ է։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հայտարարությունը։

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան «Արմենպրեսի» հետ զրույցում ասել էր, որ դաշինքում շատ ոգևորված են արտաքին և պաշտպանական քաղաքականության մեջ Հայաստանի՝ դեպի դաշինք տեղաշարժով:

«Եթե ինչ-որ մեկն ուզում է մտերմություն անել, ապա պետք է հասկանա՝ արդյոք դա անվտանգ է, և ինչի կարող է հանգեցնել», - ասել է Զախարովան:

Նրա խոսքով ՝ շատ պետություններ ներքաշվել են հակամարտությունների մեջ, կորցրել են իրենց անկախությունը, ստիպված են եղել ենթարկվել ուրիշի կամքին և ի վիճակի չեն պաշտպանել իրենց ազգային շահերը:

Ռուս դիվանագետը նշել է, որ Հայաստանը պետք է վերլուծի այդ բոլոր տվյալները, բացի քարտեզը, տեսնի, թե որ տարածաշրջանում է գտնվում և ում կողմից է շրջապատված:

«Պետք է այս ամենը վերլուծել և հասկանալ, թե որոնք են բուն Հայաստանի ազգային շահերը, ինչն է նրան ձեռնտու, ինչը կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ օգուտ կբերի, և պետք է ելնել դրանից, ոչ թե խոստումներից», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նշենք, որ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հայտարարել էր նաև, որ դաշինքում ցանկանում են ավելի մերձենալ Հայաստանի հետ` հայտարարելով, որ վերջին տարիներին երկիրը որոշել է քաղաքական և գործնականորեն ակտիվացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: