կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-23 00:25
Առանց Կատեգորիա

Դուք կատարել եք խղճի ձայնը լինելու` ձեր առաքելությունը

Դուք կատարել եք խղճի ձայնը լինելու` ձեր առաքելությունը

Թուրք մտավորական Ռագըփ Զարաքոլուն նամակ է հղել Լեւոն Ջավախյանին եւ Աքրամ Այլիսլիին, որում ասվում է.

 

«Թանկագին Էքրեմ Էյլիսլի եւ Լեվոն Ջավախյան

 

Մինչ այս տողերը շարադրելը Միջազգային ՊԵՆ կենտրոնին մի կոչ էի հղել ՏԵ’Ր ԿԱՆԳՆԵՆՔ ԽԻՂՃԸ ՉԿՈՐՑՐԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ վերնագրով, որն սկսվում էր «Խիղճը մարդկային կարեվորագույն արժանիքներից է: Խիղճ ունեցողներ, ուղղամիտներ, ճշմարտախոսներ...Ինչ անուն ուզում եք տվեք, ի վերջո նրանք են դառնում ցանկացած ժողովրդի եւ երկրի իրական պարծանքը: Իսկ կացին բռնողները՝ երբեք» խոսքերով:

 

Այն փաստը, որ դուք՝ առանց միմյանցից տեղյակ լինելու եւ համարյա նույն ժամանակահատվածում ձեր մայրենի լեզուներով գրի եք արել «Քիրվա» եւ «Քարե երազանքներ» պատմվածքները ու ձեր ՄԱՐԴԱՎԱՅԵԼ կեցվածքով հարստացրել համաշխարհային գրականության պատմության էջերը, լավագույնս վկայում է ձեր մոտ խղճի առկայության մասին: Ես երջանիկ եմ, որ ինձ բախտ է վիճակվել որպես ողջույնի խոսք ձեզ ուղղել իմ սրտի խորքերից բխող ամենաջերմ զգացմունքները:

 

Հասարակության կողմից «օտարվողների» հանդեպ համակրանք տածելն ու նրանց պաշտպան կանգնելը եւ շրջապատում տիրող համատարած լռության պայմաններում իր մեջ «ոչ» ասելու քաջություն գտնելը մարդուն Մարդ դարձնող ամենամեծ արժանիքն է: «Արդիականացվածության» եւ «քաղաքակրթվածության» իրական չափանիշը խիղճն է, եւ այն իր արտահայտությունն է գտնում ահա այսպիսի կեցվածքի եւ վարքի շնորհիվ:

 

Անկախ նրանից, թե հասարակության «մեծամասնությունը» կազմում են հայերը, թե ադրբեջանցիները, նրանց վերաբերմունքն «ազգային փոքրամասնությունների» հանդեպ այդ համայնքների միմյանց նկատմամբ տածած զգացմունքների դրսեւորման ձեւերից է:

 

Հայաստան կատարած իմ այցերից մեկի ժամանակ ականջալուռ եղա իմ կյանքում լսած լավագույն ասացվածքներից մեկին: Տարեց մի հայ մտավորական, որը մազապուրծ էր փրկվել 1990 թ.-ի հունվարին Բաքվում տեղի ունեցած ջարդերից եւ ապաստան գտել Երեւանում, արտասանեց մի ասացվածք, որը մինչ օրս չեմ մոռանում. «ԱՄԵՆ ԻՆՉԻ ՆՈՐՆ Է ԳՆԱՀԱՏՎՈՒՄ, ԻՍԿ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ՝ ՀԻՆԸ»: Իմ ուշադրությունը գրավել էր հատկապես այն փաստը, որ նա ադրբեջանական ասացվածք էր օգտագործել: Ինձ հիացրել էր փախստական դարձած այս մարդու համառությունը, ով վստահ էր, որ «երկարատեւ այս ողբերգության պատճառած վերքերը դարմանելու լավագույն միջոցը կլիներ այս ասացվածքի կենսագործումը»:

 

Անչափ կարեւոր է, որ դուք՝ դարեր շարունակ նույն աշխարհագրական տարածքում կողք կողքի ապրող երկու հարեւան ժողովուրդների մտավորականներդ, կատարել եք ԽՂՃԻ ՁԱՅՆԸ ԼԻՆԵԼՈՒ ձեր առաքելությունը եւ, հավատարիմ մնալով «ԲԱՆԱՎՈՐ ԽՈՍՔԸ ԹՌՉՈՒՄ ԳՆՈՒՄ Է, ՄՆԱՅՈՒՆ Է ԼՈԿ ԳՐԱՎՈՐ ԽՈՍՔԸ» սկզբունքին, կրակել էք ինձ համար ընդունելի միակ զենքով՝ ձեր գրիչներով: Իմացեք, որ ձեր վառած ջահը ՄԱՐԴԿԱՅԻՆ ՍԻՐՈՎ է ջերմացնում տարբեր ազգերը ներկայացնող եւ ձեզ միայն ձեր ստեղծագործություններից ճանաչող մարդկանց սրտերը:

 

Որպես մի հրատարակիչ, ով իր կյանքի զգալի մասը նվիրել է պատմական ճշմարտությունը հասարակությունից վարպետորեն քողարկելու նպատակ հետապնդող եւ մեր կամքից անկախ ձեւավորված «տաբուները» կոտրելու եւ մարդկանց հուզող հարցերի պատասխանները գտնելու գործին, եւ ով շատ թանկ է վճարել՝ կորցնելով այս ճանապարհին իր կյանքի ուղեկցուհուն եւ մարտական ընկերներին, որոշեցի ՄԵԿ ԳՐՔՈՎ (այլ ոչ թե առանձին առանձին) հրատարակել ձեր ստեղծագործությունների թուրքերեն տարբերակը եւ ակնկալում եմ ձեր հավանությունը:

 

Թանկագին գրող Էքրեմ Էյլիսլին ներկայումս ծայրահեղ ազգայնականների հարձակումների թիրախ է դարձել, տունը գտնվում է շրջապատման մեջ, սակայն՝ անտեսելով իրեն շրջապատող «դժոխային կրակը», իսկական մտավորականին հարիր կեցվածքով շարունակում է պնդել, որ ինքը խաղաղության խոսնակն է: Ես պատրաստ եմ գործադրել ինձանից կախված բոլոր ջանքերը նրա խոսքը ընթերցողների ամենալայն զանգվածներին հասցնելու համար:

 

Նախաձեռնելով այդ քաջ մարդու ՔԱՐԵ ԵՐԱԶԱՆՔՆԵՐ եվ նրա հայ գործընկերոջ Լեվոն Ջավախյանի ԱՐԾԱԹԱԳԻՐ պատմվածքների համատեղ հրատարակությունը, ես ցանկանում եմ արձագանքել նրանց խաղաղութան եւ եղբայրության կոչին եւ ԻՄ ԼՈՒՄԱՆ ՆԵՐԴՆԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՆ, ինչին ձգտում են երկու հասարակությունների բոլոր ողջախոհ ուժերը:

 

Ընդունեք իմ ամենաջերմ ու անկեղծ զգացմունքները 1955 թվականի սեպտեմբերի 6-7՛ի ողբերգության թատերաբեմ դարձած Ստամբուլ քաղաքից: Ինձ հիացմունք են պատճառում հանուն արդարության բաբախող ձեր սրտերը եվ ձեր հավատն առ այն, որ ժողովուրդների խաղաղ գոյակցությունը մի օր կրկին հնարավոր է դառնալու:

 

Ես հավատում եմ, որ մի օր դուք իրար հանդիպելու եք Բաքվում եւ Երեւանում: Ես անչափ երջանիկ կլինեմ ձեզ հյուրընկալել Ստամբուլում եւ հրավիրում եմ ձեզ ձեր համատեղ գրքի հրատարակումից հետո կազմակերպվելիք շնորհանդեսին: Ընդունեք իմ հարգանաց հավաստիքը:

 

ՌԱԳԸՓ ԶԱՐԱՔՈԼՈՒ

 

Միջազգային ԲԵԼԳԵ հրատարակչության հիմնադիր