Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երկրի նախագահն արտաքին աշխարհի համար, առաջին հերթին, տվյալ պետության դեմքն է, խորհրդանիշը: Ու հենց նախագահի թեկնածուների ծրագրերի արտաքին քաղաքական բաղադրիչներն են կանխորոշում, թե միջազգային հարաբերություններում ինչպիսի դեր, կեցվածք ու տեղ կզբաղեցնի տվյալ երկիրը տվյալ թեկնածուի նախագահ դառնալու դեպքում:
Այսպիսով` նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն իր ծրագրում ընդգծում է, որ հանրապետության նախագահը պարտավոր է ապահովել քաղաքական ուժերի համագործակցությունն այնպիսի անհրաժեշտ պետական որոշումներ կայացնելիս, որոնք հնարավորություն կտան ստեղծելու համազգային իրավական դաշտ և հավասար հնարավորություն համայն հայության բոլոր մասերի օրինական շահերը պաշտպանելու համար:
Արման Մելիքյանը, ով, ի դեպ, եղել է ԼՂՀ արտգործնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպանի կոչում էլ ունի, իր ծրագրում նշում է, որ ՀՀ միջազգային կշիռը ռազմաքաղաքական բաղադրյալի տեսանկյունից շատ մեծ է, հատկապես` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի աշխարհաքաղաքական շատ բարձր արժեքի պատճառով: Նա ծրագրում ասում է, որ աշխարհի բազում պետություններ առհասարակ զուրկ են միջազգային կշիռ ունենալու որեւէ պոտենցիալից, ուստի մեր խնդիրն է օգտվել ՀՀ միջազգային կշռի ռազմաքաղաքական պոտենցիալից, խթանել նաեւ ՀՀ տնտեսական ու քաղաքական բաղադրիչների դրական արագ աճը: Եվ որպեսզի կարողանանք դա իրագործել, ըստ Արման Մելիքյանի, պետք է հստակ պատկերացնենք ԼՂ հիմնախնդրի աշխարհաքաղաքական նշանակությունը միջազգային խոշոր եւ ազդեցիկ դերակատարների` Եվրամիության, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի շահերի տեսանկյունից:
Հրանտ Բագրատյանի ծրագրային դրույթներում սկզբունքային նորությունը հանրաքվեով որոշումներ ընդունելու ամրագրումն է: Ըստ այդմ` ՀՀ ներքին եւ արտաքին հարաբերությունների ասպարեզներում ընդունված պետական յուրաքանչյուր օրենք, որոշում, պաշտոնական փաստաթուղթ, ինչի կիրարկման արդյունքում առկա է երկրի ինքնիշխանության սահմանափակման կամ նրա պետական եւ ազգային շահերի անտեսման որեւէ դրույթ կամ տարր, կարող է ուժի մեջ մտնել միայն հանրաքվեից հետո:
Արտաքին հարաբերություններում, ըստ Բագրատյանի, ՀՀ-ի պետական եւ ազգային ռազմավարական շահերը ներկայումս թելադրում են հավասարակշիռ եւ կառուցողական հարաբերությունների հաստատում Հարավային Կովկասում ուրույն շահեր հետապնդող բոլոր գերտերությունների եւ նրանց կողմից ստեղծված ռազմաքաղաքական եւ տնտեսական կառույցների հետ: Նախագահի թեկնածուն նշում է նաեւ, որ Հայաստանը առավելագույնս պետք է խորացնի ինչպես ԵՄ ազատ առեւտրի ռեժիմի, այնպես էլ` ԱՊՀ-ի հետ տնտեսական հարաբերությունների ինտեգրման խորացման գործընթացները, բայց նաեւ որեւէ կողմի չպետք է թույլ տա հարաբերությունների այնպիսի մակարդակ, ինչը կբացառի հարաբերությունների զարգացումը մեկ այլ կողմի հետ:
Տարածաշրջանի երկրների հետ փոխհարաբերությունների մասով թեկնածուն առաջարկում է ավելի լայն ու բազմաբովանդակ հարաբերություններ հաստատել Իրանի հետ եւ դրանց տալ ռազմավարական բնույթ: ՀՀ-ն, Հրանտ Բագրատյանի ծրագրով, կողջունի եւ կաջակցենք վրաց-աբխազական երկաթուղին վեաբացելու` Վրաստանի իշխանությունների ջանքերի իրականացմանը:
Ըստ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի, ով եղել է ՀՀ արտգործնախարար, արտաքին քաղաքականության ոլորտում հետապնդում է հակամարտությունների խաղաղ կարգավորման նպատակ` բարիդրացիության հիման վրա, մրցունակ, ժամանակակից ազգերի ընտանիքում արժանապատիվ դերի ստանձնման նպատակ, միջազգային կառույցներին սերտաճած եւ բարձր հեղինակություն ունեցող պետության կայացում:
Որպես դրանց հասնելու միջոց` Հովհաննիսյանը կարեւորում է եվրոպական կառույցների հետ փոխշահավետ գործակցության, փոխըմբռնման ու փոխօգնության բարձր աստիճանի ձեռքբերումն ու երկկողմ հարաբերությունների հաստատումը, որպես արտաքին եւ ներքին քաղաքականության հիմնական ու հեռանկարային ուղղություն` ԱՊՀ երկրների, ԱՄՆ-ի, Չինաստանի, Արեւելքի հարեւան պետությունների, ինչպես նաեւ մյուս խոշոր երկրների հետ գործընկերային փոխշահավետ համագործակցության խորացում, ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարում եւ, դրան զուգահեռ, ելնելով իր անվտանգության հրամայականից, հայկական բանակի արդիականացում` ՆԱՏՕ-ի չափանիշներով:
Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկում է նաեւ, պահպանելով հանդերձ Ռուսաստանի հետ համագործակցությունը, դրա վերակառուցում փոխադարձ շահերի հարգման հիման վրա եւ այս առումով անընդունելի է համարում «Գույք` պարտքի դիմաց» կամ նման սկզբունքով Հայաստանի տնտեսության ռազմավարական ոլորտների վաճառքը Ռուսաստանին կամ ցանկացած այլ երկրի: Վրաստանի հետ թեկնածուն նախատեսում է երկկողմ, բազմաշերտ համագործակցություն` ազգային անվտանգության գործոն հանդիսացող Ջավախքում առկա ազգային-քաղաքացիական խնդիրների լուծման ճանապարհով:
Գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն էլ խոստանում է, որ իր մշտական ուշադրության կենտրոնում են լինելու անվտանգության արտաքին բաղադրիչների ամրապնդումը, Արցախյան հիմնախնդրի արդար եւ խաղաղ կարգավորումը` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա, Հայաստանի միջազգային քաղաքական եւ տնտեսական ներգրավվածության ընդլայնումը, համազգային նշանակություն ունեցող խնդիրներին հետամուտ լինելը եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դրա հետեւանքների վերացման գործընթացին նոր թափ հաղորդելը:
Նախագահի ուշադրության կենտրոնում են լինելու նաեւ հայկական մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված քայլերը, Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի դաշնակցային, ռազմավարական գործընկերության զորացումը, ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության զարգացումը եւ ընդլայնումը, ԵՄ-ի հետ մերձեցման քաղաքականության շարունակումը, եվրոպական պետությունների հետ հարաբերությունների առավել ամրապնդումը:
Ինչ վերաբերում է տրածաշրջանային հարաբերություններին, ապա անմիջական հարեւանների` Վրաստանի եւ Իրանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման քաղաքական ուղեգծերը կշարունակվեն:
Կընդլայնվի նաեւ համագործակցությունը Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի եւ այլ բարեկամ պետությունների հետ: Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում են մնալու արտաքին աշխարհին կապող տրանսպորտային ուղիների բազմազանեցման, էներգակիրների տեղափոխման միջոցների անխափան գործարկման եւ այլ հարցեր:
Պատրաստեց` Գեւորգ ԱՎՉՅԱՆԸ